Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավորին

Դեկտեմբեր 12,2014 19:42

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել  է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավոր Ֆոն դեր Բեքին, ով ներգրավված է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման խմբի աշխատանքներում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:

Կողմերը քննարկել են Քրեակատարողական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքներին:

Արդարադատության նախարարը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ Կառավարությունը ներկա դրությամբ  վերանայում է տարբեր ոլորտների օրենսդրությունն ու փորձում է կատարելագործել այն:

«Քրեակատարողական ոլորտի բարեփոխումները Նախարարության առաջնահերթություններից են: Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ բավական երկար ժամանակ արդեն համագործակցում ենք պենիտենցիար համակարգում իրավիճակը բարեփոխելու ուղղությամբ և, որպեսզի մեր հետագա ջանքերն առավել արդյունավետ լինեն, մենք պետք է դրանց օրենսդրական հիմքերը կարգավորենք: Ուրախ եմ, որ այս գործը պետք է համատեղ իրականացնենք»,- ասել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարության հետ, քանի որ հարևան երկրի հետ ընդհանրությունները շատ են, ուստի նրանց փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Ֆոն դեր Բեքը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պրոբացիոն համակարգի ներդրումը բարդ և ժամանակ պահանջող գործընթաց է: Նա ներկայացրել է  2009 թվականին Ստորին Սաքսոնիայի երկրամասում պրոբացիոն ծառայության ներդրման  գործընթացն ու ընդգծել, որ ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծմանը, այլև պետության համար այն տնտեսապես շահեկան կլինի: Նա բարձր է գնահատել Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը և այդ աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի անունից Նելլի Թումասյանը նախարարին սեղանի ժամացույց է նվիրել:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031