Լրահոս
Օրվա լրահոսը

3 իրական փաստարկ, որ քրիստոնեությունն առնվազն այս աշխարհից չէր

Ապրիլ 07,2015 13:00

Նա լվաց իր աշակերտների ոտքերը: Նույն ժամին իր աշակերտներից մեկն իրեն դավաճանեց, մյուսներն էլ ուրացան ու փախան, բացի մեկից: Նրա դեմ սուտ վկայություններ արեցին, ծեծեցին, ձեռ առան ու խաչեցին: Նրա հետեւորդները հրեա առաջնորդների ահից վախենում էին հավաքվել իրար հետ: Այսուհանդերձ, Նրա անվան հետեւորդների քանակը, որ կոչվում էին քրիստոնյաներ, օրեցօր շատանում էր: Ասացեք խնդրեմ, այսպիսի կրոնը, եթե միայն մարդկանց կողմից ստեղծված սուտ լիներ, ունե՞ր, արդյոք, որեւէ շանս աճելու եւ մեծանալու:

Նրա հետեւորդները 300 տարի շարունակ սպանվում էին Հռոմեական կայսրությունով մեկ: Կայսրերը նրա հետեւորդներին կապում էին իրենց պարտեզների սյուների վրա, յուղ քսում ու վառում, որպեսզի երեկոյան զվարճանքի ժամանակ սյուները լավ լուսավորեն պարտեզները: Նրա հետեւորդները հալածվելով՝ ողջ-ողջ առյուծների ու վագրերի կեր էին դառնում Հռոմեական կոլիզեումներում ու ամֆիթատրոններում: 300 տարի Նրա հետեւորդ լինելը նշանակում էր մահ: Ասացեք խնդրեմ, ո՞վ կգնար այսպիսի մեկի ետեւից, կամ ո՞վ կթողներ, որ իր զավակները գնային ու միանային Նրա հետեւորդների խմբերին: Ամեն ինչ պետք է որ շուտվանից արդեն մոռացված ու կորած վերջացած լիներ: Այո,՛ եթե այն մարդկային ջանք էր: Սակայն Նրա հետեւորդների թիվն ահռելիանում էր ու գրավում ամբողջ կայսրությունը: Մարդիկ երանություն էին համարում առյուծի կեր դառնալը ու Նրա անունի համար մարտիրոսվելը: Քրիստոսի եկեղեցին հաղթում էր մահը: Սա ի՞նչ ուժ է:
Նա ինքը հատուկ կրթություն չէր ստացել: Նույնիսկ մայրաքաղաքից էլ չէր, այլ՝ գավառից: Նրա աշակերտներն էլ, որ ի գին իրենց կյանքի Իր խոսքերն ու ուսմունքն էին տարածում ամբողջ աշխարհով, ընդամենը գավառական ձկնորսներ էին: Բայց արի ու տես, որ այս մարդիկ խոսում էին այնպիսի ճշմարտասիրական գաղափարների մասին, որոնք մինչ այժմ անընկալելի են միլիոնավոր մարդկանց համար: Ահա, օրինակ, դրանցից մեկը՝ թէ Երկնքի Արքայությունը ձեր ներսում է: Այսինքն, թէ ուրախության հասնելը եւ թէ տխրության պատճառը, ձեր ներսում պիտի փնտրեք: Ինչպե՞ս կարող էին գավառական աղքատ ձկնորսներն այսպիսի գաղափարների համար համաշխարհային քարոզիչներ դառնալ ու իրենց կյանքը դնել Նրա համար: Ասացեք խնդրեմ, այս ամենը հնարավո՞ր է, եթե սա միայն մարդկային ձգտման արդյունք լիներ:

Թեեւ այն, ինչ մասին գրում եմ, կոչվում է Հավատք, բայց ահա ձեզ շարադրեցի 3 իրական ու անաչառ փաստարկներ, որոնք թույլ են տալիս նույնիսկ անհավատ մարդուն եզրակացնել, որ քրիստոնեությունը առնվազն այս աշխարհից առաջացած կրոն չէ, որովհետեւ հանգամանքները ցույց են տալիս, որ այն չուներ որեւէ շանս աճելու կամ բազմանալու: Առանց Աստծո, ինչպե՞ս կարող էր այս ամենն իրականանալ:

Ուրեմն թող ամեն մարդ իրեն հարց տա, թե ո՞վ է ինքը, ինչո՞ւ է ապրում եւ ո՞րն է իր հույսի պատճառը:

Նրա անունը Հիսուս է: Նազարեթ քաղաքից: Անցյալ Չորեքշաբթի Քրիստոնյաները հիշեցին, թէ ինչպես իր աշակերտն իրեն մատնեց 30 արծաթով: Հինգշաբթի օրը, որ կոչվում էր Ավագ Հինգշաբթի, Նրա հետեւորդները հիշեցին, թէ ինչպես Նա խոսեց սիրո եւ ներողամտության մասին ու Տէր լինելով, լվաց իր աշակերտների ոտքերն ու նրանց պատվիրեց այդպես վարվել կյանքում: Ուրբաթ օրը մենք հիշեցինք, թէ ինչպես Նրան խաչեցին ու Նա խաչի վրա ներեց իրեն խաչողներին: Բայց Նա խոստացել էր իր հետեւորդներին, որ 3-րդ օրը կողջանա ու Հարություն կառնի: Եվ եղավ այդպես:

Սիրելի ընթերցող, այս ամենը չգիտեմ քեզ մոտ ինչ զգացմունքներ առաջացրեց: Բայց եթե այս խոսքը քեզ հասավ, ապա այս Հարության օրերին, դու էլ գեթ մեկ անգամ քեզ հարց տուր այնպիսի անաչառությամբ, ինչպիսին որ այս գրվածքի երեք փաստարկներն էին: «Ո՞վ է Հիսուս Քրիստոսն ինձ համար: Ո՞վ է այս պատմական անձն ու ինչո՞ւ այսպես ապրեց»: Հավատացնում եմ քեզ, պատասխանները կգտնես՝ Իր խոսքը կարդալով, սրտիդ ներսը փնտրելով, ու հենց Իրեն հարցնելով:

Քրիստոս Հարյավ Ի Մեռելոց: Օր, որ «մարդկային ցեղի ամենամեծ հաղթանակի օրն էր»,- ասում է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ձեզ եւ մեզ մեծ ավետիս:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար գրեք
իմ Ֆեյսբուքի էջին

https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930