Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախենում էի այդքան անկեղծ լինել». Վահրամ Մարտիրոսյան

Հունիս 12,2015 10:22

«Ինձ համար արժեքավորն այն գրականությունն է, որը քո փորձի, ցավի, ձախողման, երջանկության վրա է հիմնված: Ես կարծում եմ, որ պատմություն հորինող գրողներն այդ պատմությունները գողանում են ուրիշներից»,- ասում է գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:

Գրողը հունիսի 11-ին ընթերցողներին ներկայացրեց իր նոր՝ «Սերը Մոսկվայում» վեպը, որը, նրա խոսքով, ոչ մի դեպքում չի կարելի համարել ինքնակենսագրական. «Անգամ որևէ դրվագ մաքուր ինքնակենսագրական չէ, բայց հիմնված է անձնական զգացողությունների վրա, ինչը ցանկացած արվեստագետի համար պետք է լինի գլխավորը: Եվ շատ կարևոր է, որ քո նախորդներից ավելի անկեղծ լինես, որովհետև ցանկացած սերունդ անկեղծության խնդիր ունի. ինչ-որ բաներ կան, որոնք վախենում ենք ինքներս մեզ խոստովանել, բայց երբ խոստովանում ենք, հանկարծ պարզվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ վախեցել են նույն բանը խոստովանել: Եվ նրանք դառնում են քո հերոսի ընկերն ամբողջ պատմության ընթացքում: Դա էր, որ ես սկզբում չէի կարողանում ստանալ. վախենում էի այդքան անկեղծ լինել և ինձ տանջեցի այնքան, մինչև հասա այդ անկեղծությանը»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Վահրամ Մարտիրոսյանը:

Նոր լույս տեսած գիրքը, հեղինակի խոսքով, սիրային մի պատմություն է, որն ուղեկցվում է բազմաթիվ այլ գծերով, ընդհուպ մինչև քրեական պատմություն, քաղաքական քննարկումներ, ինտելեկտուալ զրույցներ:

«Սերը Մոսկվայում» վեպը Վահրամ Մարտիրոսյանը սկսել է գրել 2009 թվականի սկզբին և ավարտել է այս տարվա փետրվարին: Ինչպես հեղինակն է ասում՝ նյութի որոշակի դիմադրություն է եղել, որովհետև իր նախորդ վեպերն ավարտելու համար մեկ տարին էլ է բավական եղել. «Բայց ես չէի կարող, ինքս դժգոհ լինելով վեպից, հանձնել տպագրության,- ասում է նա.- հինգ-վեց տարին, այնուամենայնիվ, երկար ժամանակ է, և հուսահատության պահեր շատ են եղել, երբ մտածում էի, որ ինձ չի հաջողվի հասնել այն արդյունքին, որ, ի վերջո, համարձակվեմ վեպը հրատարակել»:

Քանի որ այս գիրքն արդեն ընթերցողի սեղանին է, պետք է մտածել նոր գիրք գրելու մասին, բայց գրողը կեսկատակ-կեսլուրջ ասում է. «Աստված մի արասցե, որ այդ տանջանքը նորից քաշեմ: Դա, հավանաբար, կլինի այն օրը, երբ ես կունենամ այնպիսի մի գաղափար, որն ինձ նորից «գերի կվերցնի» մեկ տարով կամ ավելի երկար ժամանակով»:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ: Հրատարակիչը «Անտարես» հրատարակչությունն է, որի գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հավաստմամբ՝ այս գիրքը ոչնչով չի կրկնում հեղինակի նախորդ գրքերը:

Գրականագետի դիտարկմամբ՝ «Սերը Մոսկվայում» վեպը որոշակի սովորություններից, պատկերացումներից, կարծրատիպերից ազատագրող ստեղծագործություն է. «Օրինակ՝ սերը՝ որպես մեր շատ վեպերի ամենակարևոր ֆենոմեն, այստեղ ներկայացված է բոլորովին այլ հայացքով: Այստեղ միայն սիրո մեր ընկալած ռոմանտիկան չէ:

Բացի այդ, անկախությունից հետո սա առաջին վեպն է հայ իրականության մեջ, որում այնքան ռեալիստական գույներով պատկերված է նոր ժամանակների Մոսկվան: Եվ դա օգնում է զուգահեռ տանել խորհրդահայ վեպերում ներկայացված Մոսկվայի հետ՝ կոտրելով այս քաղաքի մասին այն կարծրատիպը, որը մեզ ծանոթ է խորհրդահայ վեպերից ու ֆիլմերից»,- նշեց գրականագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930