Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն Հայաստանի վրա թանկ է նստում. հունվարին կրկին ապրանքներ են թանկացել (Տեսանյութ)

Փետրվար 17,2015 12:56

Aravot.am-ի հարցին, թե ուսումնասիրություն կա՞, թե մեր երկրում գնաճն ինչո՞վ է պայմանավորված, ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրությունների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ

հիմնականում` միջազգային գների հետ, փոխարժեքի բարձրացմամբ եւ այլ գործոններով: Մեր այն հարցին, թե միջազգային շուկայում մի շարք ապրանքատեսակներ, նավթի գնի նվազման հետեւանքով էժանացան, սակայն չգիտես ինչու, այդ հանգամանքը մեր երկրի վրա չազդեց եւ մասնավորապես` բենզինի գինը չնվազեց, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ միանշանակ չի կարելի ասել. «Եթե բենզինի, դիզվառելիքի օրինակով վերցնենք, մի պահ արձանագրվեց գների անկում, այնուհետեւ որոշակի թանկացում, այնուհետեւ նորից գնանկում է արձանագրվել»:

Պարոն Մարտիրոսյանի ներկայացմամբ, այս տարվա հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.5% գնաճով: Ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում նշված ժամանակահատվածում գներն ու սակագներն աճել են 0.5%-ով: Գնաճի այս ցուցանիշը մի փոքր պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Անցյալ տարի գնաճը 2,8 տոկոս է եղել:

Հունվարին թանկացել են սուրճը, թեյը, կակաոն՝ 5.9%-ով, մրգեղենը՝8.4%-ով, բանջարեղենի եւ մասնավորապես կարտոֆիլի գնաճը 4 % է եղել:

Այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ թանկացել են նաեւ սունկը, սխտորը բողկը, ճակնդեղը, կանաչ սոխը, լոլիկը, գազարը, գլուխ սոխը, ծաղկակաղամբը, սմբուկը, խառը կանաչեղենը, կաղամբը, վարունգը, կանաչ պղպեղը:

Կարտոֆիլի գինն ամենաբարձրը եղել է Վանաձորում:

Հացամթերքը այս տարվա հունվարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թանկացել է 10.4%-ով, ձուն` 6,2 տոկոսով:

Մսամթերքի գինը հունվարին բարձրացել է 5,9 տոկոսով, իսկ կաթնամթերքը` 13,2 %-ով:

Ոչ պարենային ապրանքները թանկացել են 0,5 տոկոսով: Բարձրացել են մասնավորապես` այգեգործական ապրանքների, խոհանոցային սպասքի, տեքստիլեղենի, դեղամիջոցների, լվացվող միջոցների, ոսկերչական եւ այլ ապրանքների գները:

Ըստ վիճծառայության մասնագետի, ծառայությունները մեր երկրում, նույնպես, թանկացել են: Ավելի թանկ ծառայություն են մատուցել իրավական եւ բանկային ոլորտները, բուժսպասարկումը 1 տոկոսով է բարձրացրել իր գինը, հանգստի կազմակերպման ծառայությունները` 13,9 տոկոսով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728