Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների խաղահրապարակը՝ տանիքից թափվող քարերի տակ. բնակիչներն ահազանգում են, պատկան մարմինները՝ անտեսում

Հուլիս 06,2026 14:18 Share

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 129 և 127 շենքերի բնակիչները Aravot.am-ին ահազանգել են, որ իրենց բակը վերածվել է վտանգավոր գոտու։

Խոսքը երկու 9-հարկանի շենքերի միջանցիկ հատվածի մասին է, որը տարիներ շարունակ ծառայել է որպես երեխաների խաղահրապարակ և բնակիչների անցուդարձի հիմնական ճանապարհ։ Սակայն վերջին շաբաթներին այդ նույն տարածքում յուրաքանչյուր քայլը կարող է ճակատագրական լինել։

Բնակիչների խոսքով՝ շենքերի տանիքից ամեն օր քարեր են պոկվում ու մեծ ուժով ընկնում ներքև։ Հուլիսի 3-ին հերթական դեպքը քիչ էր մնում ողբերգությամբ ավարտվեր. քարերի մեծ կույտը թափվել է երիտասարդ կնոջ և նրա մանկահասակ երեխայի ուղղությամբ։ Նրանք, բնակիչների խոսքով, հրաշքով են փրկվել:

Չնայած տեղի բնակիչները դիմել են ինչպես շենքերը սպասարկող «Արսեն» համատիրությանը, այնպես էլ վարչական շրջանի թեժ գծին, նրանց խոսքով՝ խնդիրը մինչ օրս որևէ արձագանք չի ստացել։

Արդեն մեկ շաբաթ է՝ մարդիկ ստիպված են այդ հատվածով անցնել վախով ու խաչակնքվելով, իսկ երեխաները շարունակում են խաղալ՝ ոչ թե անհոգ, այլ գլուխները վեր պահած, անընդհատ հետևելով տանիքին, որպեսզի հասցնեն ժամանակին խուսափել քարերի հերթական տարափից։ Բնակիչները մտավախություն ունեն, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, հաջորդ անգամ հրաշքը կարող է չկրկնվել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել