Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Շաբոյանին. «Խորհուրդ կտամ ոտի տակ չընկնեք, լավ է չասացիք՝ «Երեւան սիթի», ամենացածր գները Հայաստանում»

Մարտ 26,2015 13:27

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում հիշեցրեց, թե ինչ բանավեճ եղավ իր եւ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջեւ. «Ես ասացի, որ ՀՀ-ում շաքարավազի գինը 395 դրամ է, միանգամից հակադարձեց, թե այսօր «Երեւան սիթիում» վաճառվում է 369 դրամով: Լավ է չասացիք՝ «Երեւան սիթի», ամենացածր գները Հայաստանում, գումարած 3 լավաշ: Որ տենց ասեիք՝ ավելի անկեղծ կլինեիք: Ձեր գործը Սերժ Սարգսյանի քվոտաները պաշտպանելն է, ուրիշ բանի համար չեք այդ պաշտոնին»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանում շաքարավազի մենաշնորհը եւ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ՝ նույն մարդուն: 369 դրամով նա շաքարավազը վաճառում է եւ իր խանութներում, եւ մանր ու միջին խանութներին. «Այդ գինը շահութաբեր գին է նրա համար, բայց մանր ու միջին խանութների համար չի կարող շահութաբեր լինել, որովհետեւ պետք է պահպանման, տրանսպորտի ծախս անեն եւ մի բան էլ շահույթ ապահովեն: Այսինքն, 5-10 տոկոս վրադիր պետք է անեն, եւ պետք է վաճառեն մինիմում 390-400 դրամով: Շաքարավազի մենաշնորհատերը կարող է վաճառել 369 դրամով, ի՞նչ է սա, եթե ոչ գերիշխող դիրքի չարաշահում, բա գերիշխող դիրքի չարաշահումը պոզով-պոչո՞վ է լինում»

Նա նաեւ զարմացավ՝ ո՞նց է պատահում, որ «Քարֆուրն» ու «Երեւան սիթին» նույն գնով են շաքարավազը վաճառում՝ 369 դրամ. «Պարզ է, թե ոնց է պատահում: «Քարֆուրը» պարտավորվել է, որ շաքարավազ չի բերելու ՀՀ, Սամվել Ալեքսանյանի հետ պայմանավորվել են ախպերափայով շաքարավազը տալ էժան գնով: Բա որ տարիներով «Քարֆուրը» գալիս էր, հետո չէր գալիս, հետո գալիս էր, հետո չէր գալիս, հետո եկավ՝ ի՞նչ էին քննարկում, այս հարցերն էին քննարկում: Հիմա ո՞վ է ճիշտ, Շաբոյա՞նը, որ ասում է ՀՀ-ում շաքարավազը 369 դրամ է, թե՞ ես, որ ասում եմ՝ 395 դրամ է»:

Հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց Շաբոյանին. «Դուք եկել եք ստեղից հանդուգն եւ լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին: Եթե ձեր հայտարարությունների շնորհիվ օլիգարխիան ձեր պարգեւավճարները 50 տոկոսով ավելացնելու է, ուրախ եմ ձեզ համար: Ես ձեզ հետ բանավիճելու խնդիր չունեմ, դուք այդ ֆիգուրը չեք: Բայց ես ձեզ խորհուրդ կտամ ոտի տակ չընկնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ՝ եզրափակիչ ելույթում Արտակ Շաբոյանը պատասխանեց քննադատություններին: Դիտեք «Առաջին լրատվականի» տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031