Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերը և հնատիպ գրքերը հանձնվեցին Մատենադարանին

Հունվար 23,2015 16:35

Հունվարի 23-ին Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում տեղի ունեցավ հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի և հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այսօր պատվաբեր առաքելությմբ գտնվում ենք  Մատենադարանում՝ հայկական ձեռագրերի հարուստ մշակույթի այս ինքնատիպ պահոցում:

Ազգի նվիրյալ զավակ հալեպահայ Սոսե Պարոնյանի մեծ հայրն ու մայրը՝ Մովսես և Զարթիկ Ասլանյան-Պարոնյանները, ովքեր Հայոց ցեղասպանության արյունալի օրերին, մահն աչքերի առաջ ունենալով, թուրքի ահասարսուռ ճիրաններից առաջին հերթին փրկել և Խարբերդից Հալեպ են տեղափոխել մեծ արժեք ներկայացնող այս գրքերը՝ աղոթագրքեր, բառարաններ, ավետարաններ և 18-րդ դարի մեկ ձեռագիր, որոնց ճակատագիրը ոչնչով չի տարբերվում եղեռնազարկ հայ մարդու ճակատագրից: Սոսեի ծնողները՝ Անդրանիկ և Մարգրիտ Ղանդիլյան-Պարոնյանները, ամենայն հոգածությամբ պահել ու պահպանել են դրանք՝ իրենց նվիրական առաքելության իրավահաջորդը դարձնելով Սոսեին: Սոսե Պարոնյանը Սիրիայի համար այս տագնապալի օրերին որոշում է կայացրել՝ Պարոնյանների ընտանեկան ժառանգությունից 1 ձեռագիր և 14 հնատիպ գիրք «Սիրիահայության շտապ օգնության մարմնի» և Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նվիրել է Հայրենի պետությանը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության: Այդ անգնահատելի նվերը պատասխանատվության մեծ զգացումով հանձնում ենք մաշտոցյան Մատենադարանին՝ ի պահ»:

Git

Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը շնորհակալություն հայտնեց անգնահատելի նվիրատվության համար: Նա նշեց, որ վերապրած կարելի է համարել Մատենադարանի ողջ հավաքածուն, որը նվիրատվությունների շնորհիվ վերջին տարվա ընթացքում համալրվել է 500-ից ավելի ձեռագրերով և հավելեց. «Պետք է կրկնապատկենք մեջ ջանքերը՝ ձեռագրերը տուն դարձնելու համար: Մեր խորին երախտագիտությունը նվիրատուին՝ Սոսե Պարոնյանին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ մեր զարգացման ծրագրերին մշտապես սատարելու համար»:

Ցուցադրվեց գրքերի նվիրատու Սոսե Պարոնյանի  և Բերիո թեմի մամլո խոսնակ, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Րեիսյանի տեսաուղերձները:

Հրաչյա Թամրազյանը Սոսե Պարոնյանին պարգևատրեց Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031