Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը շատ մեծ ջանք պիտի գործադրի, որ ինչ-որ բան հորինի»

Հունիս 01,2015 15:00

ՊՆ մամուլի խոսնակը կարծում է,
որ Ադրբեջանն օգտագործել է հերթական առիթը

Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել 47 էջանոց մի փաստաթուղթ, որում ցուցակագրված են հայկական կողմի դեմ մեղադրանքները: Ըստ ադրբեջանական կողմի՝ մարտին հայկական կողմն ավելի քան 1200 անգամ խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանում եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում: Փաստաթղթի համաձայն՝ զինադադարի խախտման արդյունքում մարտ ամսվա ընթացքում վիրավորվել է 9 եւ զոհվել 4 ադրբեջանցի զինծառայող: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Հայկական կողմը, ի դեմս փոխդեսպան Հրաչյա Թաշչյանի, Ադրբեջանի այս քայլը սադրանք ու զրպարտանք է համարել:

Arcrun_Hovhannisyan

«Առավոտի» հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ ասելու որեւէ բան չունի, միայն կրկնեց օրերս պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որը վերաբերում էր մեր կողմի՝ հրադադարը պահպանելու սկզբունքին. «Մենք շարունակելու ենք պահպանել հրադադարի ռեժիմը հատկապես այս շրջանում, երբ Բաքվում առաջնության խաղեր են»:

Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ որեւէ առիթ պետք չէր, որ Ադրբեջանը նման կերպ իրեն պահի. նա օգտագործում է միջազգային ցանկացած առիթ սադրիչ գործողություններ իրականացնելու համար:

ՊՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմը խախտելու մասին 47 էջանոց փաստաթղթին, ասաց, որ դա լուրջ դեր չի կարող խաղալ միջազգային հանրության համար, բացի այդ՝ նման փաստերը ուսումնասիրելու, քննելու լուրջ մեխանիզմներ են անհրաժեշտ. «Այլապես ամեն ինչ անլուրջ է»:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը մշտապես էլ պատրաստում է վիճակագրություն ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմը խախտելու մասին եւ ներկայացնում միջազգային հանրությանը, եթե պետք լինի, առաջիկայում էլ կներկայացնեն. «Իրականում ներկայացնելու կարիք էլ չկա: Ադրբեջանը շատ մեծ ջանք պիտի գործադրի, որ ինչ-որ բան հորինի, մեզ դա ցույց տալու համար մեծ ջանք գործադրել պետք չէ: Հետո մի մոռացեք, որ Ադրբեջանը իր ագրեսիան նկարում է իր կամերայով եւ ցույց է տալիս իր կայքերում՝ երբեմն մոռանալով, որ հետո այսպիսի իրավիճակներ են լինելու. ընկնում է էյֆորիայի մեջ, փորձում է այդպես դիվիդենդներ շահել իր ժողովրդի աչքերում, բայց ցույց է տալիս իր ագրեսիան, հետո, իհարկե, դա փորձում են հանել կայքերից, բայց արդեն ուշ է լինում»,- ասում է պարոն Հովհաննիսյանը:
ԱՄՆ-ում ՀՀ փոխդեսպանը հայտարարել է, որ հայկական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման իրական վիճակագրությունը ներկայացնի: Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե հարկ լինի, եւ իրենց դիմեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կներգրավվի այդ գործընթացում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930