Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

Մայիս 19,2015 17:50

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։

Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի՝ 2010-2015 թվականների կատարած աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարել  օրինաստեղծ, քաղաքական եւ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլ գործառույթներին։

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ 5-րդ գումարման ողջ ընթացքում խորհրդարանն ընդունել է 440 օրենք։ Անցած 11 նստաշրջանում, ընդհանուր առմամբ,  գումարվել է 51 լիագումար եւ  5 արտահերթ նիստ։ Պատգամավորների մասնակցությունը  լիագումար նիստերին եղել է բավարար: Օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվը կազմել է 493, որից 4-ը` հանրապետության նախագահինն է, 17-ը` պատգամավորներինը, 472-ը` կառավարությանը:

Խորհրդարանի նախագահը պատշաճ է գնահատել 5-րդ գումարման ընթացքում օրենսդիր-գործադիր համագործակցությունը` ընդգծելով, որ Ազգային ժողով մուտք գործած ու շրջանառության դրված բոլոր օրինագծերը եւ տարաբնույթ այլ փաստաթղթեր քննության են առնվել գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ՝ փոխըմբռնման մթնոլորտում։

Ազգային ժողովն իրականացրել է նաեւ Սահմանադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ եւս, ինչպիսիք են` ԼՂՀ վարչապետի նշանակումը խորհրդարանի համաձայնությամբ, մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, գերագույն դատարանի նախագահի նշանակումը, գլխավոր դատախազի նշանակումը, վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը, գերագույն դատարանի դատավորների նշանակումը, Ազգային ժողովից արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամի նշանակումը:

Խորհրդարանի քաղաքական գործունեության համատեքստում իրականացվել են ամբողջ շարք  միջոցառումներ, այդ թվում՝ մշտական հանձնաժողովների առանձին, ընդլայնված կամ համատեղ նիստեր, խորհրդարանական լսումներ, գիտաժողովներ եւ այլն, ընդունվել են Ազգային ժողովի եւ պատգամավորական խմբակցությունների հայտարարություններ։ Այդ քննարկումներում հաջողվել է ապահովել արտախորհրդարանական կուսակցությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները: Գումարվել է հանձնաժողովի 6 նիստ` Ստեփանակերտում եւ Երևանում, ընդ որում՝ շարունակվել է գործադիր իշխանությունների ներկայացուցիչների ներգրավումը խորհրդարանական քննարկումներին։

Արցախի Ազգային ժողովը համագործակցության կայուն կապեր է պահպանել նաեւ հետխորհրդային տարածքի մյուս նորանկախ պետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների խորհրդարանների հետ։

Միաժամանակ, շարունակական աշխատանք է տարվել համագործակցության կապերն ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես,  վերջին հինգ տարում փոխադարձ այցերի  ու տարբեր ձևաչափերով կազմակերպված պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների միջոցով նման կապեր են ստեղծվել  ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի,  Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Սլովակիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Դանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ուրուգվայի, ինչպես նաեւ՝ Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԱՄՆ եւ Իսպանիայի նահանգային խորհրդարանների, այլ երկրների ու միջազգային կառույցների հետ։

ԱԺ նախագահը 5-րդ գումարման խորհրդարանի լուրջ ձեռքբերումներից է համարել այլ երկրների խորհրդարանների հետ բարեկամական հարաբերությունների ինստիտուցիոնալացումը: Դրանց թվում են` 2013թ. փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմասի մի խումբ պատգամավորների հայտարարությունը Լիտվայի Հանրապետության Սեյմասում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին: Նույն թվականի մարտի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովում ստեղծվել է Լիտվայի Հանրապետության հետ` Արցախ-Լիտվա Բարեկամության խումբը:Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի ստեղծումը 2013թ. մարտի 19-ին ամրապնդել է խորհրդարանական կապերի մեջ նոր միտումների ճիշտ ուղղվածությունը:2014թ. հոկտեմբերի 16-ին հայտարարվել է Եվրախորհրդարանում ԼՂ խումբ ստեղծելու մասին:

Աշոտ Ղուլյանը նշել է, որ խորհրդարան-ընտրող կապը 5-րդ գումարման Ազգային ժողովում թեպետ հաջողված չէր, բայց այն նույնպես արտահայտվել է ինչպես ընդունելությունների, անձնական հանդիպումների, պատգամավորական այցերի,  այնպես էլ՝ քաղաքացիների գրավոր դիմումների եւ Ազգային ժողովի կողմից դրանց ընթացքավորման տեսքով։  Մասնավորապես, խորհրդարանի ղեկավարի կողմից կատարվել է 418 քաղաքացու ընդունելություն։

Քաղաքացիներից ԱԺ նախագահին ուղղված 798 դիմումները սահմանված կարգով ընթացքավորվել են, որոնց զգալի մասը դրական լուծում է ստացել: Մի շարք նամակների պատասխաններ հետաձգվել են` կապված խորհրդարանի լիազորություններից դուրս գտնվող խնդիրների ու խնդրանքների ներկայացման դեպքերի հետ:

Ազգային ժողովի գործունեությունը նշված ժամանակամիջոցում լուսաբանվել է խորհրդարանում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների, ԼՂՀ, ՀՀ եւ Սփյուռքի տարբեր էլեկտրոնային լրատվական աղբյուրների, սոցիալական ցանցերի եւ պաշտոնական կայքի միջոցով:

Ամփոփելով անցած հինգ տարիների գործունեության հիմնական արդյունքները` ԱԺ նախագահն ընդգծել է, որ Արցախի խորհրդարանի գործունեության գլխավոր առանձնահատկությունը հաշվետու ժամանակահատվածում միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միանալու գործընթացի մեկնարկն է: Գործող խորհրդարանը հետեւողական է եղել նաեւ միջխորհրդարանական կապերի խորացմանը:

Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը լուրջ նախադրյալ կհանդիսանա Արցախում խորհրդարանական ավանդույթների հետագա զարգացման ու  նորընտիր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հիմունքներով գործունեության համար՝ ի շահ ԼՂՀ անկախ պետականության եւ նրա քաղաքացիների սպասումների արդարացման:

 

 ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031