Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այլևս անտեսում ՀՀԿ-ականների հետ իր բարեկամախնամիական կապերը

Հոկտեմբեր 10,2014 16:52

Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից կարծիք հարցրեց, թե բարեկամախնամիական կապերով իշխանությունների հետ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իսկապես պատրա՞ստ է դեմ դուրս գալ նրանց ու առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, թե՞ նա իր քայլերը, այնուամենայնիվ, պիտի համաձայնեցնի Բաղրամյան 26-ի հետ: Ըստ քաղաքագետի, ժողովուրդը շատ վաղուց էր Գագիկ Ծառուկյանին նախագահ տեսնում:

«Ժողովուրդը 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էր սպասում Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը: Շատերը կարծում էին, որ հենց Ծառուկյանը կլինի այն քաղաքական գործիչը, որ իր շուրջ կմիավորի այն քաղաքական ուժերին, որոնք դեմ էին գործող իշխանություններին` ի դեմս ՀՀԿ-ի և նրանց թեկնածու Սերժ Սարգսյանի: Սակայն 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ շատ տարօրինակ մի իրավիճակ: Ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, այսպես ասած՝ ծայրահեղ ընդդիմադիր առաջնորդը չառաջադրեց իր թեկնածությունը` հայտարարելով, որ ինքը թոշակառու է, այլ նաև նույն Գագիկ Ծառուկյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը խոշոր քաղաքներում հենց պայմանավորված էր այն հանգամանքով, որ ոչ թե ժողովուրդը կողմ էր Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ժողովուրդը դեմ էր Սերժ Սարգսյանին: Եվ կոնկրետ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների 90 տոկոսը պոտենցիալ Գագիկ Ծառուկյանի ձայներն էին», -ասաց Գագիկ Համբարյանը:

Ըստ մեր զրուցակցի, Գագիկ Ծառուկյանը նախորդ ընտրություններում չառաջադրվեց` իր այս քայլը հենց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելով: Վերջինս, ըստ էության, մեծ լավություն արեց Սերժ Սարգսյանին՝ իր չառաջադրմամբ, սակայն, այս երկուսի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ԲՀԿ առաջնորդը կառաջադրվի 2018 թվականին: Գագիկ Համբարյանի վերլուծելով, քանի որ հիմա Սերժ Սարգսյանը խախտում է այդ պայմանավորվածությունը, ապա Գագիկ Ծառուկյանը պահանջում է իրենը իրեն տալ: «Հասարակության մեջ պտտվում էին լուրեր, որ 2013 թվականի ընտրություններին Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իր թեկնածությունը առաջադրել այն պայմանավորվածությամբ, որ 2018 թվականին իր թեկնածությունը անպայման կառաջադրի: Բայց այստեղ խնդիրն այն է, որ քաղաքականության մեջ որևէ բան պայմանավորվել երկարատև ժամանակով, աբսուրդ է: Եվ Գագիկ Ծառուկյանը շատ լավ, կամաց-կամաց հասկանում է, որ այդ խոստումը, եթե, իհարկե, եղել է, չի իրականացվելու:

Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է Սահմանադրական բարեփոխումների քողի տակ իր վերարտադրությունը երկրում ավելի մեծ մասշտաբների հասցնել և իշխանությունը պահել իր ձեռքում, արդեն պառլամենտական հանրապետությունում: Եվ սա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը նախ դեմ դուրս եկավ սահմանադրական բարեփոխումներին, և ինքը հիմա շատ ակտիվ զոնդաժ է անում հասարակության մեջ այն թեզը, որ ինքը պետք է դառնա ընդդիմության միասնական թեկնածու:

Ինչ վերաբերում է խնամիական կապերին, ապա սա իր դերն անխոս կատարում է: Բայց նույն ժամանակ Գագիկ Ծառուկյանն արդեն բարձրաձայնում է, որ իր խնամիական կապերը գեներալների, երկրի վարչապետի հետ բացարձակ պատճառ չեն հանդիսանալու, որ ինքը հետ կանգնի իր պահանջներից և ծրագրերից: Այստեղից կարելի է հետևություն անել, որ ինքը արդեն նախապատրաստվել է շատ ակտիվորեն մտնել քաղաքական դաշտ:
Եթե մինչ այժմ ակտիվություն էր ցուցաբերում ԲՀԿ-ի պատգամավորական թևը, ապա հիմա հենց կուսակցության լիդերն է փորձում բավական ակտիվանալ: Եվ այն լուրերը, թե ինքը չի մասնակցելու այսօր Երևանում տեղի ունենալիք հանրահավաքին, հենց իր կողմից հերքվեցին: Ինքը սրանով ավելի մեծ մասսաների է կանչում հրապարակ, որպեսզի իշխանություններին ցույց տա, թե ինչ ուժի է ինքը տիրապետում»:

Մեր այն հարցին էլ, թե ո՞ւմ ի նկատի ունի Գագիկ Ծառուկյանը ասելով, թե իր մտքում 4-5 թեկնածու կա նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը և իր գործընկերները նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ապա ինքը նրան կաջակցի: Ըստ քաղաքագետի, Գագիկ Ծառուկյանի մտքում եղած մարդիկ կարող են լինել և Ռոբերտ Քոչարյանը, և Լևոն Տեր-Պետրոսյանը: «Թեև կարծում եմ, որ այս իշխանություններից ազատվելու համար և Ռոբերտ Քոչարյանը, և Լևոն Տեր- Պետրոսյանը կմոռանան մարտի 1-ը , կհամագործակցեն և Ծառուկյանին կպաշտպանեն», -ասաց Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031