Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմեն. «Լավ է, որ Վլադիմիր Գասպարյանը չհամաձայնեց»

Դեկտեմբեր 10,2014 18:12

Կարեն Անդրեասյանի կարծիքով` դա նշանակում է` ոստիկանությունում բացառությունները կամ վատ օրինակները 2015-ին կվերանան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր` դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հրավիրել էր բարձրաստիճան 8 պաշտոնյաների կլոր-սեղան քննարկման:

Հարցին, թե ինչո՞ւ այդ քննարկմանը ներկա չէր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նա պատասխանեց, որ ներկա էին այն մարմինները, ում հետ ստացվում է աշխատել հանուն մարդու իրավունքների. «Կոնկրետ դատախազության հետ այս տարի չի ստացվել աշխատել: Եթե սա դառնա ամենամյա միջոցառում, ապա օմբուդսմենի կլոր սեղանին միշտ կհրավիրվեն այն պետական մարմինները, որոնք գոնե մեր արձանագրումներով կունենան այնպիսի ձեռքբերումներ, որոնցով մենք կկարողանանք այդ տարին ամփոփել եւ քննարկել հաջորդ տարվա անելիքները»:

Անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե օմբուդսմենի գնահատականը չափազանցված է, Կարեն Անդրեասյանն ասաց, որ ակնհայտ է ոստիկանների մեծամասնությունը դարձել է  ավելի բարեկիրթ. «Լավ է, որ Վլադիմիր Գասպարյանը չհամաձայնեց, նշանակում է` բացառությունները կամ վատ օրինակները, որոնք կային այս տարի 2015-ին կվերանան: Երբ պետական մարմինն ինքը գիտի կամ ընդունում է իր թերությունները, հնարավորություն կա, որ այդ պետական մարմինը լավ բաների հասնի»:

Հարցին, թե Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից հետո հնարավո՞ր է, որ Հայաստանում մարդու իրավունքները վատանան, պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Մարդու իրավունքները պայմանավորել աշխարհաքաղաքականության հետ ճիշտ չէ: Ճի’շտ է, դա որոշակիորեն ազդում է, բայց մեր արժեհամակարգը ոչ մեկ մեզնից չի խլել դեռեւս դարերով: Ես համարում եմ, որ խոսքի ազատության իրավունքը դարձել է մեր արժեհամակարգի մաս: Տվյալ պարագայում` ոչ մի տնտեսական, քաղաքական միություն չի կարող ազդել մեր ընդհանուր գծի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031