Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիշատակի համերգներ է ունեցել

Ապրիլ 22,2015 13:30

Սկանդինավյան երկրներ կատարած «Հիշում եմ, պահանջում եմ…» խորագրով համերգային շրջագայությունից օրերս հայրենիք վերադարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան):

«Առավոտի» հետ զրույցում նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ ապրիլի 11-14-ը Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչման երեկոներով հանդես են եկել Ֆինլանդիայում, Դանիայում եւ Նորվեգիայում: Մեր զրուցակիցը նշեց, որ ելույթ են ունեցել հիշյալ երկրների հեղինակավոր սրահներում՝ Տամպերեի Congress and Concert Centre-ում, Կոպենհագենի DR սրահում, Օլբորգի Musik Kens Hus-ում եւ Օսլոյի թագավորական Dom Kirke տաճարում: «Հնչեցրինք համաշխարհային դասական երաժշտության գանձարանից ընտիր նմուշներ՝ Արամ Խաչատրյանից մինչեւ Բեթհովեն, Գրիգ, Չայկովսկի, Շիմանովսկի: Մեզ միացան հանրահայտ ջութակահարներ՝ գերմանացի Իզաբել Ֆաուստը, նորվեգացի Հեննինգ Բրագերուդը, ինչպես նաեւ Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները՝ դաշնակահար Մարիաննա Շիրինյանը (Դանիա) եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը»,- մանրամասնեց տնօրենը: Տիկին Սիրունյանի խոսքերով՝ համերգների նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Դանիայում եւ Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Նշեց, որ համերգային այս շրջագայությունը կայացել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ստեղծված հանձնաժողովի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց արտերկրյա հեղինակավոր պարբերականների արձագանքը համերգներին, այդ թվում՝ ֆիննական Helsingin Sanomat, դանիական Hasse Ferold, Hasserisavis, նորվեգական Heyevent եւ այլն: Տիկին Սիրունյանն ասաց, որ հազարավոր երաժշտասերներ են ներկա եղել համերգներին. Օսլոյի թագավորական տաճարում՝ 800-ից մինչեւ ամենամեծ՝ Տամպերեյի կոնգրեսի պալատում՝ շուրջ 2000 մարդ: «Համերգների ավարտին մեզ էին մոտենում ոչ միայն այլ երկրներում հայաստանյան դեսպանատան աշխատակիցներ, պաշտոնյաներ, այլեւ հյուրեր այլ երկրներից: Սկսվում էր յուրօրինակ երկխոսություն ցեղասպանության շուրջ: Հետաքրքիր էր, որ առաջին անգամ զգացինք, որ լեզվական արգելքը չէր խանգարում. նրանց աչքերից էր երեւում այն մեծ ցավը, որ կիսում են մեզ հետ, մանավանդ՝ Տամպերեյում կայացած համերգից հետո, երբ հանդիսատեսը հրավիրվեց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսին, ուր ներկայացված էին փաստավավերագրական նյութեր, չնկատեցի գոնե մեկին, որ անտարբեր անցներ լուսանկարների կողքով: Ավելին, շատերը նույնիսկ արտասվում էին…»,- ասաց Ռուզան Սիրունյանը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը հավելեց նաեւ, որ մայիսի 12-14-ն էլ Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով կհյուրընկալվեն ԱՄՆ եւ Մեքսիկա: Նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա դարձյալ հայտնի սրահներում՝ Լոս Անջելեսի Walt Disney-ում եւ Մեխիկոյի Sala Nezahualcoyotl-ում: Հետաքրքրվեցինք, թե այս շրջագայության ժամանակ հայազգի երաժիշտներից ովքե՞ր կմիանան իրենց: Տիկին Սիրունյանը հնչեցրեց ճանաչված երգչուհիներ Հասմիկ Պապյանի, Իզաբել Բայրաքդարյանի, ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի, ալտահար Իդա Կավաֆյանի անունները, ասաց նաեւ, որ նախատեսված է ֆիլհարմոնիկի մեկ համերգին Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախմբի մասնակցությունը: Հայտնեց, որ «Հիշում եմ եւ պահանջում…» խորագրով ֆիլհարմոնիկի արտերկրյա համերգները կշարունակվեն աշնանը՝ Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի քաղաքներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930