Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Անցել է լաց լինող, մելանխոլիկ արվեստագետների ժամանակը»

Հոկտեմբեր 29,2014 13:39

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացած ասուլիսը նվիրված էր «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագրի մեկնարկին:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, նախագահ Հարություն Խաչատրյանը պատմեց, թե ինչպես են ինքն ու փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը սկսել ծրագիրը՝ ՀՀ եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների եւ «Հայնրիխ Բյոլ » հիմնադրամի աջակցությամբ:

Պարոն Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ վրացական կողմից որոշակի խանդ կար, բայց երբ տեսան, որ նպատակը զուտ կինոն է ու «Ոսկե ծիրանի» թիմն էլ բաց է, սիրով որոշեցին համագործակցել: «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրն այս անգամ փորձնական է իրականացվել, ու երկու կողմն էլ գոհ է արդյունքներից:

Ծրագիրն իրականացվել է 10 քաղաքում ու գյուղում, «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ ինչպես փակ, այնպես էլ բացօթյա ցուցադրություններ են իրականացվել: Փառատոնը կփակվի դեկտեմբերին՝ Թբիլիսիում:

Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ֆիլմերը ընտրելիս դժվարություններ չեն ունեցել: Նրա խոսքով՝ ընտրվել են հիմնականում ֆիլմերը, որոնք վերջին երկու տարիներին ցուցադրվել են «Ոսկե ծիրանում» եւ Թբիլիսիի փառատոնում, կան նաեւ այլ ռեժիսորների ֆիլմեր: «Մենք ունենք համագործակցային հարաբերություններ այլ փառատոների հետ, ռեժիսորների մի շրջանակ կա, որոնք ընդգրկված են մեր ծրագրերի մեջ, մշտապես մասնակցում են մեր սեմինարներին եւ աշխատաժողովներին: Ֆիլմերից չորսը կարճամետրաժ էին, ամեն մեկը իր տեսակի մեջ հետաքրքիր էր, ցանկացել էին հայկական ֆիլմերի հարուստ ներկապնակ ներկայացնել»:

«Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագրի պատասխանատուներից Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ հայ-վրացական փառատոնին ներկայացվել էր վեց ֆիլմ, ծրագիրը «փառատոն՝ անիվների վրա» սկզբունքով էր գործում, հայերեն ֆիլմերը վրացերեն ենթագրեր ունեին, վրացական ֆիլմերը՝ հայերեն:

Ծրագիրը սեպտեմբերի 5-ից մեկնարկել է Գյումրիից, ավարտը կազդարարվի դեկտեմբերին՝ Թբիլիսիի փառատոնով:

«Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագրի մասնակից, կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի տպավորությամբ, մշակութային որեւէ խոչընդոտ չկա երկու ժողովուրդների միջեւ: Նա նշեց, թե Հայաստանում ինչ մեծ ուշադրության է արժանացել վրացի ժամանակակից ռեժիսոր Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» ֆիլմը, վրացիներին էլ մեր ֆիլմերն են հետաքրքրել, նրանց կողմից հայկական ֆիլմերը եւս մեծ ուշադրության են արժանացել: «Մի բան էլ նկատեցի, որ մեր վրացի կոլեգաները երբեմն ավելի պրոֆեսիոնալ են, եւ մենք՝ հայ ռեժիսորներս ձգվելու տեղ ունենք»,-նշեց Դիանա Կարդումյանը:

Հարություն Խաչատրյանն էլ փաստեց, որ ի տարբերություն հայերի, վրացի կինոգործիչներն ակտիվորեն համագործակցում են եվրոպական ֆոնդերի հետ: Նրա ձեւակերպմամբ, կինոարտադրության, կինոպրոյեկտների ֆինանսավորման եւ ամեն ինչի առումով վրացիները լավ ճանապարհի վրա են, հայերը դոփում են տեղում: «Հայ ռեժիսորները չգիտեն լեզու, չեն սովորում պրոյեկտները ճիշտ անել, օգտվել կինոֆոնդերից, մենք նույնիսկ «Կինոյի մասին օրենք» չունենք, Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում տաղանդավոր երեխեք շատ կան, բայց նրանք եւս տեխնիկայի եւ լեզվի առումով թերի են: Հայերի մոտ մի տեսակ դանդաղկոտություն կա, որը վերածվել է ոճի: Մինչդեռ մելանխոլիկ արվեստագետների ժամանակն անցել է, էն որ իբր միայնակ է, գլուխը պետք է շոյեն, պետք է լաց լինի: Այսօր կինոյի մարդիկ պետք է զինվորի նման աշխատեն, այլեւս ագրեսիվ կինոգործիչների ժամանակն է, սակայն, ցավոք, հայերը նույն դանդաղկոտության մեջ են մնացել»,- համոզված է «Ոսկե ծիրանի» նախագահը:

Ծրագրի մասնակից, ռեժիսոր Լուսինե Սարգսյանը նշեց, որ ինքը ինստիտուտի տարիներին, բավականին լավ դպրոց է անցել, այդ տարիներին դեռ կար այն դաշտը, որ հնարավորություն ունեին սովորել, նույնիսկ բախտ են ունեցել դիպլոմային աշխատանքը ժապավենով նկարել: Նրա խոսքով, կինոյի եւ թատրոնի ինստիտուտի այսօրվա երիտասարդները չունեն տեխնիկական հնարավորություններ, նրանց հետ աշխատող բարձրակարգ մասնագետների խնդիր նույնպես կա: Լուսինեն երիտասարդ կինոռեժիսորներին իր օրինակով խորհուրդ տվեց ընդգրկվել «Ոսկե ծիրանի» տարբեր ծրագրերում եւ որակյալ կրթություն ստանալ: Հիշեցնենք, որ նրա «Շքամուտք» ֆիլմը արժանացել էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի էկումենիկ ժյուրիի մրցանակին, ապա մասնակցել Անապայի փառատոնին, առաջիկայում էլ կներկայացվի Կանադայում:

Րաֆֆի Մովսիսյանը հույս ունի, որ կինոէքսպրեսը նաեւ Սպահան կհասնի ու ընդհանրապես շարունակական կլինի տարածաշրջանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031