Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Արման Բաբլոյանի փոխարեն նշանակվելու ՀՀ առողջապահության փոխնախարար

Հունվար 30,2015 13:21

Երեկ տեղեկություն տարածվեց,  որ ՀՀ առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանը` ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի որդին, իր դիմումի համաձայն ազատվել է փոխնախարարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերին Aravot.am-ը տեղեկություն էր հրապարակել հավանական պաշտոնանկության մասին: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ցանկանում է իր տեղակալի պաշտոնում նշանակել իր մտերիմներից մեկին: Թեև ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանն այն ժամանակ մեզ հավաստիացրեց, թե նման բան չկա, սակայն այժմ էլ փոխնախարարի պաշտոնի հավանական թեկնածուի շուրջ խոսակցությունները պտտվում են նույն անձի շուրջ: Նա ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գագիկ Միրիջանյանն է:

Aravot.am-ը պարոն Միրիջանյանից հետաքրքրվեց` իրեն փոխնախարարի պաշտոնի առաջարկ եղե՞լ է, պարոն Միրիջանյանը պատասխանեց. «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում, որ Արման Բաբլոյանը ազատման դիմում է գրել: Շնորհակալ եմ տեղեկատվության համար»:

Իր նշանակման հետ կապված հարցին ի պատասխան՝ պարոն Միրիջանյանն ասաց. «Ես նման տեղեկություն չունեմ և առաջին անգամ ձեզնից եմ լսում: Նման առաջարկ չեմ ստացել»:

Հետաքրքրվեցինք` իսկ կցանկանա՞ր փոխնախարարի պաշտոն զբաղեցնել, նա պատասխանեց. «Բարդ հարց եք տալիս, չեմ կարող պատասխանել: Ես հիմա աշխատում եմ և շատ գոհ եմ իմ աշխատանքից»:

Aravot.am-ը զրուցեց նաև Արման Բաբլոյանի հետ և պարզաբանումներ ստացավ այն մասին, թե ինչու է ազատման դիմում գրել: Պարոն Բաբլոյանը փոքր-ինչ նեղսրտեց, թե սեպտեմբերից սկսած իր «կյանքը նվիրել է պարզաբանումներ տալուն» ու փոխանցեց. «Երկկողմանի համաձայնությամբ` դիմում եմ գրել և թողել փոխնախարարի` իմ աշխատանքը, քանի որ բավականին մեծ ծավալով աշխատանք ունեի կատարելու «Արաբկիր» բժշկական համալիրում: Չէր կարող համատեղվել պետական աշխատանքը մյուս աշխատանքի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031