Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկին տանում են Ջերմուկի ջրվեժ ու խայտառակ լինում (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2014 15:30

Ջրվեժի ջրերի վրա կառուցված «Մուշեղ ՀԷԿ»-ն իր բիզնեսի համար
ջրի մեծ մասը կլանում է՝ ջրվեժը թողնելով առանց ջրի

Արդեն քանի ամիս է՝ առողջարանային քաղաք համարվող Ջերմուկում փողոցները քանդված են: Մրցույթը շահած «ՇՄՇ N 23» շինարարական ընկերությունը, որը Ջերմուկով մեկ կոյուղագծերն է փոխում եւ ձախափնյա հատվածի խմելու ջրի ջրագիծը նորացնում, աշխատանքներից հետո փողոցներն այդպես էլ քանդված թողել է: Տուրիզմի թեժ սեզոնին Ջերմուկի փողոցները կիլոմետրերով քանդված էին, որը ոչ միայն քաղաքի տեսքն էր փչացնում, այլեւ անցորդներին ու վարորդներին անհարմարություններ ու տհաճություն պատճառում:

Պայմանագրով նախատեսված է, որ շինընկերությունը աշխատանքները վերջացնելուց հետո միայն պետք է ասֆալտապատում անի, ինչը այս տարի դժվար թե տեղի ունենա, քանի որ դեռեւս մի շարք փողոցներում էլ շինարարական աշխատանքները շարունակվում են, եւ մինչեւ անձրեւները սկսվելը՝ շինընկերությունը չի հասցնի փողոցները բերել նախկին տեսքին: Մինչդեռ ջերմուկցիները գտնում են, որ գոնե այն հատվածները, որտեղ արդեն վաղուց աշխատանքներն ավարտված են, պետք է ասֆալտապատվեին, քանի որ քանդված հատվածներն անցնում են առողջարանների հենց առջեւով, որտեղ հայաստանցի տուրիստներից բացի՝ հանգստանում են նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկներ:
Եթե հայաստանցիներս ժամանակին տեսել եւ հիացել ենք Ջերմուկի հայտնի ջրվեժով, ապա այսօր արտերկրից ժամանած տուրիստներին, կարելի է ասել, ցույց տալու բան չունենք. այս ջրվեժը նրանց է ներկայանում առանց ջրի: Ջրվեժի ջրերի վրա կառուցված «Մուշեղ ՀԷԿ»-ը ջրի մեծ մասը վերցնում է սեփական բիզնեսի համար: Արփա գետի վրա միաժամանակ գործում է մի քանի ՀԷԿ: ՀԷԿ-երից մեկի որպես սեփականատեր նշվում է Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի անունը: Զբոսաշրջիկներին Ջերմուկի տեսարժան վայրերը տեսնելու ուղեկցող էքսկուրսավարը մեզ հետ զրույցում ասաց. «Տուրիստների համար գովում, գովերգում ենք Ջերմուկի ջրվեժը, ու երբ տանում ենք տեսնելու՝ խայտառակ ենք լինում»:

Ջերմուկում բնակիչների հիմնական աշխատատեղերն ապահովում են հյուրանոցներն ու առողջարանները, չնայած որ վերջին տարիներին երկրով մեկ ավելացած արտագաղթը այս քաղաքն էլ չի շրջանցել: Ջերմուկցիների խոսքերով՝ քաղաքից հեռանում են նույնիսկ աշխատանք ունեցող մարդիկ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Ջերմուկում 3 հազարից էլ քիչ մարդ է մնացել:

«Առավոտի» հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետարանից ասացին, որ տուրիզմից ոչ մի դրամ չի մտնում քաղաքային բյուջե: Անցյալ տարի Ջերմուկ քաղաքին բյուջեից 215 միլիոն 930 հազար դրամ է հատկացվել, այս տարի՝ 219 միլիոն 219 հազար:
Զբոսաշրջային համարվող այս քաղաքում, ինչպես մեր մարզերի մյուս հեռավոր քաղաքներում, ոչ նորմալ մարզադպրոց կա, ոչ էլ մշակութային օջախներ: Քաղաքի կինոթատրոնի շենքը, որը մի հսկայական շինություն է հենց զբոսայգու մեջ, դռները կողպված, պարապուրդի է մատնված:

Եթե կինոթատրոնի շենքի շահագործումը մեծ գումարների հետ է կապված, ապա քաղաքապետարանից առանձնապես գումար չի պահանջի Ջերմուկի հանգստյան գոտիներում գտնվող կենտրոնական զբոսայգին փոքր-ինչ խնամելը: Այգու ծառուղիներում մինչ օրս պահպանված են խորհրդային տարիներից մնացած, ժանգոտած ցուցանակները, զրուցարաններն ու առանց գլխի մնացած էլեկտրասյուները: Այգու ծառուղիներով հիմնականում անցուդարձ են անում զբոսաշրջիկները, քանի որ նրա երկայնքով մեկ են տեղակայված հանգստյան տները: Ջերմուկի հենց կենտրոնում կարելի է հանդիպել նաեւ լքված, ապակիները կոտրատված կրպակների, որոնք նույնպես փչացնում են քաղաքի գեղագիտական տեսքը:

Jermuk-5

Ժամանակին ջրվեժի ջուրն այսպես առատ էր:

Jermuk-9 Jermuk-8 Jermuk-7 Jermuk-6 Jermuk-4 Jermuk-3 Jermuk-1 Jermuk-10

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930