Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային աստղերը՝ Խորեն Հովհաննիսյանի մասին

Մարտ 27,2015 20:09

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալու է 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ֆուտբոլային հանդիպում՝ ԽՍՀՄ եւ Աշխարհի հավաքականների միջեւ:

Լեգենդար մարզիկի պատվին կազմակերպված այդ հանդիպմանը մասնակցելու համար Երեւան ժամանել եւ դեռ շարունակում են ժամանել ինչպես նախկին Խորհրդային Միության, այնպես էլ համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Վալերի Գազզաեւը, Եվգենի Լովչեւը, Անատոլի Բիշովեցը, Լեոնիդ Բուրյակը, Իգոր Բելանովը, Զամորանոն, Ստոիչկովը, Կանդելան, Ֆերրեյրան, Ալդաիրը եւ այլոք: Բնականաբար, ԽՍՀՄ հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանի հետ միասին եւ ԽՍՀՄ առաջնության ժամանակ մրցակից ակումբներում նրա դեմ խաղացած ֆուտբոլիստներն ավելի շատ բան ունեին հիշելու եւ պատմելու:

gazzayev

Վալերի Գազզաեւվ: «Մենք եկել ենք մեծարելու իսկապես ականավոր ֆուտբոլիստի, որի հետ ես խաղացել եմ 80-ականներին: Նա բառիս բուն իմաստով լիդեր էր բոլոր թիմերում, ինչը շատ կարեւոր հատկանիշ է ֆուտբոլիստի համար: Խորենը անթերի տեխնիկա ուներ՝ բնորոշ բրազիլացիներին: Միանգամայն բաց կարող եմ հայտարարել, որ մեր սերնդի ֆուտբոլիստների մեջ ոչ-ոք նրա նման տեխնիկա չուներ: Ու այսօր էլ չեմ տեսնում այդպիսի ֆուտբոլիստի: Նրա դեմ միշտ էլ շատ դժվար է եղել խաղալը: Խորենը հոգս էր ցանկացած պաշտպանության համար: Ու դա բնական էր: Երբ խոսում էին «Արարատի» մասին, ասում էին, որ այնտեղ խաղում է Խորեն Հովհաննիսյանը: Խորենը ենթահարձակվող էր ու նրա հետ խաղալը միայն հաճույք էր պատճառում հարձակման գծի ֆուտբոլիստներին»:

Եվգենի Լովչեւ: «Գաղտնիք չէ, որ այստեղ նստածներս մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո որպես մարզիչ որոշակի հաջողությունների հասել ենք: Բայց շատերը մի տեսակ մոռացության են մատնվել: Բարեբախտաբար, մեծ հոգու տեր հայ մարդիկ կան, որոնք հիշում են 70-ական թվականների հայկական ֆուտբոլի ոսկե սերունդը: Դա ԽՍՀՄ առաջնության ոսկին է, գավաթը: Վերջերս Մոսկվայում մի խումբ հայեր մեծարեցին Սարգիս Հովիվյանին: Հիմա այստեղ է խոշոր գործարար Արթուր Սողոմոնյանը, որը հիշում է այն մարդկանց, ովքեր երբ ինքը փոքր էր, իրեն ուրախություն էին պատճառում, որ Հայաստանում կան այդպիսի ֆուտբոլիստներ: Ընդորում, Արթուր Սողոմոնյանն օգնում է նաեւ ռուս ֆուտբոլիստներին: Անցած տարի նա կազմակերպեց Արմեն Սարգսյանի 50-ամյակը, իսկ հիմա՝ Խորեն Հովհաննիսյանինն է կազմակերպել: Այստեղ մի փոքր վիճելի հարց կա: Արկադի Անդրեասյանը կարող է ասել, որ ինքն է ականավոր ֆուտբոլիստ, Էդուարդ Մարգարովը՝ ինքը: Նրանք բոլորն էլ ականավոր են: Ես հետխորհրդային շրջանում չեմ հիշում, որ որեւէ մեկը համաշխարհային մեծության այսպիսի ֆուտբոլային աստղերի հավաքի մեկտեղ: Նայեք այստեղ նստածներին: Բոլորն էլ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ ու մարզիչներ են: Աշխարհի հավաքականին նայեք: Ու ձեր հայրենակիցները դա արեցին ի պատիվ Խորեն Հովհաննիսյանի, որին մենք բոլորս սիրում ենք: Վաղը լավ ֆուտբոլ է լինելու: Ճիշտ է, արագությունները այն չեն լինի, բայց գերազանց վարպետություն խոստանում ենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031