«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ընկեր Միսաք Առաքելյանը այսօր դատարանում հրաժարվեց իր վերջին խոսքն ասել՝պնդելով, որ գործով կասի: Հետո էլ պատմեց, որ վերջերս ՌԴ քաղաքներից մեկում դատախազի են կախել, ասաց կուզենար, որ Հայաստանում էլ նման բան լիներ:
Մեղադրյալ Հայկ Հարությունյանն էլ դիմելով դատավորին ու դատախազին, հորդորեց կոնկրետ հանցագործների ձերբակալելով զբաղվել.«Ընկած եք մանր-մունր խուլիգանությունների հետեւից, պլա՞ն եք կատարում, որ ցույց տաք, թե այսքան հանցագործություն եք բացահայտել: Եթե երկրի վիճակն այս օրի չլիներ, մենք մահակներով դուրս չէինք գա փողոց, ձեր մեղավորությունն է, որ դուրս ենք եկել, լավ չեք աշխատում»:
Իր վերջին խոսքում ասաց, որ ոստիկանները ոչինչ չեն անում Հայաստանում հանցագործության դեմն առնելու համար: Ըստ նրա, հանցագործության դեմ չեն պայքարում հանցագործին բռնելով ու բանտերը լցնելով.«Այլ աշխատանք են տալիս, որ կանսերվա չգողանա»:
Նա անդրադարձավ ոստիկանության վերջին զորավարժություններին ու ասաց, որ վարժվում են մարդկանց վախի մթնոլորտում պահելու համար. «Հայտարարում են, իբր թե քաղաքի անկարգությունները կանխելու համար են, բայց ես դեռ բացի մարտիմեկյան դեպքերից անկարգություն չեմ տեսել քաղաքում: Մեզ ուզում են վախի մեջ պահել: Արդարադատություն ինչո՞ւ չեք իրականացնում, որ մենք փայտերով դուրս գանք փողոց, ձեր գործն ինչո՞ւ պետք է մենք իրականացնենք: Այս երկիրը, ինձ թվում է, ձերն էլ պետք է լինի: Իսկ եթե այն ձեզ պետք չէ, ուրեմն պաշտոններ մի զբաղեցրեք, թող համապատասխան մարդիկ դրանցով զբաղվեն, թողեք մեր տանը հանգիստ ապրենք»:
Կարդացեք նաև
Մեղադրյալ Վարդան Վարդանյանն էլ հայտարարեց, որ իրեն մեղավոր չի համարում: «Արեցի այն, ինչ պարտավոր էի անել: Գտել եմ, որ հայրենիքը պետք է պաշտպանել, գնացի պաշտպանեցի, գտա, որ պետք է փայտով դուրս գամ փողոց, վերցրի ու գնացի: Բայց մեղավոր եմ ճանաչում ռուսական կայսրությանը, որը երկու հարյուր տարի դաշնակցի քողի տակ Հայաստանին ներքաշեց պատերազմի մեջ: Տարածաշրջանում իր վարած քաղաքականությամբ ոչ մի կերպ չնպաստեց Հայաստանի անկախությանը, ազատությանն ու տնտեսական, մշակութային զարգացմանը»:
Հետո ասաց, որ մեղավոր է ճանաչում երաժիշտ պապին, գրողների միության անդամ մորը, որ իրեն դաստիարակել է որպես խուլիգան:
«Մեղավոր եմ ճանաչում Շանթ Հարությունյանին ու բոլոր ընկերներիս»,- կատակեց Վարդանյանն ու ասաց, որ իր միակ մեղավորությունն այն է, որ 90-ականներին թողեց հարազատներին ու մասնակցեց ազատամարտին. «Մեղավոր եմ ճանաչում ինձ իմ ընտանիքի առջեւ, որ 21 տարի ծառայել եմ հայրենիքիս ու չեմ եղել հոգատար հայր, հոգատար ամուսին»:
Հետո դժգոհեց, որ Հայաստանում արդարադատության բացակայության պատճառով դատվում են անմեղները, իսկ հանցագործներն ազատության մեջ են գտնվում. «Ու ստացվում է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ Վովա Գասպարյանը: Արդյունքում դեռ շատ երկար կունենանք շանտաժ, բռնություն ու սարքած քաղաքացիական գործեր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