Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը սպառնում է ԲՀԿ-ին, որ լուսանցքում կհայտնվի, ԲՀԿ-ն սպառնում է փողոց դուրս գալով

Սեպտեմբեր 09,2014 18:14

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց սահմանադրական բարեփոխումների շուրջ անհամաձայնությունների մասին: Նա ասաց, որ մեր երկրում վաղուց արդեն հասունացել է համակարգային բարեփոխումներ անելու անհրաժեշտությունը. «Առանց սահմանադրական բարեփոխումների՝ դա ուղակի անհնար է: Վերջին տարիներին մեր երկրի բոլոր քաղաքական ուժերն արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին: Ավելին, խորհրդարանական ընտրությունից առաջ ոչ իշխանական ուժերից շատերը խոսում էին սահմանադրական բարեփոխումներ բերելու հետ կապված, այսօր արդեն նրանք ասում են՝ ժամանակը չէ: Բարեկամներս, բա ե՞րբ է ժամանակը: Ավելին, պետք է նշեմ, որ այդ քաղաքական ուժերից մի քանիսը հրաժարվում են այսօր նույնիսկ մասնակցել քննարկումներին»:

Շարմազանովը զգուշացրեց. «Պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտի գնացող ուժերը, քննարկումներից խուսափող ուժերնն իրենք են մեծապես տուժում: Նման դիրքորոշումը որդեգրելու ընթացքում շատ հնարավոր է, որ այդ ուժերից մի քանիսը հայտնվեն քաղաքական լուսանցքում»:

Էդուարդ Շարմազանովին պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը. «Եղան հայտարարություններ, որ մարդիկ չեն կարդացել, բայց դեմ են արտահայտվում: Մենք՝ չկարդացածներս, առանց կարդալու էլ դեմ չենք որոշակի փոփոխությունների: Բայց սահմանադրական փոփոխություններն ունեն ժամանակներ, որոշակի պահեր»:

Վահան Բաբայանը վստահեցրեց, որ այսօր հասարակությանը չի հետաքրքրում այդ հարցը, թե Սահմանադրության, որ հոդվածն ինչպես են փոխելու. «Հուզում է աշխատատեղերի հարցը: Յուրաքանչյուր քաղաքացու ավելի շատ այսօր հետաքրքրում է կարմիր գծերի հարցը, արագաչափերի հարցը, քան Սահմանադրության փոփոխությունը: Ես ուզում եմ սթափվեք: Հասարակությունն ինքն իր կարծիքն անպայման կասի եւ փողոցում, եւ դրսում, եւ խորհրդարանում»:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ Վահան Բաբայանը խոսում է հասարակությանը փողոց դուրս բերելու մասին: Նրա վերջին նման հայտարարությունը՝ փողոցում բարիկադներ կառուցելու բուռն քննարկումների տեղիք էր տվել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930