Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 3-ի որոշումը մեկ օրվա, մեկ ամսվա ու տարվա որոշում չէր, տասնամյակների որոշում էր

Դեկտեմբեր 10,2014 16:30

Եթե Հայաստանում հանրաքվե անցկացվի ԵՏՄ-ի անդամակցության հարցով, ի՞նչ արդյունքներ կլինեն՝ հարցնում է ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպանը

Սկիզբը

Սեպտեմբերի 3-ը ժողովրդի ընտրությունն է

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին արդարացրեց սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, այնուամենայնիվ՝ հետաքրքիր է, թե Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահություն մնացե՞լ է արեւմտյան «կուլիսներում», չէ՞ որ գրեթե երեք տարի եվրոպացիների հետ բավական արդյունավետ, արագացված բանակցություններ վարելուց հետո հանկարծ պարզվեց, որ Հայաստանը չի ստորագրելու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

«Բայց ինչո՞ւ հանկարծ: Ես զարմանում եմ, որ դուք եք զարմանում: 2013թ. հունիսին նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում էր, նրան մամլո ասուլիսում հարց տվեցին, եւ նա հստակ պատասխանեց, որ Հայաստանը չի կարող անել որեւէ քայլ, որը կհակասի Ռուսաստանի շահերին: Ինձ համար արդեն հստակ էր, որ Հայաստանը չի ստորագրելու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ ՌԴ-ն դեմ էր: ՌԴ-ն 2012թ. հոկտեմբեր-նոյեմբերին արդեն հստակեցրել էր իր անելիքները: Հետեւաբար զարմանում էի, որ մարդիկ զարմանում էին: Ի՞նչ կա զարմանալու, ամեն ինչ պարզ էր` դաշնակիցն ասել էր, որ դա հակասում է իր շահերին, եւ այստեղ առիթ չկա բորբոքվելու, թեեւ հասկանում եմ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք իրենց տեսակետն ունեն այս հարցում, թող հայտնեն իրենց վերաբերմունքը, թող պաշտպանեն իրենց իրավունքները, պայքարեն դրանց համար: Ես մշտապես այն կարծիքին եմ, որ դա մեկ օրվա որոշում չէր կամ մեկ ամսվա ու տարվա, այլ տասնամյակների որոշում էր: Պաշտոնյաները այսօր կան, վաղը չկան, հասարակությունն է կարեւոր` ինչպիսի տեսլական նա ունի, ինչ երազանքներ: Դուք հիմա հանրաքվե անցկացրեք հարցով` Հայաստանը պե՞տք է անդամակցի ԵՏՄ-ին: Ի՞նչ արդյունքներ կլինեն…»,- հարցնում է դեսպանը: Նկատեցինք, որ հասարակության մեծամասնությունը ԵՏՄ-ի օգտին կքվեարկեր: «Դե, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Դա է այս երկրի զարգացման արդյունքը: Դա է հենց ժողովրդի ընտրությունը»:

ԵՄ-ն իր սպասելիքներն ավելի կոշտ կձեւակերպի

Ուկրաինական իրադարձությունների համատեքստում Արեւմուտք-Ռուսաստան ներկայիս առճակատումը հաշվի առնելով, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականությունը հետխորհրդային տարածքում՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ խոշոր հաշվով եվրոպական քաղաքականությունը տապալվել է նախկին Խորհրդային Միության երկրներում: Այս թեմային անդրադառնալիս դեսպան Ռաչինսկին նկատում է, որ Արեւելյան գործընկերության ծրագրի գաղափարը ի սկզբանե շատերի կողմից սխալ մեկնաբանվեց, այն որպես աշխարհաքաղաքական ծրագիր դիտարկվեց: «Շատ վուլգար էին բացատրում` այդ երկրներին վերցնենք ՌԴ-ից եւ մեզ միացնենք… Դա մանկական թոթովանք է, այդպես չի լինում: Դրված էր եվրոպական երկրների համեմատությամբ երկրների ոչ թե տնտեսական մակարդակի տարբերությունները, այլ պետության ինստիտուտների որակի եւ նրա գործունեության մակարդակի տարբերությունը:

