Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի քարտուղարը դատի էր տվել գործատուին, պահանջելով նաեւ իր 20 գործուղումների գումարները

Մարտ 11,2015 16:47

Վահե Դավթյանի ազատումը եղել է այն ժամանակ, երբ անցյալ տարի օգոստոսի 6-ին հրավիրվել է տնօրենի աշխատասենյակ՝ «պաշտոնական կայքի» հետ կապված: Հետագայում ինֆորմացիայի կենտրոնը զեկուցագիր է կազմել, որի մասին մամուլի պատասխանատուն իմացավ այսօր՝ դատարանում: Սա առաջին մամուլի պատասխանատուի դատն է ընդդեմ գործատուի:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Վահե Դավթյանի հայցով նախնական դատական նիստը:

Վահե Դավթյանը եղել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի հարցերով պատասխանատուն:

Նրա ներկայացուցիչ Հայկ Եգանյանը ներկայացրեց իր պահանջը՝ օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը բռնագանձելու, հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին:

Պատասխանող կողմը ներկայացնում էին ընկերության իրավաբանական վարչության աշխատակիցները՝ Մարինե եւ Սումբատ Սմբատյանները:

Հայկ Եգանյանն ասաց, որ իր վստահորդին ազատել են առանց նրանից գրավոր բացատրություն վերցնելու: Ըստ նրա, Վ. Դավթյանից գրավոր բացատրություն վերցնելու պահանջ չի ներկայացվել,:

Նա անդրադարձավ Վ. Դավթյանի 20 գործուղումներին եւ պահանջեց գործուղումների գումարը՝ 2 միլիոն 600 000 դրամի չափով:

Միջնորդեց, որպեսզի կողմը խտրականություն չդրսեւորի եւ դատարան ներկայացնի գործուղումների ողջ փաթեթը, ապա ոչ, ասաց, թե կդիմեն ազգային անվտանգության ծառայությանը՝ ստանալու համար գործուղումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ հայցվորի ներկայացուցչի, մամուլի պատասխանատուն 9 օր գտնվել է Թբիլիսիում: ՀՀ կառավարության որոշմամբ, նա պետք է օրապահիկ ստանար 60 եվրոյի չափով: Մինչդեռ ընկերությունը նրան վճարել է 108 000 ՀՀ դրամ, իսկ 145 հազար դրամը չի վճարել:

Դատավորի հարցին, թե ինչու է հայցվորը պահանջում 2 միլիոն 600 000 ՀՀ դրամ, ինչ գումարներ են դրա մեջ մտնում, Հ.Եգանյանն ասաց, որ դրա մեջ մտնում է նաեւ երեխայի ծնվելու հետ կապված 245 000 ՀՀ դրամ գումարը, որն ամրագրված է կոլեկտիվ պայմանագրում:

Դատավորի այն հարցին էլ, թե անկախ սեռից են ստանում այդ գումարն աշխատակիցները, փաստաբան Եգանյանն ասաց, այո:

Պարզվեց՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի մասին է խոսքը: Վ. Դավթյանի նվազագույն աշխատավարձը եղել է 45 000 ՀՀ դրամ:

Դատարան ներկայացվեց ռուսերեն լեզվով ազատման հրամանը, մինչդեռ, պատասխանողն առարկեց, թե դա «ներքին օգտագործման համար» է, եւ իր հերթին ներկայացրեց հայերեն-ռուսերեն Վ. Դավթյանին ազատելու մասին հրամանը:

Ի դեպ, այդ հրամանների տակ կար նաեւ Դավթյանի ստորագրությունը, որը ըստ նրա ներկայացուցչի՝ «ծանոթանալ հրամանին, չի նշանակում ստանալ» է նշանակում եւ պահանջեց, որպեսզի այդ հրամանը նույնպես իրենց տրամադրվի:

Դատարանին հետաքրքրեց այն հարցը, թե հայցվորը պնդո՞ւմ է, որպեսզի իրեն վերականգնեն նախկին աշխատանքում, այն դեպքում, երբ նա է գրել ազատման դիմումը:

Հայցվորը պատասխանեց, որ հրամանից հետո իր մոտ ցանկություն է առաջացել կրկին աշխատել:

Պատասխանող կողմն առարկում էր բոլոր պահանջներին, գտնելով, որ դրանք անհիմն են:

Երեխայի գումարների պահանջի հետ կապված էլ ասաց, որ ընկերությունը բարի կամք է դրսեւորել իր եկամուտների հաշվին տրամադրել գումարներ, սակայն անցյալ տարի, երկաթուղին աշխատել է վնասով, այդ իսկ պատճառով գումարը չի կարողացել տալ Վ. Դավթյանին: Վերջինիս ներկայացուցիչը պահանջեց գրավոր փաստաթուղթ այն մասին, որ Վ. Դավթյանին տեղեկացվել է գումարը չտրամադրելու մասին:

Ապրիլի 13-ին նշանակված դատական նիստին դատարան կբերվի ինչպես Երկաթուղու ինֆորմացիոն կենտրոնի զեկուցագիրը, այնպես էլ գումարների հաշվարկը, որից հետո կորոշվի, թե ում վրա ապացույցների ինչ բեռ է դրվելու:

Ի դեպ, նկատենք, որ դատարանը մինչ նախնական դատական նիստը կողմերից չհետաքրքրվեց, թե նրանք արդյոք հաշտվել ցանկանո՞ւմ են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031