Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան,. «Երևանում ձմեռային մարզաձևերի դպրոց ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում»

Հունիս 11,2015 17:55

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց»-ի շինհրապարակ, ծանոթացել կառույցի շինարարական աշխատանքների ընթացքին: Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում կառուցվող մարզաառողջարարական համալիրը նախատեսված է ավելի քան 1000 սաների և շուրջ 500 հանդիսատեսի համար: Դպրոցը կառուցվում է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների տնoրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանի անձնական միջոցներով և նվիրաբերվելու է Երևան քաղաքին:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5 մլն դոլար: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Արդեն ավարտվել են երկաթբետոնե կմախքի իրականացման աշխատանքները, արտաքին և ներքին պատերի շարվածքի, սահադաշտի տանիքի մետաղական ֆերմաների մոնտաժային աշխատանքները: Նշվել է նաև, որ այս պահին իրականցվում են ծածկի սենդվիչների մոնտաժային աշխատանքները, զուգահեռ կատարվում են շենքի ճակատի երեսպատման և ներքին հարդարման, ինչպես նաև ինժեներական աշխատանքները: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ.-ի հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն այս աշնանն ամբողջությամբ կավարտվեն, և մարզական կառույցը կհանձնվի շահագործման ու իր կարևոր դերակատարումը կունենա հայկական գեղասահքի զարգացման հարցում:

Taron

«Երևանում ձմեռային մարզաձևերի դպրոց ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մարզադպրոցը, ըստ էության, քայքայվել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Դրա վերականգնումը բավական մեծ ծախսեր էր պահանջում և համայնքային բյուջեի միջոցներով այն վերականգնել իրականում հնարավոր չէր: Եվ այս տեսանկյունից իսկապես ողջունելի էր հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի պատրաստակամությունը՝ իր միջոցներով Երևանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր, որը կնվիրաբերվի Երևան համայնքին ու կգործի որպես ձմեռային մարզաձևերի դպրոց: Հիմնարկեքի օրից մեկ տարի է անցել և, ինչպես տեսնում եք, խոշոր շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, և արդեն այս տարվա աշնանը համալիրն ամբողջությամբ պատրաստ կլինի ու կհանձնվի շահագործման: Կարծում եմ՝ հիշում եք, որ այս համալիրի հիմնարկեքին մասնակցում էր նաև գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան, ով սիրով խոստացավ ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցի կայացմանը: Ու հաշվի առնելով, որ նա նաև իր ակտիվ ու անմիջական մասնակցությունն է ունեցել այս մարզադպրոցի կառուցման հարցում, մենք էլ մեր հերթին նախատեսում ենք մարզադպրոցն անվանակոչել Իրինա Ռոդնինայի անունով»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար և ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին:
«Այս ծրագիրը կյանքի կոչվեց Հանրապետության Նախագահի ցուցաբերած հետևողականության շնորհիվ, որի արդյունքում ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող այս կառույցը կդառնա թե’ Երևանի և թե’ ամբողջ հանրապետության համար անհրաժեշտ ու կարևոր մարզադպրոց: Սա նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, որի համար իմ և մեր բոլոր համաքաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակից Սերգեյ Համբարձումյանին: Կարծում եմ՝ սա նաև լավագույն ապացույցներից մեկն է, որ Երևանը բոլոր հայերի տունն է, և յուրաքանչյուրն իր ներդրումով նպաստում է, որ հնարավորին շուտ ունենանք բոլորիս ավելի լավ Երևանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930