Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանի գործով պաշտպանը հարցեր չէր տալիս վկաներին, ասելով՝ լիազորված չի (Ֆոտոշարք)

Մարտ 27,2015 14:25

Անհասկանալի կարգավիճակով էր այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Հայկ Կյուրեղյանի քրեական գործով մասնակցում հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Անժելա Հոբոսյանը:

Դատարանում ցուցմունք տված տուժողին, վկաներին՝ թվով ութ, երբ նրանք ավարտում էին իրենց ցուցմունքները, որեւէ հարց նա չէր տալիս, ասելով, թե լիազորված չի: Կյուրեղյանը եւս չէր մասնակցում իր իսկ դեմ հարուցված քրեական գործով դատական քննությանը, բնականաբար, չէր կարող հաստատել կամ միջնորդություններ անել վկաների ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ, էլ չենք խոսում, այն մասին, որ նա չէր կարողանում օգտվել իր դատավարական իրավունքներից:Հետեւաբար, պատահական չէր դատական նիստի ավարտին դահլիճում նիստը հետեւող քաղաքացիների վրդովմունքը.լավ, մի քաղաքացի չկա՞ր, որ վկայություն տա, տեսնենք իրականում ինչ է կատարվել:

Ցուցմունք տվածները ոստիկանության աշխատակիցներն էին ու դատական կարգադրիչները, որոնք անցյալ տարվա հունիսի 12-ին իրենց ծառայությունն են իրականացրել նույն այս դատարանի մուտքի մոտ, դատարանի ներսում:

Դատարանում այդ ժամանակ նշանակվել էր Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով անդրանիկ դատական նիստը, քաղաքացիներ են գտնվել եւ մուտքի մոտ եւ ներսում:

Տուժող Սամսոն Ղարիբյանն ասաց, թե դեպքի օրը նկատել է սպիտակ ավտոմեքենայի վրայի տանիքին կանգնած մի երիտասարդի, որը կրակել է միայն ոստիկանների ուղղությամբ, սպառնացել է իրեն մոտեցողներին պայթեցնել:

Kurexyan_10 Kurexyan_9 Kurexyan_8 Kurexyan_7 Kurexyan_6

Նրա գործողությունների հետեւանքով վիրավորվել է տուժողը: «Ինձ հնարավոր եղավ մոտենալ, կոչ եմ արել ատրճանակը վայր դնել, երկու անգամ ասել եմ՝ մարդիկ են անցնում, վայր դիր ատրճանակը»,-ասաց տուժողը, որը նաեւ հաշվարկել էր, թե մեկ քառակուսի մետրի վրա երկու մարդ է կանգնած եղել մուտքի մոտ, իսկ անցորդներն էլ ազատ շարժվելու իրավունքից չեն զրկվել:

Ըստ նրա՝ Հայկ Կյուրեղյանի գործողությունները բացահայտ արհամարհանք էին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Այս տուժողն ասաց, որ ձախ ուսից եւ գլխից վիրավորվելուց հետո տեղափոխվել է Մասիվի հիվանդանոց, քաղհայցի պահանջ չուներ, սակայն վիրավորական համարեց, որ իրենց վրա կրակողին մարդիկ հերոս են անվանում, անընդունելի համարեց իշխանության ներկայացուցիչների դեմ ոտնձգությունները, ցանկացավ Ցեղասպանության հարյուրամյակի մասին զուգահեռ անցկացնել,  սակայն նիստերի դահլիճից հետեւեց. «Դուք ինչ կապ ունեք ցեղասպանության հետ» ռեպլիկը:

Վկա Գեւորգ Վարդանյանը նկատել էր, որ Հայկ Կյուրեղյանն անկանոն կրակոցներ է արձակել, լսել էր «չմոտենաք, կկրակեմ, կպայթեցնեմ» արտահայտությունները, սեռական բնույթի հայհոյանք չէր լսել: Վկա Արտակ Օհանյանը հայտնեց, որ Կյուրեղյանի գործողությունների հետեւանքով վիրավորվել են ոստիկանության հինգ աշխատակիցներ, մասնավորապես, Հայրիյանը, Այվազյանը… Հարցին, թե ինչով է կրակել Հայկը, նա պատասխանեց. «Մակարովով»:

Վկա Գեւորգ Սալմանյանը հաստատեց, որ վնասվածքներ են ստացել Արտաշես Նիկողոսյանը, Արայիկը, Սամսոնը, Միքայել Այվազյանը: Ձեռքին, բացի ատրճանակից, տեսել էր սեւ իր:

Հինգերորդ վկան՝ Դավիթ Չիբուխչյանն էր: Նա նկատել է իր գործընկեր Աբելյանի ուղղությամբ կրակոցը, նկատել է ականջից վիրավոր Այվազյանի արյունը:Այս վկան հայտնեց, որ երբ ոստիկանություն էր տարվել Կյուրեղյանը, ինքը դեպքի վայրից հինգից-յոթ փամփուշտ է հավաքել, փոխանցել ոստիկանությանը:

Դատական կարգադրիչներից Գուրգեն Թադեւոսյանի նախաքննության եւ դատաքննության ժամանակ տրված ցուցմունքները տարբերվեցին, հետեւաբար, հրապարակվեց նախաքննության ժամանակ տրված նրա ցուցմունքը: Կարգադրիչը հաստատեց այն, ասելով, թե երկար ժամանակ էր անցել, չի հիշել:

Կարգադրիչն Հայկից բացի այլ անձի կրակելիս չէր տեսել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 17-ին:

Kurexyan_5 Kurexyan_4 Kurexyan_2 Kurexyan_1 Kurexyan_11

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031