Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական գաթա» հերթական փառատոն Ջավախք աշխարհում

Մարտ 12,2015 10:30

Մարտի 11-ին` Մեծ պահքի Միջինքի օրը,  Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 4-րդ անգամ անցկացվեց «Հայկական Գաթա» փառատոնը, որն իր շուրջն էր համախմբել Ջավախք աշխարհի տիկնանց, ովքեր ամենայն սիրով ու ջերմությամբ էին թխել միջինքի գաթաները: Փառատոնի մեկնարկը տրվեց Հանգստյան ժամերգության և գոհաբանական աղոթքի ավարտից հետո:

Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը խոսքով դիմեց հավատավոր ջավախքցիներին. «…արդեն ավանդական դարձած Միջինքի Գաթայի փառատոնը մեզ ևս մեկ անգամ համախմբել է  Տիրոջ տան մեջ՝ նախ և առաջ աղոթքով և փառաբանությամբ լցնելու մեր հոգիները և այնուհետ՝ հոգեպարար ջերմությամբ քրիստոնեավայել սիրով միմյանց հետ կիսելու հայկական գաթայի համն ու բույրը: Մեծագույն օրհնությունը ոչ թե գաթայի միջից մետաղադրամ գտնելն է, այլ միմյանց սիրով հյուրասիրելու հայկական ու քրիստոնեական վեհ գաղափարները գտնելու հնարավորությունն է: Այս փառատոնը մեզ հնարավորություն է տալիս վերագտնել ազգային արժեքներն ու սովորույթները՝ այդ ամենն ի կատար ածելով միմիայն աստվածային օրհնության հայցմամբ»,- իր խոսքում նշեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

gata-2

Այնուհետև, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կողմից օրհնվեցին բոլոր գաթաները, որից հետո հայկական տարազներով աղջիկները Եկեղեցու բակում այն մատուցեցին ներկաներին: Ջավախքի կանայք առանձնահատուկ կերպով էին պատրաստվել ամենամյա դարձած փառատոնին: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Ախալքալաքի տարածաշրջանի շուրջ 11 գյուղեր, 10-ից ավելի կազմակերպություններ և 55 կանայք: Տարեցտարի Փառատոնն ընդարձակում է իր սահմանները՝ տարածվելով նաև գյուղերում: Այն կանայք, ովքեր փառատոնին ներկայացել էին սեփական ձեռքերով թխած գաթաներով՝ նպաստելով հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանից օրհնությամբ ստացան պատվոգրեր:

Արդեն չորս տարի շարունակ փառատոնին իր անգնահատելի ներդրում է բերում «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը: Այս տարի ևս նրա սաներն իրենց ներկայությամբ, երգով ու պարով ամբողջական ու ներկայանալի դարձրին Փառատոնը: Փառատոնին իրենց ներկայությունն էին բերել Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների անդամները, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:
Ավանդության համաձայն՝ հնում Միջինքի օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր: Փառատոնն ավարտվեց, «սկիզբ» դնելով «մոռացված» այս գեղեցիկ ավանդությանը:

 Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031