Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Նրանք չեկան, վախեցան, որովհետև մեղավոր են, իսկ մենք գնացինք, չվախեցանք»

Մարտ 24,2015 17:55

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մարտի 24-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Անցյալ շաբաթ Հայաստանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության խորհրդարանական «Եվրանեսթի» 4-րդ լիագումար նիստը: Այն շատ լավ էր կազմակերպված, բարձր մակարդակի ջերմ ընդունելություն. այսպես գնահատեցին մեզ մեր հյուրերը:

Այս փաստը մենք պատվով արձանագրեցինք:

Պատմական էր պահը մեզ համար, ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ Եվրանեսթի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունվեց: Մասնակիցների մեծամասնության կողմից քննադատվեցին ցեղասպանությունը, հայերի ցեղասպանությունը, ցեղասպանության ժխտողականությունը:

Այս փաստն էլ մենք փառքով արձանագրեցինք:

Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները` ԵՏՄ-ԵՄ-ը կողմնորոշման գործընթացում: Ինչպես նշեց ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը՝ մեր արտաքին քաղաքականության շնորհիվ իրականում մենք պատրաստ ենք ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև կամուրջի դեր ունենալ, որով էլ կբարձրանա տարածաշրջանում մեր դերը:

Այս փաստն էլ մենք հպարտությամբ արձանագրեցինք:

Հատկանշական է, որ Ադրբեջանը չմասնակցեց նիստին, ինչպես որ կարելի էր սպասել: Սա, թերևս, կրկին բացահայտում է նրանց իրական  դիմագիծն ու հակահայկական գործելակերպը, միաժամանակ նաև մեր եվրոպացի գործընկերների մոտ բացահայտում նրանց ոչ քաղաքակիրթ տեսակը: Չեկան, որովհետև չէին ուզում հայտնվել մարդու իրավունքներ, ժողովրդավարություն քարոզող այս կարևոր հարթակում՝ չկրելով այդ արժեքները:

Այդ փաստն էլ մենք օբյեկտիվորեն արձանագրեցինք:

Դա արձանագրեցին նաև Եվրոպացի մեր գործընկերները, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության ոտնահարումը, դա Ադրբեջանի ղեկավարության գործելակերպն է: Նրանք չեկան, վախեցան, որովհետև մեղավոր են, իսկ մենք գնացինք, չվախեցանք, որովհետև միշտ պատրաստ ենք տարբեր հարթակներում երկխոսության և համագործակցության՝ հանուն խնդիրների խաղաղ կարգավորման:

Փաստերն այլևս արձանագրված են, եկել է արդարություն պահանջելու և օբյեկտիվ գնահատական տալու ժամանակը:

Հետևությունները թողնում ենք մեր միջազգային գործընկերներին, նրանց ենք թողնում նաև Ադրբեջանի վարքագծի օբյեկտիվ գնահատականը:  Իհարկե, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մենք այս հարթակը չէինք վերածելու քարոզչության կամ ատելություն սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Բաքվում, երբ մեր պատվիրակությունն էր մասնակցում նիստին: Պարզ է, որ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափել, Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար:  Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն են հայտնել շփման գծի և Հայաստան – Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Մեկ անգամ ևս ուզում ենք հիշեցնել, որ նրանց կոչը Ադրբեջանին՝ հավատարիմ մնալու հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին, դեռևս մնում է անպատասխան: Դա է վկայում այսօր սահմանում անընդհատ լարվող իրավիճակը:

Այս փաստն էլ պետք է արձանագրել ցավով, բայց և հուսալով, որ միջազգային հարթակներում տարբեր ձևաչափերով նմանատիպ քննարկումները թույլ կտան ճիշտ գնահատել մեր ժողովուրդների առջև կանգնած մարտահրավերներն ու սթափության կոչեր անել նրանց, ովքեր խանգարում են միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031