Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԱԿ անդամի, Նիկոլ Փաշինյանը տառապում է ձախության մանկական հիվանդությամբ

Դեկտեմբեր 01,2014 12:56

Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը անիմաստ նախաձեռնություն է համարում:

«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 44 ստորագրություն պետք է հավաքի, բայց այդպիսի գործընթաց սկսելու համար 66 ստորագրություն է անհրաժեշտ. Նիկոլ Փաշինյանը ունի՞ այդքան ստորագրություն հավաքելու հնարավորություն, եթե չունի, ապա այդպիսի ձախության մանկական հիվանդությամբ պետք չէ տառապել, որովհետեւ ճիշտը լուրջ քաղաքական գործընթացներով ընթանալն է»,- Aravot.am-ին ասաց Զոյա Թադեւոսյանը:

Նա չցանկացավ գնահատականներ տալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը եւ ասաց, որ ակնկալում է նրանից անկեղծություն.«Թող ինքը հայտարարի՝ ինչ խնդիր է լուծում, ինչու է լուծում ու ինչ ճանապարհով է լուծում: Լավ կլինի, որ Նիկոլը ինչպես միշտ էր ազնիվ հասարակության հետ, շարունակի ազնիվ լինել: Լուրջ օրենսդրական մարմնի ներկայացուցիչ է, պետք է Սահմանադրությունը կարդար, ուսումնասիրեր ու իր որոշումը կայացներ՝ իրական հանգամանքներից ելնելով: Եթե մի գործընթաց պետք է սկսվի, որը կեսից անավարտ պետք է մնա, դա հարիր չէ Նիկոլին: Նա պետք է շատ լուրջ մոտենա այդպիսի քաղաքական որոշմանը: Եթե փորձում է տեսնել ՝ այս կողմն ինչ արձագանք կտա, չի՞ վախենում, որ այդ փորձից առաջին հերթին փորձանքն իր գլխին կբերի»:

Անդրադառնալով գնահատականներին, թե Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ պատրաստվում է նախագահական հաջորդ ընտրություններին ու փորձում է որպես ընդդիմադիր միակ առաջնորդի տպավորություն ստեղծել, մեր զրուցակիցն ասաց. «Կարելի է միակը լինելու նախաձեռնություն ունենալ, բայց եթե այդ միակը լինելու մոլուցքով գնալու ճանապարհին աջ ու ձախ հարվածում ես բոլոր նրանց, որոնք քեզ կարող էին միակը դարձնել, դու երբեք միակը չես դառնա»:

Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը այս փուլում անհրաժեշտ չե՞ք համարում, Զոյա Թադեւոսյանն ասաց. «Իշխանափոխության անհրաժեշտությունն եմ տեսնում, թե հիմա իմպիչմենտը կներառվի՞ դրա մեջ, թե՞՝ ոչ, կախված է կոնկրետ իրավիճակից: Եթե իրավիճակն այնպիսին լինի, որ մեզ հանգեցնի իմպիչմենտի, մենք կօգտագործենք եւ իմպիչմենտը, եթե ՝չէ, ապա իշխանափոխությունը հաստատ»:

Ի դեպ, Զոյա Թադեւոսյանն այսօր «Բլից ինֆո» ակումբում ասուլիսի ժամանակ մեկնաբանում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետեւանքները: Ըստ նրա, վերջին ամիսներին ռուբլու արժեզրկման հետեւանքով 20 տոկոսով մեր երկրի տրանսֆերտները պակասել են, ինչը Հայաստանից արտագաղթողների թվի աճ է բերելու. «Դա նշանակում է, որ օտարերկրյա արժույթը, որը բավականին մեծ տնտեսական հնարավորություն էր մեր երկրի եկամուտների, գոյամիջոցների հայթայթման համար, էապես նվազել է: Արդյունքում տեղի կունենա ընտանիքների վերամիավորում, արտագաղթը կմեծանա, մեր տնտեսական ապաշնորհ քաղաքականության արդյունքում»:

Նրա կարծիքով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը տնտեսական առումով ոչինչ չի տա առաջիկա տարիներին. «Հայաստանը տնտեսական օգուտներ կարող էր ակնկալել, եթե լիներ զարգացած ու ինտեգրվեր զարգացած երկրների ընտանիք: Բայց Եվրասիական տնտեսական միության անդամ չորս երկրներն էլ թույլ զարգացած երկրներ են ու այդպիսի երկրների միջեւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները երբեք ոչինչ չեն տվել:

Հետեւաբար, ասել, թե ԵՏՄ-ն որպես թույլ երկրների միություն, հրաշք է պարունակելու, որովհետեւ ԽՍՀՄ երկրների համագործակցությունն է ու կա հզոր Ռուսաստան, ճիշտ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031