Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալներին սպասվում է քսան և տասնութ տարվա ազատազրկում

Դեկտեմբեր 12,2014 23:21

Գորիսի նստավայրում դեկտեմբերի 12-ի դատական նիստում շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Օսման ՈՒգուրլու և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլու գործով ամբաստանյալ Օսման Ուգուրլու հարցաքննությունը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը ամբաստանյալին հարցնում է` ուրեմն, Նազիրի հետ համաձայնություն եք ձեռք բերել 860 կգ թմրանյութ Իրանից Ուկրաինա հասցնելու մասին, որի համար պիտի ստանայիք 100000 դոլար, այդպես է:Օսմանը թե` առաջին անգամ ավազ պետք է տեղափոխեինք, հետո թմրանյութ:

Դատավորը նրան հիշեցնում է նախաքննական մարմնին տված ցուցմունքները, որում Օսմանն ասել է, որ Նազիրը իրեն համոզել է հաշիշ տեղափոխել, իսկ ինքը մտածել է, որ դա թմրամիջոց չէ: Իսկ 5-րդ ցուցմունքի ժամանակ ժխտել է իր ցուցմունքը, ինչու: Օսմանն էլ թե` թարգմանիչները սխալ են կատարել թարգմանությունը: Իսկ սխալի մասին իմացել , երբ իրեն ներկայացրել են թարգմանությունը: «Բավականին ժամանակ անց, երբ կարդացի թարգմանությունները, տեսա ավազի պահը չկա: Այդ մասին ասացի փաստաբանին: Իսկ ինչ խոսքը վերաբերվում է մեքենայի փոքրիկ ցուցիչի թվերը զրոյացնելուն, դա միամիտ եղավ, մեքենայից շորերս հանելու ժամանակ մատս կպավ ցուցիչին» :

Շարունակելով հարցերը, դատավորը հարցնում է ամբաստանյալին` ձեր տված ցուցմունքում նշել եք, որ բեռնատարը Մեղրու մաքսակետում զննվելուց հետո փախաք, որովհետև հասկացաք, որ բռնվել եք: Իսկ հիմա ասում եք թմրանյութ չի եղել, ինչպես հասկանալ դա: «Այն ժամանակ ես շոկի մեջ էի, հետո թարգմանությունը նորմալ չի կատարվել»,-հակադարձեց Օսմանը:

Օսմանի հարցաքննությունից հետո հերթը հասավ վրացի վարորդին` Ավթանդիլին: Նա ասաց, որ ինքը ընդունելով Օսմանի բեռնատարի վարորդ աշխատելու առաջարկը, հարցրել է, թե ինչ բեռ են տեղափոխելու: Օսմանն էլ թե` միրգ ու բանջարեղեն են Թուրքիայից տեղափոխելու Եվրոպա:

Նրանք, իրոք, միրգ ու բանջարեղեն տեղափոխեցին Եվրոպա` Գերմանիա: Եվրոպայից հետ վերադառնալուց Թբիլիսիում 25 խմ տախտակ բարձեցին մեքենան և այն բեռնաթափեցին Իրանում: Օսմանն Ավթանդիլին ասում է, որ հիմա Իրանից կոնցենտրատ պիտի տանեին, սակայն դրանք 25-ի փոխարեն 35 կիլոգրամանոց են: Ուստի ստիպված են դատարկ գնալ:Ընդ որում, Իրանում Օսմանին զանգահարում էին և նա թուրքերեն լեզվով արագ պատասխանում էր: Ավթանդիլը չէր հասկանում թուրքերեն: Նա թուրքերեն քիչ ու միչ էր հասկանում և խոսում, Օսմանն էլ նույն կերպ ռուսերեն գիտեր: Եվ նրանք հիմնականում ժեստերի լեզվով էին իրար հետ հաղորդակցվում: Երբ հյուրանոցում էին, Օսմանը դուրս եկավ, ինչ-որ տեղ գնաց և վերադարձավ ժամեր անց, որն էլ առաջացրեց Ավթանդիլի բարկությունը:  Օսմանն ու Ավթանդիլը բեռնատարով հունվարի տասնութին  հատեցին Հայաստանի սահմանը: Մեղրու անցակետում մի քնի անգամ ռենտգեն զննման ենթարկվեց մեքենան, որն էլ հարուցեց Ավթանդիլի դժգոհությունը : Մաքսավորները վարորդին ասացին, որ օտար մարմին կա կցորդի հատակային մասում:Ավթանդիլը թե` անհնար է, որ ինչ-որ օտար մարմին լինի այդտեղ: Այնուհետև Ավթանդիլը սկսեց փնտրել Օսմանին: Իսկ նա չկար ու չկար:

Երբ Ավթանդիլին հարցրին Թուրքիայի քաղաքացիներ Մուստաֆա եղբայրների և Նազիր անունով ինչ-որ անձնավորության միջոցով պլանավորված թմրանյութի տեղափոխման գործընթացի մասին, Ավթանդիլն ասաց , որ ոչնչի մասի ինքը տեղյակ չէր:

Ավթանդիլի պաշտպաններին մտահոգում էր նաև այս հարցը`մեքենայի բանալիները Ավթանդիլին տալուց, Օսմանն ինչ է ասել, երկրորդ բանալու մասին տեղյակ է պահել վարորդին, թե` ոչ: Ավթանդիլը պատասխանեց, որ մեքենայի բանալիները իրեն հանձնելուց Օսմանն ասել է` զգույշ կլինես, չկորցնես: Երկրորդ բանալու գոյության մասին ոչինչ չի ասել: Իսկ թմրանյութի տեղափոխման մասին իր և Օսմանի միջև որևէ զրույց չի եղել, նույնիսկ հեռավոր ակնարկներ չեն եղել:Իսկ եթե իմանար թմրանյութի գոյության մասին,Օսմանի մոտ չէր աշխատի:

Ամբաստանյալների հարցաքննությունն ավարտվելուց հետո, մեղադրող Արմեն Փանոսյանը ներկայացրեց նրանց ներկայացված մեղադրանքը, նշելով, որ ամբաստանյալների ` իրենց կողմից առաջ քաշված անտեղյակության և անմեղության վարկածներն անհիմն են, քանի որ գործի դատաքննության ժամանակ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ: Օսման Ուգուրլուն սպասվում է քսան տարվա, Ավթանդիլ Մատեաշվիլուն` տասնութ տարվա ազատազրկում` գույքի բռնագրավումով:

Հաջորդ նիստին ամբաստանյալների պաշտպանները հանդես կգան ճառերով:

Նշենք, որ այս տարվա հունվարի տասնութին ՀՀ ԱԱծ կողմից ձեռնարկված օպերատիվ որոնողական աշխատանքի արդյունքում Երևանում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա  ութ հարյուր վաթսուն կգ հերոին տեսակի թմրանյութ տեղափոխող գործով մասնակիցներից Օսման Ուգուրլին:

 Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031