Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ

Հունիս 26,2015 18:50

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի վախճանի տխուր լուրը խոր ցավով է համակել մեր բոլորի սրտերը։ Հանձինս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց պատկառելի հոգևոր առաջնորդի, հայրենանվեր ազգային գործչի և խոհեմ մտավորականի։ Լինելով Քրիստոսի հավատի և ազգային վեհ գաղափարների նվիրյալ՝ երջանկահիշատակ Կաթողիկոս Պատրիարքն իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայեց եկեղեցու և հարազատ ժողովրդի բարօրությանը։ Նշանակալից են նրա անձնական ջանքերը Սփյուռքում հայ հոգևոր և ազգային արժեհամակարգի պահպանման, ինչպես նաև այն միջազգային հանրությանը հասու դարձնելու գործում։ Դեռևս բոլորովին թարմ են հիշողությունները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին նրա ծավալած նպատակասլաց գործունեության մասին։

Դիվանագիտական աշխատանքիս բերումով բարեբախտություն եմ ունեցել Ներսես Պետրոս Պատրիարքին մոտիկից ծանոթանալու ավելի քան քառորդ դար առաջ, երբ նա դեռևս Եգիպտոսի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդն էր։ Այն օրերից սկզբնավորված մեր անկեղծ բարեկամությունն ամրապնդվել է համազգային խնդիրների շուրջ սերտ և շարունակական համագործակցությամբ։ Եգիպտոսում, Լիբանանում, Վատիկանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հայաստանում և այլուր մեր բազմաթիվ շփումների ու զրույցների ընթացքում ամեն անգամ նորից ու նորից ինձ համար բացահայտվել են այդ բացառիկ անձնավորության բնատուր շնորհները՝ անկրկնելի ազնվաբարո ու հեզ խառնվածքը, խորաթափանց միտքն ու անսահման մարդասիրությունը։ Դժվար է այժմ համակերպվել այն մտքի հետ, որ նա այլևս մեզ հետ չէ։

Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի բարի անունն ու արդար գործերը միշտ վառ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930