Բերձորում, ամբողջ Քաշաթաղի շրջանում շատերն էին ճանաչում Ռոբին, ով տնտեսական խանութ էր աշխատեցնում ու աչքի ընկնում իր հրաշալի բնավորությամբ՝ ընկերասեր, մարդամոտ, ժպիտը մշտապես դեմքին։
Ռոբերտ Հրաչիկի Գալստյանը ծնվել է 1984թ. օգոստոսի 12-ին Երևանում։ Սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Բուլղարիա։
Այստեղ ուսումը շարունակել է նկարչական քոլեջում։ Օժտված էր նկարչական բացառիկ շնորհով։ Ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և ծառայել Հայոց բանակում։
Ամուսնացել է 2010թ. և նորաստեղծ ընտանիքով տեղափոխվել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր՝ իր ներդրումն ունենալով քաղաքի կյանքում։
Կարդացեք նաև
Սովորել է նաև Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտում։ Ինչպես շատ քաշաթաղցիներ, Ռոբերտը (Ռոբը․ շատերն էին մտերմիկ դիմում) նույնպես մշտապես շարքերում էր այն կամավորականների, ովքեր անհրաժեշտության պահին հասնում էին առաջնագիծ։ Այսպես եղավ նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ։
Սեպտեմբերի 29-ին Բերձորում՝ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի մոտ, հերթական խմբին էինք ճանապարհում առաջնագիծ։ Եկավ նաև Ռոբերտը․ այդ օրերին Բերձորում չէր և, իմանալով պատերազմի մասին, վերադարձել էր ու շտապել զինկոմիսարիատ։
Քաշաթաղի «Մերան» շրջանային պաշտոնաթերթի համար լուրեր էի պատրաստում, լուսանկարեցի նաև Ռոբերտին, ով քիչ հետո հերթական խմբի հետ մեկնեց Ջրականի տարածք։ Մի քանի օր անց լուրեր տարածվեցին՝ Ռոբը զոհվել է։ Այդ օրերին շատերի մասին էին խոսում՝ զոհվել է, վիրավորվել, անհայտ կորել․․․
Ցավոք, իրողություն էր Ռոբի զոհվելը, բայց մի քանի ամիս պետք եղավ, որ Եռաբլուրում իր նման հազարավոր Անմահների շարքում հուղարկավորեցինք Հերոսին։ Վերջերս հանդիպեցի մորն ու կնոջը, մեծ ցավ է սիրելի որդու, ամուսնու, 2 զավակների (տղա ու աղջիկ) հոգատար հոր կորուստը։ Բայց հանուն Հայրենի Արցախի նահատակվեց Ռոբը։
Նույն պատերազմում Քաշաթաղի շրջանից մոտ 80 հոգի նահատակվեցին՝ ժամկետայիններ, կամավորականներ, աշխարհազորայիններ, պահեստազորայիններ։ Եռաբլուրում Ռոբի շիրմի հարևանությամբ է Քաշաթաղի շրջանի Արվական գյուղի բնակիչ, 3 զավակների հայր, Հրաչյա Գալուստի Մարտիրոսյանի (ծնված 22․ 10․ 1979թ․ Արթիկում) շիրիմը։ Հրաչյան նույնպես համարվում էր անհայտ կորած։ Հաճախ եմ այցելում Եռաբլուր, լուռ զրուցում եմ Տղերքի հետ ու մտովի տեղափոխվում Արցախ․․․
Զոհրաբ Ըռքոյան





















































