Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը հիմա ավելի խորամանկ գտնվի, հնարավոր է մենք էլի ընկնենք ծուղակի մեջ». Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 23,2015 16:16

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում, խոսելով հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու մասին, ասել է՝ «Ես չեմ հանել Հայաստանի Հանրապետության ստորագրությունները արձանագրություն­ներից: Ես այդպիսի դեպքերում հաշվի եմ առնում ոչ միայն Թուրքիայի ղեկավարության վարքագիծը, այլեւ մեր շահերը, մեր ժողովուրդների ապագան ու նաեւ այն միջնորդների ջանքերը, ովքեր մասնակցել են գործընթացին: Ես կարծում եմ, որ դեռևս թուրքական իշխանությունները ժամանակ ունեն վավերացնելու արձանագրությունները: Երբ նրանք վավերացնեն, մեր ազգային օրենսդրությամբ ժամանակատար չէ այդ արձանագրությունները Ազգային ժողով ուղարկելը»:

Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասում է, որ մենք ուզում ենք, մեզ համար ցանկալի երեւույթ է արձանագրությունների վավերացումը, բայց մյուս կողմից էլ պնդում է, թե մենք Թուրքիայի կողմից որեւէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունները մանրակրկիտ ուսումնասիրել է, այնտեղ մեզ համար անընդունելի նախապայմաններ կան, որոնց տակ ստորագրել է մեր պետությունը. «Առնվազն երկու անընդունելի կետեր կան հայ-թուրքական արձանագրություններում պարզ գրված եւ երրորդ կետը՝ մի քիչ քողարկված: Դրանք այն 3 նախապայմաններն են, որոնց դեպքում կարելի է իրականացնել այսպես կոչված հայ-թուրքական հաշտությունը: Առաջինը եղած հայ-թուրքական սահմանի օրինականացումն է: Այսինքն, կիսատ-պռատ, 4 անգամ կրճատված այդ սահմանը պետք է ճանաչվի առաջին անգամ Հայաստանի կողմից: Հայաստանը չի ճանաչել այդ սահմանը՝ որպես օրինական սահման: Դա նախապայման է դրված: Երկրորդը՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մարմաջն էր եւ երրորդը՝ կա քողարկված Արցախի հարցի դրույթ, ինչքան էլ պնդեն հակառակը: Ես ժամանակին ասել եմ, եթե դուք համոզված եք, որ իմ այս ասածը չկա արձանագրություններում, ստորագրեք իմ այս նամակը, ոչ մի իշխանական պատգամավոր չի ստորագրել, ուրեմն գիտեն, որ կա»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի, հաշտեցման համար նախ պետք է առնվազն շրջափակումը վերացվի, որ մենք հասկանանք, որ Ղարաբաղի հարցը նախապայման չի: Երկրորդը՝ պետք է հայտարարվի, որ ճանաչումից հետո մենք վերջապես հաստատում ենք ինչ-որ հարաբերություններ՝ լինի դիվանագիտական, թե այլ մակարդակի. «Դրանից հետո կերեւա, թե ինչ ենք անում մենք այդ հաշտության ճանապարհին: Մնացյալը պատրանք է: Եթե Ադրբեջանը ավելի խորամանկ հիմա գտնվի, հնարավոր է, որ մենք հերթական անգամ պատմության մեջ մեր հարաբերությունները կառուցելով մեր հավատի վրա՝ մենք էլի կընկնենք այդ ծուղակի մեջ: Թուրքիան ճանաչել է Հայաստանը, բայց չի հաստատել որեւէ դիվանագիտական հարաբերություններ: Կարծում եմ, արձանագրությունները պետք է իրենց մեջ ընդամենը 1 միտք պարունակեն՝ մենք հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ: Այդ ընթացքում առաջին նախապայմանը ապաշրջափակումը պետք է լինի: Մենք պետք է խոսենք ոչ միայն 1915-ի Ցեղասպանության ճանաչման մասին, այլեւ այսօրվա մասին, որ այդ ցեղասպանական գործողությունները մի քիչ փոխված կատարվում են: Թուրքիան եւ Ադրբեջանը առնվազն չեն թաքցնում, որ այդ շրջափակումը նրա համար է, որ թուլացնեն եւ պարզապես ոչնչացնեն Հայաստանը, ինչի՞ մասին է խոսքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930