Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազատության հրապարակում

Հոկտեմբեր 10,2014 21:11

Սիրելի հայրենակիցներ,

Բոլորս հպարտ ենք եւ ոգեւորված, տեսնելով մարդկային այս ծովը: Սա մեր նոր պայքարի հրաշալի մեկնարկն է:

Ուստի, թույլ տվեք Ազատության այս հրապարակում հավաքված ժողովրդի անունից մի երկու խոսք ուղղել Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյան, դու եկել ես իշխանության կեղծելով ընտրությունները եւ մարտիմեկյան արյան մեջ ճնշելով ժողովրդի բողոքը: Որպես երկրի գործող նախագահ, դու վեցուկես տարի կառավարել ես Հայաստանը: Քո պաշտոնավարման, ընթացքում, Հայաստանի իշխանավորները, համաձայն միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների եւ վերլուծաբանների գնահատականների, ժողովրդից գողացել են մոտ 15 միլիարդ դոլարի գումար, որից առնվազն 6 միլիարդը ապօրինաբար դուրս է բերվել Հայաստանից: Քո անարդար եւ անփառունակ իշխանավարման արդյունքում Հայաստանից արտագաղթել է 250,000 մարդ, այսինքն Հայաստանի բնակչության տաս տոկոսից ավելին: Քո բոլոր արտաքին քաղաքական ՛՛նախաձեռնությունները՛՛ ձախողվել են, Հայաստանի շուրջ նեղանում է դիվանագիտական մեկուսացման օղակը, ինչի հետեւանքով միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի մասին արդեն սկսել են խոսել որպես Ադրբեջանից օկուպացված տարածք:

Այստեղ հավաքված մարդկային ծովը չի կարելի այլ կերպ ընդունել, քան պատասխան՝ քո ձախողված կառավարմանը: Պատասխան՝ մարդասպան Լիսկային մարզպետ նշանակելուն: Պատասխան՝ ցանկացած ներդրողի վզին Սաշիկների անհագուրդ 50 տոկոսանոց փայերի փաթաթմանը, համատարած կոռուպցիայի եւ կրիմինալի իշխանությանը: Պատասխան՝ ունեզրկված ժողովրդի նվաստացուցիչ աղքատությանը:

Ժողովրդի համբերությունը սպառվել է: Այլեւս, հանդուրժել ռեժիմը նշանակում է հանդուրժել Հայաստանի կործանումը: Դու եւ քո հանրապետական ռեժիմը պետք է հեռանաք:

Եկել է ժամանակը հանձնելու իշխանությունը ժողովրդին: Բայց ինչպես՞ ենք դա իրագործելու:

Երբ ժողովուրդը, ոտքի կանգնելով, դառնում է իր ճակատագրի տերը, իշխանությունը երկու ճանապարհ ունի. Կամ ընկրկել ժողովրդի խաղաղ ճնշումից, կամ առերեսվել ժողովրդի ցասմանը:

Մենք չենք ցանկանում ցնցումներ: Մենք առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանապարհ: Իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հրապարակային համաձայնության գան ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզի շուրջ, այն է՝ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրից, ընդդիմության վերահսկողությամբ նախապատրաստել պետական ընտրական համակարգը ազատ եւ արդար ընտրությունների համար եւ սեղմ ժամկետում ձեւավորել Հայաստանում լեգիտիմ իշխանություն: Այդ ճանապարհով շարժվելու համար Հայաստանի իշխանություններին կտանք մի քանի օր ժամանակ:

Աշխարհում բոլոր անցնցում անցումները դեպի ժողովրդավարություն տեղի են ունեցել հենց այս ճանապարհով: Սա նաեւ պատվավոր ճանապարհ է բռնապետի համար, որը ժամանակին ժողովրդի ճնշման ներքո ընտրել են Պինոչետը Չիլիում եւ գեներալ Յարուզելսկին Լեհաստանում:

Իսկ եթե իշխանությունները համառեն եւ չհամաձայնեն այս ուղով շարժվել, մեր մյուս հանրահավաքը, որը շատ ավելի մարդաշատ է լինելու, միայն մեկ նպատակ պիտի հետապնդի՝ համազգային քաղաքացիական անհնազանդության ալիքով քշել այս իշխանություններին իրենց սիրած ջհանդամի ծոցը:

Միասին՝ դեպի հաղթանակ: ՄԻԱՑՈՒՄ-ՀԱՂԹԱՆԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031