Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ դուք՝ ՔՊ-ականներդ եք քաղաքը ուղղորդված կերպով ճգնաժամի տանում»․ Ավետիս Առաքելյանը պատասխանում է Դավիթ Առուշանյանին

Օգոստոս 13,2026 18:01 Share

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Շիրակի մարզի մի քանի համայնքներում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, խոսել էր նաև Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Նա վերահաստատել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Գյումրիում իշխանափոխություն անցկացնելու մտադրությունը։

Դավիթ Առուշանյանն ասել էր․ «Գյումրիում խնդիր կա, ու դա միանշանակ լուծվելու է։ Այն, ինչ ունենք Գյումրիում, այս վիճակում պահել ու շարունակել անթույատրելի է, որովհետև դրանց շահառուները հենց գյումրեցիներն են, մեր քաղաքի բնակիչներն են։ Միայն կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում և օրենքով մեզ տրված հնարավորությունների սահմաններում»։

Իսկ թե ի՞նչ ճանապարհով է Գյումրիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացվելու, արդյո՞ք հավանական միակ ուղին Գյումրին խոշորացնելը չէ՝ կոլորիտով այս քաղաքը որևէ գյուղի հետ միավորելով, մարզպետը հարկ չէր համարել մեկնաբանել նման խոսակցությունները։

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն այսօր Aravot.am-ի միջոցով պատասխանեց մարզպետ Դավիթ Առուշանյանին՝ նրան հիշեցնելով, որ վերջինիս քաղաքական թիմն է ուղղորդված կերպով Գյումրիում  ճգնաժամ ստեղծում։

«Բազմիցս եմ ասել, որ 2025 թվականին Գյումրիում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, և գյումրեցիներն իրենց ձայնը տվել են ընդդիմադիր ուժերին։ Ընդդիմադիր ուժերը միասին 30 հազար և ավելի ձայն են տարել և ձևավորել են քաղաքային իշխանություն։ Մինչև այսօր ընդդիմադիր ավագանիներով իշխանությունն աշխատում է, աշխատում է օրնիբուն։

Որ հայտարարում են՝ ճգնաժամ կա, ես չեմ հասկանում, եթե ավագանու նիստերին գալիս են ավագանու չորս ընդդիմադիր խմբակցությունները, իսկ հինգերորդ խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ներկա չի լինում, և դրա պատճառով նիստը տապալվում է, դա չի նշանակում, որ ճգնաժամը մեզանից է գալիս։

Դա նշանակում է, որ քաղաքը ուղղորդված ճգնաժամի են տանում։ Եթե ընդդիմադիր ավագանու անդամներին չխոչընդոտեն, անհարկի չձերբակալեն, անհարկի չկանչեն քննչական՝ հարցաքննության, ի՞նչ ճգնաժամ։ Ու չգիտես ինչու իրավապահ համակարգը քննչական գործողությունները հենց ավագանու նիստերի օրերին պիտի անի, ուրիշ օր չե՞ք կարող անել ու հենց նիստի ժամին՝ ժամը 11․30, 12․00-ին։

Ես նորից եմ ասում՝ եթե ուղղորդված չլինի այդ ամենը, շատ լավ, կառուցողական, ամուր ձևով քաղաքը կառավարվում է», -ասում է Ավետիս Առաքելյանը։

Նա ՔՊ-ին խորհուրդ է տալիս քաղաքային իշխանության հետևից ընկնելու փոխարեն մտածել, թե ինչ բարիք կարելի է ստեղծել Գյումրիու համար, համագործակցելով իրենց՝ ընդդիմության հետ՝ ինչպես քաղաքը զարգացնել, գեղեցկացնել։

Ըստ նրա՝ պետք է համատեղ լուծեն Գյումրու երկու խնդիրները՝ աշխատատեղերի ու անօթևանության։ Նա կարծում է, այս երկու խնդիրների մասին քաջատեղյակ է նաև պարոն մարզպետը։

«Ոչ թե արհեստական ճգնաժամ ստեղծեք, այլ այս ուղղությամբ մտածեք»,-ասում է մեր զրուցակիցը։

Մեր հարցին, թե որտեղի՞ց են գալիս այն խոսակցությունները, թե Գյումրին խոշորացնելու, որևէ գյուղի հետ միավորելու միջոցով են հասնելու նոր ՏԻՄ ընտրությունների, Ավետիս Առաքելյանը պատասխանեց․ «Այդ խոսակցությունները տրամաբանական շղթայից են գալիս, եթե հիշում եք՝ Էջմիածնում այդպես արեցին, քանի որ մի տեղ արել են, իրենց մոտ ստացվել է, դրա համար էլ այդ խոսակցությունները տարածվում են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել