Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալը մահացել է, բայց նոր դրվագներ են ավելացվել

Մայիս 21,2015 14:04

«Տպավորություն է, թե բոլորը սպասում էին Մ.Ամիրջանյանի մահվանը: Նրա մահն անգամ քննիչին ստիպեց այդքան երկար տևած քրեական գործը ավարտել նման փայլուն որոշմամբ, որը իրավաբանության մեջ թերևս նախադեպ է և վտանգավոր նախադեպ: Ստացվում է, որ անգամ հանգուցյալները կարող են ներգրավվել որպես մեղադրյալ»,-ասում է փաստաբան Լիանա Գրիգորյանը (լուսանկարում): Փաստաբանը դիմել է գլխավոր դատախազին՝ բողոքելով քննիչի որոշման դեմ:

2013 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, «Ջանֆիդա» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի նախագահ Մանվել Ամիրջանյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի, լինելով կոոպերատիվի նախագահ, նույն կոոպերատիվի անդամ Արմեն Բաղդասարյանի օգտին «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության հետ 27.08.2010թ. կնքել է 9.928.500 ՀՀ դրամի 75.000 կգ ազոտական պարարտանյութի փոխառության պայմանագիր մինչև 30.10.2010թ. մարելու պայմանով:Ըստ փաստաբան Լիանա Գրիգորյանի, քանի որ Արմեն Բաղդասարյանը սահմանված ժամկետում չի մարել պարտքը, դեռեւս 12.09.2013թ-ին. Մանվել Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով , կատարվել է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում 30.03.2014 թվականին Մանվել Ամիրջանյանը մահացել է:

«Նախաքննական մարմինը Մանվել Ամիրջանյանի մահվանից շուրջ 1 տարի 7 ամիս տևած քննությունից հետո որոշել է ակտիվություն ցուցաբերել և բոլոր այն քննչական գործողությունները, որոնք չէին արվել Մ.Ամիրջանյանի կենդանության օրոք, արվեցին նրա մահվանից հետո: Մ.Ամիրջանյանին մեղադրանքներ են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդ-ի 1-ին մասով` 5 դրվագով, 179-րդ հոդվածով և 325-րդ հոդվածով նախատեսված արարքներով»,-aravot.am-ի զրույցում տեղեկացնում է փաստաբանը:

Ըստ փաստաբանի, քննչական, ինչու չէ նաև դատական պրակտիկայում նման զավեշտ չի եղել, երբ մարդուն մեղադրանքներ են առաջադրվում նրա մահվանից հետո:

«Քննիչն արդեն իսկ հաստատված էր համարել, որ Մ.Ամիրջանյանը կատարել էր վաշխառություն, յուրացում, փաստաթղթի կեղծիք»,-ասում է Լ.Գրիգորյանը: Փաստաբանը դատախազին տեղեկացնում է քննիչի որոշման հետեւանքների մասին:Ըստ նրա, քննիչի որոշումը թույլ է տվել սույն քրեական գործով մի շարք անձանց դիմելու դատարան և ստանալ նյութական հատուցումներ:

Դատախազին ուղղված բողոքում փաստաբանը հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 10-րդ կետին, համաձայն որի «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`…անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար»:

Ի դեպ, քննիչը մեղադրյալի մահվանից 6 ամիս հետո կարճել էր քրեական գործը, սակայն նրան մեղսագրել է ևս 3 հոդվածներով նախատեսված արարքներ: «Իմ այն հարցին, թե արդյոք ես Մ.Ամիրջանյանի մահվանից հետո ունեմ իրավունք բողոքարկելու այս որոշումը, դատախազը անհիմն պատասխան գրություն է հասցեագրել, որով հայտնել է, որ խախտվել են բողոքարկման ժամկետները, այնինչ ներկայացվել էր ապացույց առ այն, որ ժամկետ չի խախտվել»,-ասում է հանգուցյալի պաշտպանը:

Տեղեկացնեմ, որ քննիչի որոշումը բողոքարկվել է դատարան, որն առանց կողմերին ծանուցելու մերժման որոշում է կայացրել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031