«Լինել կամուրջ իրար համար»,- համագործակցության այս բանաձեւը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` 6-8-ը Վրաստան կատարած այցի ժամանակ: Պատվիրակության կազմում եղել են եւ ՀՀԿ-ական, եւ ընդդիմադիր պատգամավորներ, հանդիպումներ են եղել Վրաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփելով ԱԺ նախագահի ղեկավարած պաշտոնական պատվիրակության այցը Վրաստան, խորհրդարանի հայ-վրացական բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ Գալուստ Սահակյանի առաջարկին հաջորդել է Վրաստանի նախագահի արձագանքն առ այն, որ մենք պետք է միասին լինենք, անգամ եթե տարբեր ինտեգրացիոն գործընթացների ենք մասնակցում:
Հիշեցնենք, որ Վրաստանն արդեն նախաստորագրել է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության քաղաքական որոշման մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ բավական երկար ժամանակ է, ինչ նման բարձրաստիճան այց չէր եղել. «Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքներում «ռեսթարթ» ենք կատարում: Երկու խորհրդարանները չպետք է տուրք տան եւ գերի դառնան առկա հակամարտություններին, այլ համագործակցության եւ զարգացման ճանապարհը պետք է ընտրեն»: Նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վրացի գործընկերոջը եկող տարի հրավիրել է Հայաստան`մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Խոսվել է նաեւ տնտեսական կապերի, մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին:
Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայաստանը չեզոք դիրք է գրավել ռուս-վրացական կոնֆլիկտում, նույնը ակնկալում է նաեւ Վրաստանից`ղարաբաղյան հարցում: Վրաստանի նախագահի, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ խոսվել է նաեւ տարածաշրջանի սպառազինությանը վերաբերվող հարցերի մասին: Այդ առիթով մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում:
Ամենայն վրաց կաթողիկոս Իլյայի հետ բարձրաձայնվել է հայկական եկեղեցիների պահպանման եւ վերանորոգման հարցերը: Վրաստանի հոգեւոր առաջնորդը տեղեկացրել է, որ Սուրբ Նշան, Սբ. Գեւորգ, Մուղնեցոց եկեղեցիների վերանորոգման աշխատանքներն ընթանում են լայն թափով: Խոսվել է Միջին Արեւելքում խորացող կոնֆլիկտների եւ դրանց դիմակայման համատեղ ջանքերի մասին:
Կարդացեք նաև
Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ գալիք տարվա ամռանը ՀՀ խորհրդարանում կունենանք հայ-վրացական բարեկամական խմբի առաջին հանդիպումը:
Պատվիրակության ՀՅԴ-ական անդամ Արծվիկ Մինասյանն իր խոսքում նկատեց, որ Վրաստանի բոլոր մակարդակների ղեկավարներն արժեւորեցին այն, որ Հայաստանը եւ Վրաստանը տարածաշրջանային քաղաքականության մեջ մեկ միավոր պետք է դիտարկվի: Ասաց, որ որեւէ հանդիպման ընթացքում չի անտեսվել ջավախահայերի, ընդհանրապես վրացահայերի խնդիրները ու կարեւորեց գիտակցությունը, որ որպես քրիստոնեական օազիս, երկու պետությունների համար կարեւոր է ահագնացող իսլամական մոտեցումներին ընդհանրական դիմագրավումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































