Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացմամբ տնտեսությանը մի քանի հարված է հասցվելու

Հունիս 19,2015 17:52

Էլեկտրաէներգիան 6.93 դրամով թանկացումը բացասական անուղղակի ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: Այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը: Նրա ներկայացմամբ՝ երբ անցյալ տարի էլեկտրաէներգիան թանկացավ 4 դրամով, կամ մոտ 11%-ով, ազգային վիճակագրական ծառայությունն ուսումնասիրություն էր արել, եւ պարզել, որ 11%-անոց թանկացումը հանգեցրել է լրացուցիչ 0.4% գնաճի. «Հիմա մենք ունենք 16% աճ, եւ բացի ուղղակիից, պետք է հաշվի առնվի նաեւ անուղղակի գնաճը: Այսինքն՝ եթե հացը թխվում է, ապա հացի սակագնում էլեկտրաէներգիայի բաժինն, ասենք՝ 5%-է, հիմա դառնում է 6-7% տոկոս: Նախնական գնահատականներով, լրացուցիչ մինչեւ 1.5% գնաճ կլինի: Այսինքն՝ եթե հոսանքի թանկացումից հետո, ասենք պիտի լիներ 5% գնաճ, ապա անուղղակի ազդեցությամբ, լրացուցիչ գնաճը կլինի 6.5%»:

Հայկ Գեւորգյանը նաեւ նկատեց, որ էլեկտրաէներգիայի թանկացմամբ յուրաքանչյուր ընտանիք տարեկան 45-50 հազար լրացուցիչ գումար պիտի վճարի: Ըստ տնտեսական մեկնաբանի, այն գումարը, որ մարդիկ պիտի գնեին առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ՝ թթվասեր եւ այլն, պիտի տան հոսանքի համար: Ըստ էության, այսպիսով այլ ապրանքների պահանջարկն է նվազելու, քանի որ մարդիկ չեն կարողանալու դրանք գնել, եւ փաստորեն տնտեսությանը մի քանի հարված է հասցվում էլեկտրաէներգիայի թանկացմամբ:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ նկատեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող 1000 դրամի փոխհատուցումը, որը հոսանքի թանկացման համար է, կարելի է մասնակի փոխհատուցում համարել, քանի որ ակնհայտ է, թե հոսանքի թանկացումից սոցիալական նշանակության այլ ապրանքներն էլ են թանկանալու, որոնց համար չկա փոխհատուցում: Մանուկյանի խոսքերով՝ սա մարդկանց խաբելու քայլ է:

Մանուկյանի դիտարկմամբ՝ մրցունակության կորուստ է լինելու տնտեսությունում: Փոքր ու միջին ձեռներեցներն, ըստ տնտեսագետի էապես կզգան հոսանքի թանկացման հետեւանքով առաջացող ցնցումները, քանի որ ՓՄՁ-ն մենաշնորհային դիրքեր չունի, եւ եթե խոշորներն ինչ-որ կերպ կարող են դիմակայել, ապա ՓՄՁ-ն՝ ոչ:

Արտակ Մանուկյանն ասաց, որ մարդիկ կսկսեն խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան այս թանկացումից հետո:

Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 24 միլիարդ դրամ պարտքին, ինչի մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել էր՝ «Գտեք այդ գումարը, չենք թանկացնի», Մանուկյանն ասաց, որ այդ գումարից 14 միլիարդը մենք նախորդ տարի արդեն վճարել ենք՝ 41 դրամ թանկացման մեջ. «Այդ գումարները ՀԷՑ-ի պարտավորություններն են ՀԷԿ-երին, այսինքն՝ ոչ թե մատակարարման արդյունավետության կամ ներդրումների համար են, որպեսզի տեխնիկական կորուստները նվազեն, այլ ուղղակի մի գրպանից մյուսին են ուղղում: Համակարգային խնդիրը էլի չի լուծվում»:

Հայկ Գեւորգյանն էլ նկատեց, որ եթե ոչ մյուս տարի, ապա 2017-ին հոսանքի գինը բարձրացնելու հայտով ՀԷՑ-ը նորից կդիմի հանձնաժողովին:

Նա նշեց, որ համակարգում խնդիրը գալիս է դեռ շատ վաղուց: Տնտեսական մեկնաբանը նաեւ հիշեցրեց, որ երբ 2001 թվականին ՀԷՑ-երի սեփականաշնորհման գործընթացը սկսեց կառավարությունը, ՀԷՑ-երը գնելու նակատմամբ հետաքրքրություն կար ֆրանսիական աշխարհահռչակ մի ընկերության կողմից, որի տարեկան շրջանառությունը Հայաստանի մի քանի տարվա բյուջեի չափ է, մյուս հետաքրքրվող ընկերությունը «Միդլենդ Ռեսուրսն էր», որն ունի ընդամենը 130 միլիոն դոլար շրջանառություն, ու կառավարությունը ՀԷՑ-երը սեփականաշնորհեց «Միդլենդ Ռեսուրսին». «Այսինքն՝ իշխանությունը դրե՞լ է խնդիր, որ ՀԷՑ-ն արդյունավետ կառավարիչի տա, կամ այնպես անի, որ արդյունավետ կառավարվի, կարող ենք արձանագրել՝ ոչ: Եվ քանի այսպես է իրավիճակն, անընդհատ սակագինը բարձրացնելու խնդիր է դրվելու ու թանկացվելու է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930