Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Դովեղում մանկական խաղահրապարակ բացվեց

Սեպտեմբեր 24,2014 15:13

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ: Այն «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության նվերն է: Կազմակերպության ներկայացուցիչները Դովեղ նաեւ այլ նվերներ էին բերել՝ 3 հեծանիվ եւ բազմաթիվ գնդակներ:

Սահմանամերձ գյուղի մանուկները մեծ ուրախությամբ էին օգտվում խաղահրապարակի սահարանից, ճոճանակներից, կարուսելից եւ այլն:

Նախադպրոցական կրթության դովեղցի նվիրյալ Էմիլիա Դուրինյանի շնորհիվ սահմանամերձ գյուղում 7 տարի գործում է մանկապարտեզ: Այն տեղավորած էր համայնքային կենտրոնում, որը վթարային վիճակում է, չկա խաղասենյակ, մանուկների քնելու սենյակ: Որոշվել է մանկապարտեզը տեղափոխել ադրբեջանական գնդակոծությունից համեմատաբար ապահով, Դովեղի նախկին մանկապարտեզի շենք, որին կից բացվեց մանկական խաղահրապարակը: Այդտեղ դովեղցի Բենիկ Սարուխանյանը վարձակալությամբ տարածք է զբաղեցնում: Մանկապարտեզի նորաբաց խաղահրապարակի կողքին գտնվում է Բենիկ Սարուխանյանին պատկանող հավանոցը եւ զուգարանը:

Դովեղի դպրոցի շենքում բացվել է նախակրթարան: Դպրոցի շենքը գյուղի որոշ թաղամասերից հեռու է մոտ 4 կմ, ձմռանը երեխաների համար դժվար է լինելու այդ հեռավորությունը հաղթահարել, բարձունքի վրա գտնվող դպրոց հասնել: Նախադպրոցական տարիքի երեխաների թիվը Դովեղում մեծ չէ՝16, ուստի նախադպրոցական 2 հիմնարկները սաների թվակազմի խնդիր են ունենալու:

Dovex-2
Մանկական խաղահրապարակի բացման ժամանակ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը շնորհակալություն հայտնեց «Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպությանը, նաեւ ծագումով Դովեղից, Ռուսաստանում բնակվող, նաեւ գյուղից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած անձանց, ովքեր այդ գործին աջակցել են: Գյուղապետն ասաց, որ Բենիկ Սարուխանյանի ընտանիքը նախկին մանկապարտեզի շենքում բնակվում է համայնքի ավագանու որոշմամբ, գյուղապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրով:

Գյուղապետը վստահեցրեց, որ մանկապարտեզին այդտեղ տարածք հատկացնելու հարցը օպտիմալ ձեւով կլուծվի, մանկական խաղահրապարակի տարածքում ծառատունկ կարվի, խաղահրապարակը կցանկապատվի:

«Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Անահիտ Քալանթարյանը այցելեց նախկին մանկապարտեզի շենքի 3 սենյակներ, ծանոթացավ պայմաններին: Նրա խոսքերով՝ իրենք հույս ունեն, որ իրենց կազմակերպության եւ Դովեղի համայնքապետարանի համագործակցությամբ այդտեղ վերանորոգում կարվի, մանուկների համար նորմալ պայմաններ կստեղծվեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930