Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի թասիբը պահելու հարց կար»

Դեկտեմբեր 18,2014 14:05

«Այս ամբողջ բռնությունները հաստատ մեկ շղթայի օղակներ չեն, որոնք պարզապես իրար կողք են դնում»-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գնահատական կտան վերջին բռնություններին և ԱԺ-ի՝ առաջին հայացքից դրանք արդարացնելու կեցվածքին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ  Արմեն Բադալյանը: Պարոն Բադալյանը լուրջ չի վերաբերվում այն կարծիքներին, թե դա իշխանության կազմակերպածն է և նշեց, թե ինչո՞ւ պիտի իշխանությունը, ասենք, հրդեհեր, այն էլ այնպես, որ մեքենաները մինչև վերջ չայրվեին, այն ուժի ներկայացուցիչների մեքենաները, որոնց հավաքներին 50-60 հոգի են մասնակցում:

Ազատամարտիկներին՝ ծեծի ենթարկելու փաստը պարոն Բադալյանն այսպես մեկնաբանեց. «Տարօրինակ է, հիշում ենք, որ նույն այդ դաշինքի ղեկավարը ամիսներ առաջ շաբաթը մեկ Ազատության հրապարակում անընդհատ հանրահավաքներ էր անում և ուժեղ քննադատում իշխանություններին: Բայց չգիտես, թե ինչու այն ժամանակ բռնություն  չէին կիրառում իշխանությունները: Եթե ազատամարտիկների նկատմամբ բռնարարք է տեղի ունենում և իրականացնողը չի պատժվում, ապա նա այլևս ազատամարտիկ չէ»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակումը և այն ներկայացնելը, թե իբր Մոսկվայում բնակվող հայ խոպանչին է իրականացրել՝ ադրբեջանցու կողմից լսելով, որ իր երկրում նախագահ են հայհոյում, համարեց մտահոգիչ ու ասաց. «Պետք է նախ հասկանալ, թե որն է խոպանչու հոգեբանությունը: Խոպանչին ինքն է դժգոհ իշխանություններից, դրա համար էլ լքում է երկիրը ու հիմա հանկարծ նախագահին վիրավորողին պատժելու համար Մոսկվայից հասնում է Երևա՞ն: Նրանք, ովքեր այս վարկածը դրեցին շրջանառության մեջ, չհասկացան, թե ինչ վնաս հասցրին, այսինքն՝ ստացվում է, որ մեր անվտանգությունն այնքան թույլ է, որ Մոսկվայի ադրբեջանական համայնքն է  մեր անվտանգության հարցերը լուծում»:

Ըստ պարոն Բադալյանի՝ այս ամենն արվում է  PR-ի համար, իսկ թե ում է ձեռնտու, թող իշխանության ներքին խմբավորումները իրար մեջ պարզեն: Վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, հղում կատարելով բռնարարքները դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարությանը, այսպիսի կարծիք հայտնեց. «Այս միջադեպերի վերաբերյալ ՀՀ պաշտոնական ռեակցիան համարժեք չէր կատարված գործողություններին»: Այնուհետև կարծիք հայտնեց, որ սա ավելի ստորին օղակներում ծնված նախաձեռնություն է: Ըստ պարոն Հակոբյանի՝ «քանի որ հաց ուտելը դարձել է քաղաքական կատեգորիա, ապա այդ ժամանակ խոսում են ու ասում, թե տեսա՞ր՝ ինչ ասաց ու արեց: Դա կարող է ասել ինչ-որ նախագահականին մոտ կանգնած մարդ և գործողությունների դիմի: Սա իշխանական որոշ օղակների նախաձեռնությունն է: Դա քծնանքի, իշխանության վերին օղակներին լավություն անելու և իրենց պիտանելիությունը ապացուցելու լավագույն դրսևորումն էր: Հերթական փորձն է նախագահին ցույց տալ, որ առանց մեզ դու չես կարող այդ հարցերը լուծել:

Արամ Մանուկյանի դեպքում չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սմոլնի ինստիտուտի շրջանավարտներից է և իր համար խորթ  են տղավարի հարաբերությունները և չէր կարող Արամ Մանուկյանին կանչել նախագահական ու հարցերը պարզել: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի թասիբը պահելու հարց կար, չեմ կարծում, որ ուրիշ մարդիկ կարող էին պահել նրա թասիբը: Սա վերջին տասը- տասնհինգ տարիների ընթացքում ՀՀ քաղաքական վերնախավում ձևավորված բարքերի արդյունք է: Դա բերում է բիզնես փող, պաշտոններ ու առաջխաղացում»: Պարոն Հակոբյանը համաձայնեց ոչ իշխանականների այն գնահատականին, թե ԱԺ հայտարարությունը «երրորդ դասարանի՝ բռնությանը նվիրված շարադրություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031