Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմնակի ենթական կամ բաղաձայնների տեսակները իրավագետի ինչի՞ն են պետք»

Ապրիլ 04,2015 15:00

Ըստ Յուրի Ավետիսյանի, «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ»
ձեռնարկի Ա եւ Բ գրքերը կարող են «խոսել» սովորեցնել

Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնը եւ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը հրատարակության են երաշխավորել «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ» ձեռնարկի երկու մասերը:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանը (լուսանկարում), նախատեսվում է գիրքը շրջանառության մեջ դնել որպես ուսումնական ձեռնարկ բուհերի ոչ մասնագիտական (հումանիտար եւ բնագիտական) ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների համար։ Այդ ֆակուլտետներում կրթական ծրագրով այժմ նախատեսված առարկան կոչվում է «Հայոց լեզու եւ գրականություն»։ Պարոն Ավետիսյանի ձեւակերպմամբ, լեզուն եւ գրականությունը տարբեր առարկաներ են եւ չեն կարող դասավանդվել մեկ դասընթացի շրջանակներում (ժամաքանակը 64 ժամ է՝ շաբաթական մեկ մուտքով)։ «Առաջադեմ որեւէ երկրի քիչ թե շատ առաջադեմ որեւէ համալսարանում այդպիսի «միացյալ» առարկա չի դասավանդվում։ Ազգային համալսարանների հիշյալ ֆակուլտետներում չի դասավանդվում նաեւ այս կամ այն ժողովրդի ազգային լեզուն՝ որպես այդպիսին։ Դասավանդվող առարկան սովորաբար վերաբերում է խոսքի մշակույթին։ Մեր դեպքում առարկան կարող է կոչվել «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ»։ Առաջարկվող ձեռնարկը վերնագրված է հենց այդպես՝ «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ» (Ա եւ Բ գրքերով)»,- փաստում է ամբիոնի վարիչը։

hayoc--lezu

Նաեւ հավելում է. «Հաճախ մեր աշակերտներին եւ բուհերի ուսանողներին շատ համառ հետեւողականությամբ փորձում ենք սովորեցնել հայոց լեզվի կանոններն ու օրինաչափությունները, բայց կարեւոր չենք համարում նրանց ուսուցանել դրանք՝ խոսքում կիրառելու հմտությունները, չենք «վարժեցնում» գեղեցիկ խոսելու արվեստին, յուրացնել չենք տալիս բանավիճային խոսքի լեզվաոճական հնարներն ու ձեւերը, ճարտասանության գաղտնիքները: Չէ՞ որ դրանք անձի համար կարեւոր են ոչ միայն մասնագիտական միջավայրում դրսեւորվելու, այլեւ հասարակական կյանքում արժանի տեղ ունենալու, ինքնահաստատվելու համար»։

Մեր զրուցակիցը նշեց, որ «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթը» (գիրք Բ) նախորդի շարունակությունն է. վերաբերում է խոսքի որակների բնութագրմանը, հաղորդակցման արտահայտիչ եւ ազդեցիկ ձեւերին կամ այլ կերպ ասած՝ խոսքի մշակույթին, ներկայացնում է խոսքի ընդհանուր ձեւերն ու հատկանիշները, խոսքի արժանիքները, գործառական տարբերակները՝ իրենց յուրահատկություններով ու դրսեւորումներով։
Յուրի Ավետիսյանն ասում է, որ հաղորդակցման հմտություններին տիրապետելը հաջողության հասնելու ամենամեծ գրավականն է. «Ազդու, գեղեցիկ, տպավորիչ, տրամաբանված խոսքը հզոր գործիք է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասարակության մեջ եւ հանրային կյանքում որոշակի դիրք ունենալ, կարիերա ստեղծել կամ պարզապես ներդաշնակ հաղորդակցվել մարդկանց հետ, միջավայրում երեւալ որպես նպատակային, բանիմաց ու հետաքրքիր անձնավորություն։ Ձեռնարկը կօգնի ուսումնառության ընթացքում ձեռք բերելու մասնագիտական հմտություններ ու կարողություններ, իսկ հետագայում՝ դրանք հաջողությամբ կիրառելու նաեւ աշխատանքային գործունեության մեջ»։

Նա նշեց, որ այս կարգի ուսումնասիրություններ կամ ձեռնարկներ ստեղծելու փորձեր էլի են արվել, սակայն դրանք կա՛մ առավելապես հանգել են խոսքի ոճական առանձնահատկությունների քննությանը (լեզվական միավորի ոճական կիրառություններ, գործառական ոճեր, օրինակ՝ Լ. Եզեկյան՝ «Ոճագիտություն», Ս. Մելքոնյան՝ «Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության» եւ այլն), կա՛մ միտված են եղել առարկայի տեսական հարցադրումների եւ հիմունքների բացատրությանը (՝Պ. Պողոսյան՝ «Խոսքի մշակույթի եւ ոճագիտության հիմունքներ», երկու գրքով»)։

Պարոն Ավետիսյանից պարզեցինք, որ խնդիր են դրել ԵՊՀ մեծ խորհրդի առջեւ, որ բուհում դասավանդվող ե՛ւ առարկան փոխվի, ե՛ւ առարկայի բովանդակությունը վերջապես փոխվի: Խորհուրդն էլ պետք է խնդիրը ներկայացնի ԿԳ նախարարությանը, նախարարությունը՝ Ազգային ժողովին եւ կառավարությանը: «Գրեթե բոլոր ֆակուլտետների դեկանները համաձայն են, որ երեխաներին խոսել է պետք, թե չէ հաճախ լավագույն ուսանողները չեն կարող իրենց աշխատանքը ներկայացնել, կողմնակի ենթական կամ բաղաձայնների տեսակներն, օրինակ, իրավագետի ինչի՞ն են պետք: Իրավաբանը պետք է կարողանա իր մասնագիտությունը նորմալ ներկայացնել, տիրապետել ճարտասանական արվեստին»,- համոզված է Յուրի Ավետիսյանը:
Ձեռնարկում առանց անուններ տալու բերված են նաեւ տրամաբանական սխալների օրինակներ պաշտոնյաների խոսքից, փաստաթղթերից, ներկայացված են խիստ ժամանակակից նյութեր: «Գրքում մտքեր կան խոսքի արժեքի մասին: Այսօր մենք հայտնվել ենք այնպիսի մի վիճակում, որ մարդիկ խոսելով են իրենց գործը առաջ տանում, հաղորդակցականությունը ըստ վիճակագրության՝ համար առաջին պայմանն է կարիերա ստեղծելու համար, հետո գալիս է լեզվի, ապա մասնագիտական իմացությունը: Նապոլեոն Բոնապարտը պատահական չի ասել, թե ով խոսել չգիտի, կարիերա չի կարող ստեղծել»,- նշում է պարոն Ավետիսյանը:

Երկրորդ գրքի հեղինակներից ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Ներսիսյանը հավելում է, որ գրքում ներկայացված է, թե լեզուն զարգացման ինչ միտումներ ու տեղաշարժեր ունի: Նրա բնորոշմամբ, ձեռնարկը մեկ քայլ առաջ է, եւ ի տարբերություն մյուս դասագրքերի, որոնց նյութը քաղվում էր գրականությունից, այս ձեռնարկի նյութը ժամանակակից խոսքից է, օրինակները՝ դիվանագիտությունից, պաշտոնական հաղորդագրություններից, մամուլից:
«Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ» ձեռնարկի առաջին մասի հեղինակը Յուրի Ավետիսյանն է, երկրորդ գրքի վրա, բացի նրանից, մասնագետների մեծ թիմ է աշխատել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930