Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանը վրդովվեց. «Ով ինչ տալիս է, վերցնում ենք»

Մայիս 05,2015 14:31

Հայաստանում աղբահանությամբ զբաղվող ընկերությունները գործում են առանց լիցենզիայի: Այսօր խորհրդարանում, այդ մասին ասաց ՏԿԱԻ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ընթացող 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկումների ժամանակ: Ըստ այդմ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ին տրամադրում է 3,5 միլիոն եվրոյի վարկ: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը՝ 3 տարի, տոկոսադրույքը` լողացող:

Վարկի նպատակն է աջակցել ՀՀ-ին՝ կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների ձեռքբերման, թափոնների համար կոնտեյների ու արկղերի ձեռքբերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար:

«Այս ծրագիրը մենք պետք է մեծացնենք և պետք է բանակցենք, որպեսզի Գեղարքունիքի մարզը բերենք այս ծրագրի մեջ, որովհետև Սևանն աղբի ձևավորման գործում ամենամեծ տարածքն է զբաղեցնում, ուստի` Սևանի ավազանի բոլոր համայնքները պետք է միացնենք այս ծրագրին»,- ասաց Տերտերյանը`հավելելով. «Աղբահանման գործընթացը բարդ է` կախված ճանապարհների, երկաթուղու բացակայության հետ: Համենայն դեպս, ինչ-որ սխեմաներ արդեն երևում են»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց`արդյո՞ք բնակչության շրջանում աղբահանության սպասարկման գումարը կբարձրանա. «Եթե Դուք լինեիք, պատկերացնենք, Դուք այդքան հարուստ եք, նման վարկ կվերցնեի՞ք»: Վաչե Տերտերյանը մանրամասնեց. «Նայեք, ես, օրինակ, բիզնես տեսանկյունից հաստատ չէի անի այս ծրագիրը, որովհետև բիզնես հետաքրքրությունները սպանում են: Կանեի, եթե կարողանայի որակյալ ծառայություն մատուցել, սակագին բարձրացնել: Վերջին հաշվով` աղբահանությունը հանրային, պետական խնդիր է: Փորձել ենք ծրագիրը մշակել այնպես, որ չբարձրացնենք գինը, հակառակ դեպքում ավելի լավ աղբահանություն կունենայինք ու կբարձրացնեինք: Գոնե այս պահին, երբ ծրագիրը մշակել ենք, խնդիր է դրվել առաջիկա 5 տարվա համար չբարձրացնել գինը: Իսկ պատկերացնելի լավագույն սահմանը, եթե անգամ բարձրանա 6 կամ 7 տարի անց, կլինի 400-450 դրամ»:

«Իմ կարծիքով` մենք ֆինանսական ռեսուրսների ներգրավվման խնդիր ունենք, տպավորություն է, որ ով ինչ տալիս է, վերցնում ենք, սենց չի կարելի, ես վստահ եմ, որ եթե անձնապես մենք լինենք, այդ գումարը չէինք վերցնի, ես էլ չէի վերցնի»,-արձագանքեց Սամվել Ֆարմանյանը: Վաչե Տերտերյանը հակադարձեց. «Ֆինանսական ներգրավման խնդիր չունենք: Իրականում խնդիրն ակնհայտ է, որ մենք երկրում ունենք աղբահանության կազմակերպման խնդիր, ես կարծում եմ, որ հրատապ է, ըստ իս` աղբահանության չկազմակերպման խնդիրը դարձել է էկոլոգիայի և մշակույթի խնդիր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031