Արեւելյան գործընկերության ծրագրի նպատակը եղել եւ մնում է ԵՄ հարեւան երկրների աջակցությունը` իրենց երկրներն ու համակարգը արդիականացնելու այնպես, որպեսզի հեշտացվի նրանց համագործակցությունը ԵՄ-ի հետ: Այդ գործընթացը, որն ուներ այդպիսի սկիզբ, չուներ եւ չունի վերջնական նպատակ: Մենք օրինակ` լեհերս, կարծում ենք, որ այդ գործընթացի վերջնական նպատակը երկրների` ԵՄ-ին անդամակցությունն է ինչ-որ մի ժամանակ, երբ նրանք կհասնեն որոշակի մակարդակի: Ինչպես գիտեք, Արեւելյան գործընկերությանը հրավիրվել էր նաեւ ՌԴ-ն, բայց նա հրաժարվեց, ՌԴ-ն պահանջում էր հատուկ կարգավիճակ իր համար: Մտածեցին Արեւելյան գործընկերության հատուկ կարգավիճակ, բայց որոշակի պահից մեր ռուս գործընկերները համարեցին, որ այդ նախագիծը աշխարհաքաղաքական է, ու սկսեցին դրան ընդդիմանալ` ճնշումներ գործադրելով: Մեկ «Բորժոմի»-ում էին ինչ-որ բան հայտնաբերում, մեկ մոլդովական գինին լավը չէր, մեկ ուկրաինական շոկոլադն այն չէր, մինչեւ ռազմական գործոնը` Աբխազիան, Ղրիմն ու Արեւելյան Ուկրաինան»,- ասում է դեսպանը` պատահականություն չհամարելով, որ նույն մեխանիզմը ՌԴ-ն աշխատեցրեց հենց երեք երկրների հանդեպ` Մոլդովան` Մերձդնեստրով, Վրաստանն` Աբխազիայով ու Հարավային Օսիայով, Ուկրաինան` Ղրիմով:

Որո՞նք են, ուրեմն, ԵՄ-ի ծրագրերը ապագայի համար: «Ներկայիս իրավիճակը հաշվի առնելով եւ այն, որ մտել ենք աշխարհաքաղաքական տուրբուլենտության շրջան՝ ԵՄ-ն իր սպասելիքներն ավելի կոշտ կձեւակերպի իր գործընկերների հանդեպ, առաջ կգան ԵՄ-ի հետաքրքրությունները, այսինքն` լավ, տղաներ, ձեզ կսիրենք, կհարգենք, բայց ի՞նչ կարող եք անել դուք մեզ համար: ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն չէ»,- պատկերավոր նշում է ՀՀ-ում նախկին դեսպանը` հիշելով Հայաստանում մի քննարկման ժամանակ լսած գնահատականը` «ԵՄ-ն բանկոմատ չէ», ու հավելում է. «Երեք երկրները, որոնք որոշեցին աշխատել ԵՄ-ի ընդհանուր համաձայնեցված գրաֆիկով, նրանց նպատակը ապագայում, ենթադրվում է, ԵՄ-ին անդամակցությունն է, որի համար նրանք դեռ պետք է տասնամյակների ճանապարհ անցնեն: Մնացած երկրների դեպքում կլինի այսպիսի մոտեցում` ինչպե՞ս կարող եք դրականորեն ազդել ԵՄ-ի գործունեությանը, կհաղորդե՞ք լրացուցիչ արժեք ԵՄ-ի էներգետիկ անվտանգությանը, քաղաքականապես մեզ կաջակցե՞ք, ձեր տարածաշրջաններում կպաշտպանե՞ք խաղաղություն ու կայունություն, այսինքն` դուք ի՞նչ կարող եք մեզ տալ»:

Ի՞նչը չհաջողվեց Արեւելյան գործընկերության ծրագրում: Ռաչինսկին գտնում է, որ փոխազդեցությունը վեց երկրների միջեւ, ներքին երկպառակությունները, տարբերություններն այդ երկրների միջեւ թույլ չտվեցին նրանց հանդես գալ որպես մեկ բլոկ: «Եթե այդ երկրներին հաջողվեր հանդես գալ որպես միասնական գործընկեր` իրենց արժեքն ու ձայնը բարձրացնեին, իրենց պահանջները ձեւակերպեին ինքնուրույնաբար՝ ինչպես իրենց արեւմտյան գործընկերներին, այնպես էլ արեւելյան գործընկերներին, բայց դա չարվեց, մինչդեռ հնարավոր էր»: Ռաչինսկիի կարծիքով՝ բավարար չէր նաեւ աշխատանքը հումանիտար կապերի առումով, կարելի էր ավելին անել. «Արագ մտցնել նախ հեշտացված, ապա ազատականացված վիզային ռեժիմ, որպեսզի մարդիկ առանց վիզաների կարողանային մեկնել Եվրոպա: Կարելի էր ավելի շատ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում: Ես չեմ հասկանում, թե այս երկրների մայրաքաղաքներում ինչու չկան իսկական եվրոպական համալսարաններ, այսինքն` երեք լեզուների ուսուցանում, դասավանդում ոչ թե պատմության միֆոլոգիա, այլ իրական պատմություն, աշխարհում իրողությունների ներկայացում, բայց ոչ կիսելյովյան մոտեցմամբ»,- նշում է դեսպանը` զարմանք արտահայտելով, որ վերջերս ռուսական հեռուստատեսությամբ Վարշավայում ընթացող բողոքի ակցիայի մասին ռեպորտաժ է տեսել այն մասին, թե իբր տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում, պահանջում են Վիլնյուսի վերադարձը Լեհաստանին:

