Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում

Օգոստոս 08,2014 14:18

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և «Լույս» հիմնադրամն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ ազդարարելով «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» համատեղ ծրագրի մեկնարկը:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները: Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում սովորել ցանկացող երիտասարդները 2014 թ. օգոստոսից կարող են դիմել Չիվնինգի կրթաթոշակի ծրագրին. «Համալսարանից ընդունելության հրավեր ստանալուց հետո թեկնածուները կարող են դիմել «Լույս» հիմնադրամին, և Հայաստանում բրիտանական դեսպանատունն ու «Լույս» հիմնադրամը կվճարեն ուսման վարձը, կեցության ամենամսյա ծախսերը, նպաստային փաթեթը, ճանապարհածախսը»,- մանրամասնեց Ժ. Կարաասլանյանը և հավելեց, որ ուսման ավարտից հետո շահառուները պարտավորվում են ձեռք բերած հմտությունները ներդնելու Հայաստանի զարգացման գործում. «Համագործակցությունը և ուղեղների շրջանառության ապահովումն այսօր կենսական անհրաժեշտություն են: Ներկայիս գիտելիքահենք տնտեսությունը պահանջում է սովորելու, գործելու և հատկապես համատեղ ստեղծելու հմտություններ»,- ասում է տիկին Կարաասլանյանը:

«Մեր նպատակն է աջակցել հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, ինչպես նաև խրախուսելու նրանց վերադարձը հայրենիք՝ նպաստելու Հայաստանի զարգացմանը»,- ընդգծելով Հայաստանում բրիտանական դեսպանության և «Լույս» հիմնադրամի միջև համագործակցության կարևորությունը՝ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:

Նա ուրախությամբ նշեց նաև, որ այս տարի նշվում է Չիվնինգի կրթաթոշակի 30-ամյակը, և այդ երեք տասնամյակների ընթացքում իրենց հաջողվել է աջակցել շուրջ 43. 000 ուսանողների՝ կազմակերպելով նրանց կրթությունը Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարաններում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031