Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվողը փորձագե՞տ էր, թե՞ մասնագետ

Հոկտեմբեր 10,2014 17:59 Share

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձագիտական խմբի փորձագետ Թորգոմ Եգորյանի հարցաքննությունը տեւեց մեկուկես ժամից ավելի: Նա դատարան էր հրավիրվել Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով:

Պատասխանելով Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցին, նա հայտնեց, որ որպես փորձագետ երկու տարվա աշխատանքային ստաժ ունի, իսկ ոստիկանությունում աշխատում է 20 տարի: Նա հայտնեց, որ ներկա է եղել դեպքի վայրի զննությանը եւ տեղյակ էր իր իրավունքներին եւ պարտականություններին:
Այս փորձագետը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչպես է մասնակցել դեպքի վայրի զննությանը, ինչպես է զննության արձանագրության տակ հայտնվել իր ստորագրությունը՝ բայց որպես մասնագետի: Ըստ փորձագետի, իր պարտականությունների մեջ է մտել լուսանկարելը, ինչպես նաեւ հետքերն արձանագրելը:

Vardan-2Պաշտպանի հարցը, թե ինքն իրավունք ունե՞ր դիտողություններ, առարկություններ անելու, հանվեց, մինչդեռ Նիկոլայ Բաղդասարյանն նկատի ուներ այն, որ փորձագետի արած լուսանկարներից պարզ երեւացող հետքերը տեղ չեն գտել արձանագրությունում, սակայն նա առարկություններ չի արել: Երբ հարցը հանվեց, Ն. Բաղդասարյանը ռեպլիկի կարգով նկատեց. «Թող տենամ ինչի չի տեսնում»: Նկատի ուներ այն հետքերը, որոնք նորից դատարանում զննվեցին:

Այն հարցին, թե ընթերականեր մասնակցե՞լ են դեպքի վայրի զննությանը, փորձագետը պատասխանեց, որ երկուսն են եղել, իսկ մեկին՝ Գրիշա Գասպարյանին ճանաչում էր, քանի որ Եղվարդից է:

Երկրորդ ընթերական, որին փնտրում են դատաքննությունը սկսվելուց մինչ օրս, ըստ փորձագետի՝ ճաղատ էր եւ հասուն. «Ընթերակա կարող է լինել ՀՀ ցանկացած չափահաս քաղաքացի»:

Տուժողների ներկայացուցիչները (տուժողները եւ նրանց իրավահաջորդները այսօր դատարան չէին ներկայացել) փորձեցին փորձագետից ճշտել, թե արդյոք նա տարբերակո՞ւմ է փորձագետ եւ մասնագետ կարգավիճակները, քանի որ ըստ նրանց՝ Վ. Պետրոսյանի պաշտպանը փորձում էր «մոլորության» մեջ գցել: Փորձագետն ասաց, որ տարբերակում է եւ որ ինքը մասնակցել է քննչական գործողություններին որպես փորձագետ: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ միջնորդելու է, որպեսզի նրան բացարկման ենթակա անձ ճանաչեն՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք նա ունի համապատասխան որակավորում:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին: Մինչ այս փորձագետի հարցաքննությունը, Նիկոլայ Բաղդասարյանը իր անձնական հեռախոսով նկարել էր ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայականը եւ ոստիկանության աշխատակիցը համառորեն չէր ուզում դուրս գալ նիստերի դահլիճից, պահանջելով, որ պաշտպանը ջնջի նկարածը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը խոստացավ վկայականի պատճենը տրամադրել կողմերին, պաշտպանն էլ ասաց, որ ջնջել է նկարածը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031