«Ռեպորտաժի կադրերը Վարշավայից էին, բայց դա ինչ-որ ակցիա էր՝ երիտասարդության մասնակցությամբ, որոնք երթ էին անցկացնում… Բայց որոշները ՌԴ-ում իսկապես հավատում են այդ ներկայացվածին»: Ամփոփելով ԵՄ-ի բացթողումների թեման՝ ՀՀ-ում նախկին դեսպանը նշեց ԵՄ-ի ոչ ճկուն, բյուրոկրատական ծանր ապարատը Բրյուսելում. «Մի կողմից՝ դժվար է նրան ընթացքի մեջ գցելը, բայց միեւնույն ժամանակ այդ ոչ շարժուն ապարատի մեջ դրականն այն է, որ եթե այդ մեքենան որեւէ ուղղությամբ շարժվի, ապա նա չի շեղվի ճանապարհից: Վատիկանն ու Չինաստանն ընդհանրապես իրենց քաղաքականությունը հարյուրամյակների համար են պլանավորում, մենք` տասնամյակների, այնպես որ՝ դա մեծ հաջողություն եմ համարում»,- ասում է Ռաչինսկին:

Պետք չէ թերագնահատել
Ռուսաստանը

Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ին մեր երկիրը հազար թելերով է կապված, այժմ Ռուսաստանը, մեղմ ասած, լավ օրեր չի ապրում: Կարո՞ղ է ռուսական տնտեսությունը դուրս գալ Արեւմուտքի պատժամիջոցների պատերազմից փոքր կորուստներով, եւ առհասարակ՝ ԵՏՄ-ն քաղաքական ներուժ ունի՞: «Ոչ ոք չգիտի, թե ինչ է ԵՏՄ-ն, գիտենք, թե ինչպիսին պետք է լինի, գիտենք երկրների դիրքորոշումները, ընդ որում՝ դրանք էականորեն տարբերվում են միմյանցից: ՌԴ-ն ԵՏՄ-ն որպես քաղաքական միավոր է դիտարկում, Ղազախստանն առհասարակ չի ընդունում այդ կառույցը որպես քաղաքական միավորում, այն տնտեսական միավորում է համարում: Տարբեր դիրքորոշումներ կան անգամ ՀԱՊԿ-ի անդամ երկրների միջեւ Ուկրաինայի հարցում: Շատերն են ասում, որ դա մի ծրագիր է` ուղղված Խորհրդային Միության վերադարձին: Ես դրան չեմ հավատում, որովհետեւ դա անիրականանալի է, ՌԴ-ն նման պոտենցիալ չունի, որպեսզի այդպիսի միավորման նման մի բան ստեղծի: Ինչ վերաբերում է տնտեսական գործոնին, ապա չգիտենք, թե ինչ հիմքի վրա է աշխատելու ԵՏՄ-ն. եթե դա ստեղծվի, ԵՄ-ի համար էլ հետաքրքիր գործընկեր կդառնա, մեկ պայմանով` ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ երկխոսության պայմաններում»,- նշում է ՀՀ-ում նախկին դեսպանը:

