Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյանը՝ Գյումրիի դանակահարությունից. «Ոստիկանները՝ ոնց որ աղոթած էշ սթայլ»

Մարտ 30,2015 12:42

Այսօր «Հայելի» ակումբում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը մանրամասներ պատմեց ոստիկանների քթի տակ Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Հրաչիկ Միրզոյանի դանակահարության միջադեպից:

Նրա խոսքերով՝ դրանից երկու շաբաթ առաջ ավտոերթ էին ուզում անել, ինչպես գիտեք, չկայացավ՝ «Հիմնադիր խորհրդարանը», երբ ճանապարհը փակեցին, որոշեցին կոնֆլիկտ չանել. «Երեկ չէ առաջին օրվա դեպքի մատղաշ հերոսների մեջ լրագրողները ճանաչեցին նրանց, ովքեր եղել էին այդ ավտոերթը խափանողների մեջ: Սրանք 15-30 տարեկան ջահելություն էին: Հիմնականում 15-20 տարեկան: Ունեին փոքրիկ բրիգադիր, որը երեւում էր եւ որին մատնացույց արեց Հրաչիկը: Նրա հայրը երեկ Գյումրիում ասել էր, որ իմ որդին մեղավոր չէ, պատահական է եղել այնտեղ: Բայց այդ մարդը պատահական մի քանի անգամ ջահելության հետ եղել է ցուցարարների մեջ, փորձել է ահաբեկել նաեւ լրագրողներին: Բայց հետին պլանում՝ Շախմատի տան մոտ, կային ավելի բարձր կարգի բրիգադիր-կառավարիչներ, որոնք կիսաքրեական շրջանակներից էին: Նրանցից ոմանք հայտնի են մեր գյումրեցիներին: Հեռակա կառավարում էր տեղի ունենում:

Այդ ամբողջ լինում էր ոստիկանության ներկայացուցիչների աչքի առաջ: Ոստիկաններին երեւի մի 30 անգամ ցուցարարներից դիմել են, ես ինքս էլ եմ դիմել, որ ժողովուրդ, դուք եկել եք ստեղ աղոթած էշի նման ձեզ պահում եք, անունն ի՞նչ եք դնելու: Արյո՞ւն է ձեր ուզածը, սպասում եք մեկի փորը թափե՞ն: Սա ասվել է մինչեւ դանակահարությունը: Գնդապետ, ոստիկանության վարչության պետի տեղակալ «Պանել» Աշոտ: Ազգանունն էլ չեմ ասում, քանի որ այդ մարդը ցույց տվեց, որ պանելից, ըստ էության, շատ չի տարբերվում: Մի հատ էլ գնում, գալիս էր, հեռախոսով գործնական ինչ-որ զանգեր էր անում: Լիքն էին ոստիկանները, ոչ մի բան չարեցին, մինչեւ գյադեքը որոշեցին ձվերով խփել հեռվից: Չէին սպասում: Ի վերջո, մեկը դանակահարեց Հրաչիկ Միրզոյանին: Բոլորին թվաց, թե քերծվածք է, դու մի ասա թափանցող հարված է եղել, փայծաղը հեռացվել է: Մարդուն սարքեցին կես մարդ, մեկին էլ՝ քրեական հանցագործ»:

Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոչնչից այսպիսի մեծ բան դարձավ: Հանրահավաք էր, ամենաշատը 500-600 մարդ կար: Պիտի ավարտվեր եւ գնային խաղաղությամբ, բայց ռեժիմին հաջողվեց խփել իրար. «Այս կիսաքրեականները եւ իրենց ինչ-որ տեղ գողական համարողները երեւի տեղյակ չեն գողականի կանոններին, որոնք հանրահայտ են հասարակությանը՝ երբեք չկատարել իշխանության հրահանգները, երբեք չլինել կամակատար: Ջահելներին բերեցին փաստորեն ցուցարար ծեծելու»:

Իսկ թե ինչու էր Լեւոն Բարսեղյանը մասնակցում «Հիմնադիր խորհրդարանի» ցույցերին, նա ասաց, որ երբ Գյումրիում է լինում, կապ չունի, թե ում ցույցն է. «Եկել եմ 15 րոպե ուշացումով: Պաստառներն իրենց տեսա: Ելույթներում չի եղել մի այնպիսի բան, առաջին լեզվակռիվը եղել է ինձ հետ: Կենտրոնում էի կանգնած, ջահելներից ինչ-որ մեկը սկսեց ղժժալ: Ասի՝ տղերք, թարգ տվեք: Մի կերպ ճանապարհեցինք: 5 րոպեից գնացին, հետո նորից ցուցումներ ստացան, եկան, հետո նորից, հետո՝ նորից: Վերջում որոշեցին ձվերով խփել: Այսինքն, պատվերն անընդհատ չէր ստացվում կատարել»:

Լեւոն Բարսեղյանը զարմացած էր հատկապես ոստիկանների պահվածքից. «Սադրիչները կփորձեին սադրել, բա ոստիկանությունն ինչի՞ համար է, որ դա խափանի: Այդ հանրահավաքն իրազեկված է եղել: Պատշաճ իրազեկել են քաղաքապետարանին, էներգասնուցումը պատշաճ ապահովել են, ոստիկանությունն էլ եկել էր: Բա ինչի՞ ենք մենք իրենց հագցնում- կապցնում, ավտո տալիս: Չե՞ք կարող, ես որեւէ դեպք չեմ հիշում, որ նման հարձակումներից հետո որեւէ մեկին ենթարկեն պատասխանատվության: Ոստիկանների աչքերի առաջ ինչ այլանդակություն ասես՝ արեցին: Պետքներն էլ չէր՝ աղոթած էշ սթայլ: Ով դիլխոր է այս բառից, թող դատի տա ինձ: Աղոթած էշի վարք է դրսեւորել ոստիկանությունը: Չեն հավատում՝ թող տեսագրությունները նայեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031