Լրահոս
Օրվա լրահոսը

Սոսո Պավլիաշվիլին հանդես կգա հայ արտիստների հետ

Ապրիլ 06,2015 13:00

Մայիսի 2-ին Երեւանում կկայանա «Երկինք ափի մեջ» համերգը, որին կմասնակցեն ճանաչված վրացի արտիստ Սոսո Պավլիաշվիլին եւ հայ երգչուհիներ Անչոկն ու Նարի Հարությունյանը:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն եւ պրոդյուսեր Զառա Մխեյանը, համերգի ընթացքում երգիչների եւ հայ երաժիշտների կատարմամբ կհնչի միայն կենդանի երաժշտություն: Նրա ձեւակերպմամբ, հատուկ խումբ է հավաքվել, գեղեցիկ շոու է լինելու, մասնակցելու են նաեւ պարային համույթներ: «Իմ գաղափարն է եղել այդ երեք երաժիշտներին մեկ համերգում մեկտեղելը: Անչոկը մեր լավագույն պրոֆեսիոնալ երգչուհիներից է, նրան ճանաչում եմ 14 տարեկանից, լավագույն ջազային երգչուհիներից է, ուղղակի վերջին տարիներին նա փոխել է ոճը եւ էստրադային ժանրում է հանդես գալիս: Նարի Հարությունյանը լավագույն հեղինակ կատարողներից է, գտնում եմ, որ նրանց էներգետիկան, խարիզման համերգի ընդհանուր կոնցեպցիայի մեջ շատ սազում են իրար հետ: Նրանք կարող են այնպիսի հույզեր ու երաժշտական որակ պարգեւել ժողովրդին, որ սիրո եւ բարության տոնի վերածվի: Ինչ վերաբերում է Սոսո Պավլիաշվիլիին, նրան էլ ներկայացնելու հարկ չկա: Սոսոն այն երգիչներից է, որ մշտապես կենդանի կատարմամբ է հանդես գալիս: Ի դեպ, նա նաեւ Անչոկի եւ Նարիի գործընկերն է՝ համատեղ «Շանսոն» ակումբ են բացել: Բոլոր այդ երգիչներին լսելով՝ ես որոշեցի մի համերգ նախաձեռնել նրանց մասնակցությամբ: Ակումբում տեսել եմ, թե ինչպես են աշխատում, որոշեցի անպայման համերգ կազմակերպել, քանի որ իրենց ակումբը փակ ակումբ է եւ լայն մասսաներին նրանց արվեստը հասու չէ»,-նշեց պրոդյուսերը:

Նարի Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալիքներ ունի կայանալիք համերգից: «Ակնկալում եմ եւս մեկ հանդիպում իմ շատ սիրելի հանդիսատեսի հետ, ակնկալում եմ տեսնել նրանց բարի աչքերը, ջերմ ծափահարությունները եւ ժպիտները, ակնկալում եմ, որ նրանք կրկին ինձ ուժ կտան, որպեսզի շարունակեմ ոգեւորությամբ ստեղծագործել»,-ասաց հեղինակ կատարողը: Տեղեկացրեց, որ հանդես է գալու բացառապես իր հեղինակային ստեղծագործություններով՝ կլինեն թե սիրված հին երգերը եւ թե նոր գործեր:
Իսկ ի՞նչն է գնահատում հայ հանդիսատեսի մեջ: «Կուզենայի, որ հայ հանդիսատեսը զերծ մնար օտարամոլությունից, ավելի շատ գնահատեր հայ արտիստներին, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ իմ հանդիսատեսին, այն պարզապես անթերի է»,-պատասխանեց Նարին:

Անչոկն էլ պատասխանելով մեր հարցին, թե ինչու է ինքնամփոփվել, ասաց, որ ժամանակավոր պասիվությունը կապված է բալիկի ծնվելու ու նրան մեծացնելու հաճելի հոգսերի հետ: Հավելեց, որ ինչպես ցանկացած երգչի, այնպես էլ իր երազանքն է լինել մեծ բեմերում, մեկնել շրջագայությունների, միլիոնավոր տպաքանակով ձայնասկավառակներ թողարկել, սակայն դա, ցավոք սրտի, հնարավոր չէ՝ Հայաստանում փոքր շուկայի պատճառով: Նարի Հարությունյանն էլ փաստեց, որ այստեղ արտիստներն աշխատում են, որպեսզի իրենց հրավիրեն կորպորատիվ միջոցառումների:

Նա տեղեկացրեց, որ ոչինչ չի կարող իրենց հուսահատեցնել եւ նույն ոգեւորությամբ շարունակում են տեսահոլովակներ նկարել ու երգեր գրել: Անչոկի համար ինքը երկու նոր երգ է գրել, վերջինը մեկ շաբաթից հասու կլինի ունկնդրին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում` Անչոկը (ձախից), Սոսո Պավլիաշվիլին եւ Նարի Հարությունյանը:

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930