Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանին ոստիկա՞նն է վնասել, թե՞ բռնակը. այս հարցն է վիճարկվում

Փետրվար 10,2015 18:57

«Հաջորդ դատական նիստին մենք հանդես ենք գալու միջնորդությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու հարցով»,-Aravot.am-ին դատական նիստից հետո տեղեկացրեց Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նշենք, որ այսօր  փետրվարի 10-ին ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ա. Մկրտչյան) տեղի ունեցավ Արգիշտի Կիվիրյանի դեմ 24.08.2013-ին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցված քրեական գործով դատական նիստ:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):

Նախորդ դատական նիստի ընթացքում փորձարարություն էր կատարվել, որը նկարահանվել էր, և Արգիշտի Կիվիրյանի պաշտպանը միջնորդել էր, որ այդ տեսաերիզը կցվի գործին որպես ապացույց: Իսկ մեղադրող կողմը նշել էր, թե քանի որ տեսաերիզին ծանոթ չէ, ժամանակ է պետք դրան ծանոթանալու, ուստի դատարանից հետաձգել էր քննարկումը: Այս դատական նիստին նշված միջնորդությունը մերժվեց: Խնդիրն այն է, որ համաձայն փորձարարական եզրակացության` Արգիշտի Կիվիրյանը կարող էր նման վնասվածք ստանալ դռան բռնակի հարվածի հետևանքով, մինչդեռ Արգիշտի Կիվիրյանն իր ցուցմունքում նշել էր, որ իրեն ոստիկանն է հարվածել:  Լուսինե Սահակյանն այս առիթով ասաց.  «Փորձաքննությունը ավելի ուշ էր կատարվել, և Արգիշտի Կիվիրյանի մարմնական վնասվածքների մի մասն այլևս չկար, իսկ մենք նկարած ունենք, թե Արգիշտի Կիվիրյանն ինչ վնասվածք է ստացել: Ուստի ակնհայտորեն սրանք ճիշտ եզրակացություններ չէին: Նախորդ փորձարարության ժամանակ պարզ դարձավ, որ Արգիշտին չի կարող անգամ հասնել բռնակին, ուր մնաց հասնի ու վնասվածք ստանա: Ակնհայտորեն այդ փորձարարական եզրակացությունը իրականությանը չի համապատասխանում»:

Լուսինե Սահակյանը փոխանցեց, որ իրենք ժամանակ են պահանջել, որպեսզի գրավոր ներկայացնեն իրենց միջնորդությունը նշված հարցերի պատասխանները ստանալու համար: Հաջորդ դատական նիստին` փետրվարի 25-ին ժամը`10.30-ին,  Արգիշտի Կիվիրյանը ցուցմունք կտա:

Մեր հարցին, արդյոք քաղաքական հետապնդում տեսնո՞ւմ են, մանավանդ, որ Արգիշտի Կիվիրյանը ցուցմունք է տվել, թե ոստիկանն է իրեն հարվածել, մինչդեռ այդ մասով փորձաքննություն  չի կատարվել, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Միանշանակ սա քաղաքական հետապնդման փորձ է և սա հիմնավորվել է բազում վարչական և քրեական դատական գործերով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728