Հայաստանում աշխատելու տարիներին դեսպանն ավելի մանրակրկիտ է ուսումնասիրել ՌԴ-ի տնտեսությունը. «Դա հսկայական երկիր է՝ հսկայական ներուժով, պետք չէ թերագնահատել Ռուսաստանը, բայց Խորհրդային Միությունն ավելի հզոր հսկա էր: Իհարկե, տնտեսական որեւէ պատերազմում ՌԴ-ն չի կարող հաղթանակ տանել, սա տարբեր կարողությունների հարց է, բայց կորուստը, թեեւ ավելի շատ կորցնում է ՌԴ-ն, քան Արեւմուտքը, այնուամենայնիվ՝ երկկողմանի է: Մենք չենք կարող ընդունել Ղրիմի բռնակցումը, այո՛, այնտեղ ռուսներ էին ապրում, հետո ի՞նչ, Եվրոպայում էլ տարբեր մարդիկ տարբեր վայրերում են ապրում, դա չի նշանակում, որ պետք է փակենք սահմանները, դա ընդհանրապես ինքնասպանություն է, դա 19-րդ դարի քաղաքականություն է, ոչ թե 21-րդ դարի: Տարբերությունն այն է, որ ՌԴ-ն խաղում է աշխարհաքաղաքականություն, իսկ Եվրոպան` պոստմոդեռն քաղաքականություն: Դրա համար Մերկելը մի առիթով ասաց, որ Պուտինն ապրում է այլ իրականությունում, նա նկատի չուներ, որ Պուտինը ոչ ադեկվատ է, այլ այն, որ նա մտածում է այլ կերպ, մենք այլ չափորոշիչներով ենք առաջնորդվում: Այսինքն՝ պատկերացրեք, եթե մենք հիմա խոսենք այն մասին, թե ինչ ձեւ ունի որեւէ գույնը կամ` ինչ հոտ ունի երաժշտությունը»: Դեսպանը հույս ունի, որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ գոնե վստահություն կձեւավորվի, քանի որ այն քաղաքական երկխոսության համար կարեւոր գործոն է. «Ինչ կստացվի ԵՏՄ-ից՝ թող նա գոնե սկսի քայլել, նա դեռ չի էլ ծնվել, միայն ծրագրերում է առայժմ»:

Երիտասարդ սերունդը Խորհրդային Միության կարոտախտ չունի

Ռուսական ներկայությունը որքան կարո՞ղ է ամրապնդվել մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Ղարաբաղյան կարգավորման համատեքստում: Դեսպան Ռաչինսկին նկատում է, որ ցանկացած հարեւան երկիր, եթե նա մեծ է, ազդեցություն ունի պրոցեսի վրա դրսից: «ՌԴ-ն նույնիսկ ֆիզիկապես է այստեղ` Գյումրիի ռուսական ռազմաբազա կա: Կարծում եմ՝ ՌԴ-ն ամրացնում է իր ներկայությունը նաեւ տնտեսական առումով: Բայց երիտասարդ սերունդ է մեծանում, որը Խորհրդային Միության կարոտախտ չունի: ՌԴ-ն գուցե շատերի համար հրապուրիչ վայր է աշխատելու համար, հետաքրքիր մշակույթով, հետո ի՞նչ, այդպիսի երկրներ աշխարհում շատ կան… Ինձ թվում է, որ Հռոմեական կայսրությունն էլ երբ փլուզվեց, գուցե Իբերիայում շատերը կամ ֆրանկները կարոտում էին հարյուրամյակներով այդ շրջանը, դա նորմալ պրոցես է, զարմանալի ոչինչ չկա: Բայց ՌԴ-ի ներկայությունն ու ազդեցությունը կարող են տարբեր լինել` ՌԴ-ն կամ կարող է նպաստել խաղաղության, կայունության հաստատմանը, օգնել նորաստեղծ երկրներին, որպեսզի ամուր կանգնեն, կամ կպահի նրանց ենթարկվողի դերում, իր ներկայությունը կօգտագործի միայն իր ազգային շահի համար: Ոչ այնքան հաջող օրինակ բերեմ` ինչպես երեխաների դեպքում. եթե ցանկանում ես, որ նրանք ինքնուրույն դառնան, նրանց օգնում ես, բայց ազատություն ես տալիս»: Դեսպանը կարծում է, որ ԼՂ խնդիրը հայերն ու ադրբեջանցիները պետք է կարգավորեն, այլ տարբերակ չունեն հայերն ու ադրբեջանցիները, քան երկուսի համար ընդունելի, փոխզիջումների վրա հիմնված լուծում գտնելը. «Աստված մի արասցե, եթե այստեղ հակամարտություն բռնկվեց` կարգավորման ամբողջ գործընթացը կնետվի մի կողմ, տասնամյակներով հետ կընկնեն կողմերը, երկրներն ավելի ծանր վիճակում կհայտնվեն, եւ երկու երկրների հետ չհամաձայնեցված խաղաղապահների ներկայությունը ոչ թե կամրացնի զինադադարը, այլ կսառեցնի այս հակամարտությունը` դարձնելով այն ինչպես մի թարախոտ վերք»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031