Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանը» TRIPP-ը «ճանապարհ» անվանում

Օգոստոս 13,2026 17:54 Share

Խմբակցության նիստում «Ուժեղ Հայաստանը» քննարկել է Էդգար Ղազարյանի հարցը, բայց ժամանակի սղության պատճառով որոշման չեն հանգել, քննարկումը կիսատ է մնացել․ խմբակցության սենյակից դուրս գալիս, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա մնում է իր համոզմանը՝ երեք խմբակցությունների՝ բարեվարքության պայմանավորվածության մասով խախտում է եղել, թե ի՞նչ նախապատմություններ կան, դրանք այլ քաղաքական խոսույթով պետք է դրսևորվեն։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև երեկ կայացած Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպման մասին։

«Երեկ այստեղ հանդիպումը տեղի է ունեցել․․․ Ընթացակարգային պրոցեսների շրջանակներում իմ պնդմամբ է եղել այստեղ, ոչ թե փակ սենյակներում, այլ տեսախցիկների առաջ, որովհետև մենք հանդիպում ենք միայն տեսախցիկների առաջ։ Եվ իմ պնդմամբ է միջանցքում եղել տեսախցիկների առաջ, քանի որ Ազգային ժողովը ունի մի քանի ընթացակարգային հարց, որը ստիպված է քննարկել»,- պատասխանեց Նարեկ Կարապետյանը՝ պնդելով, որ առանձին սենյակում չեն հանդիպել, որովհետև չի ցանկացել տեսախցիկներից դուրս հանդիպումներ ունենալ․ «Մեր քայլերը հանրային բոլորը տեսախցիկների առաջ է, և մենք ուզում ենք այդ նույն տրամաբանությունը շարունակել։ Այսինքն, եթե իշխանության ներկայացուցչի հետ հանդիպում պետք է լինի, պետք է լինի տեսախցիկների առաջ, որպեսզի հետո որևէ շահարկման (ինչպես ես նոր առերեսվեցի) առիթ չլինի»։

Կրկին անդրադառնալով ԱԺ դահլիճի այսօրվա միջադեպին  էլ՝ ասաց․ «Քաղաքական խոսույթի շրջանակներում բոլոր մեր գործընկերները կարող են ամենասուր քննադատության ենթարկել, որովհետև կան քննադատության շատ տեղեր բոլոր ոլորտներում։ Մեր միակ փոփոխությունը, որ կարևոր է այս ձևաչափի մեջ, դա խոսույթի փոփոխությունն է Ազգային ժողովում, որը մենք քննադատել ենք նախընտրական շրջանում բազմաթիվ անգամներ (վիրավորական տոնը-Ն․ Գ․)։ Այո, դա ամենժամյա աշխատանք է, որ տանում եմ, ու ասեմ, որ հեշտ չէ, որովհետև կա անջրպետ, մենք իրար հանդեպ ունենք խորը անջրպետ»։

Լրագրողի հակադարձմանը՝ ո՞ր հարցով անջրպետ՝ Արցախի՞ հարցով, TRIPP-ի՞ հարցով, քանի որ «Ուժեղ Հայաստանի» խոսույթը համընկնում է իշխանության խոսույթի հետ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Պատկերացրեք՝ TRIPP-ի հետ կապված հարց է գնում՝ միջա՞նցք է, թե՞ ճանապարհ։ Մենք ունենք դիլեմա՝ միջա՞նցք է, թե՞ ճանապարհ։ Մենք ունեցել ենք մեծ քննարկում խմբակցությունում։ Մենք ասում ենք… մեկն ասում է՝ միջանցք է։ Վաղը այդ ուժը դառնում է իշխող ուժ, գնում է, հանդիպում է Իլհամ Ալիևի հետ և ասում է, որ սա ճանապարհ է։ Ասում են՝ չէ, ո՞նց է ճանապարհ, եթե դու ամբողջ ընթացքում ներկայացրել ես որպես միջանցք։

Եթե այսօր մենք խոսենք TRIPP-ի մասին, ասենք, որ դա միջանցք է, վաղը իշխանափոխությունից հետո մեր ուժը ստանձնելու է բանակցային դիրք։ Բանակցությունների ժամանակ, երբ որ մենք ասենք՝ չէ, սա միջանցք չէ, սա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, մեզ դիմացի կողմը՝ ադրբեջանական կողմը, հարց է տալու, ասելու է՝ ձեր քաղաքական ուժը, եթե մենք մեր այս ձևով չպատասխանեինք, ասել է, որ սա միջանցք է։ Դրա համար մենք ասում ենք՝ սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ։ Մենք գիտենք՝ ինքը ինչ է տվել, մենք գիտենք, որ մեր երկրից ճանապարհ է տվել, մենք գիտենք, որ այդ ճանապարհը տվել է… Լաչինի այդ ճանապարհը կարող էր… Եվ Լաչինի ճանապարհի փակելու պատճառը էս ճանապարհն է եղել։ Լաչինը փակվել է, Արցախը տրվել է, դրանից հետո այս ճանապարհն էլ է տվել այս մարդը։ Սակայն մենք պետք է պատասխանատու լինենք մեր խոսույթների մեջ՝ հիշելով, որ մենք հետագայում, այս մարդկանց փոփոխությունից հետո, պետք է բանակցենք թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ և ասենք, որ սա ճանապարհ է՝ տնտեսական ճանապարհ։ Այդ իսկ պատճառով մեր երկրի շահի համար մենք կրկնում ենք»։

Լրագրողը նկատեց՝ Արցախի հարցով դուք ասում եք՝ տարածքային պահանջ չունեք։

Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Այս պահին մեր հայրենիքի առաջնային խնդիրներից մեկը արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքն է։ Մենք նախընտրական շրջանում ասել ենք՝ այս իրավիճակով արցախահայության իրավունքների պաշտպանությունը խնդրահարույց է, քանի որ չկա հողի վրա պաշտպանություն, անվտանգ չեն լինելու։ Բայց մեր նպատակն է, որ արցախահայերը իրենց հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31