Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը՝ Մարգարիտ Եսայանին. «Երբ որ մարդ ծնվում է, նա մահանում է»

Հունիս 16,2015 19:07

ՀՀԿ պատգամավորը՝ աշխատանքային գրքույկի եւ սոցքարտերի տարբերության մասին՝ «Այն ժամանակ մենք տալիս էինք, հիմա վերցնում ենք»

ԱԺ-ում քննարկվում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կարգավորում է գործատու-վարձու աշխատող հարաբերությունները եւ նախատեսվում է աշխատանքային գրքույկներից հրաժարվել, կիրառությունից դուրս թողնել:

Մինչեւ 2017-ի հունվարը, եթե աշխատողները աշխատանքային գրքույկներ ունեն, պետք է դրանք հաշվառեն կենսաթոշակային շտեմարանում:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացնող Հակոբ Հակոբյանին հարցրեց. «Մարդ կա՝ 5-10 տարի աշխատել է այլ երկրում, աշխատանքային ստաժն այդ ինչպե՞ս է հաշվառվելու եւ գրանցվելու: Մենք ունենք վատ հիշողություն սոցքարտերի մասին: Ժամանակին, երբ սոցիալական քարտերը ներդրվում էին, ասում էին, որ այլեւս ոչ մի փաստաթուղթ անհրաժեշտ չէ, հետո մենք տեսանք, որ այդպես չէ: Հետո ասացիք, որ 63 տարին լրանալուց հետո գործատուն կարող է աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարացնել կամ կարող է չերկարացնել, այդ դեպքում քաղաքացու, աշխատողի իրավունքներն ինչպե՞ս պետք է պաշտպանվեն»:

Հակոբ Հակոբյանն էլ պատասխանեց. «Կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո մենք օրենքով գործատուին տվել ենք իրավունք՝ տվյալ վարձու աշխատողից ազատվելու մասին: Եվ ասում ենք, որ կարող ես ազատվել, եթե գտնում ես նպատակահարմար: Ինչ-որ բան, երբ սկսվում է, պետք է վերջանա: Երբ որ մարդ ծնվում է, նա մահանում է: Երբ որ մարդ սկսում է իր աշխատանքային գործունեությունը 16 տարեկանից, կենսաթոշակային տարիքի անցնելու հետո աշխատանքային գործունեությունը վերանում է: Սա, իմիջիայլոց, 7 մլրդ-ի մոտ է այդպես: Կա աշխատանքային տարիք եւ կա ոչ աշխատանքային տարիք: Մենք մեր երկրում ֆիքսել ենք 63 տարեկանը աշխատանքային գործունեության ավարտ: Սա դեռ չի նշանակում աշխատանքային իրավունքից չօգտվել»:

Ինչ վերաբերում է արտերկրում աշխատանքին, Հակոբ Հակոբյանն ասաց, որ ՀՀ-ն դրանք կհաշվառի:

Իսկ սոցքարտերի տխուր հեռանկարների հետ կապված Հակոբ Հակոբյանը գտավ տարբերություն աշխատանքային գրքույկի եւ սոցքարտերի միջեւ. «Այն ժամանակ մենք տալիս էինք, հիմա վերցնում ենք: Սրանք տարբեր բաներ են: Իսկ սոցիալական քարտերի ժամանակ մենք ուրիշ բան էինք ուզում անել, ուզում էինք կենսաթոշակային համակարգը կառուցել սոցքարտերի վրա, եղա՞վ: Հետո մենք փոխեցինք սարքեցինք եւ այլն, եւ այլն եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930