Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական ժողովրդավարութեան բացակայութիւնը հայ կեանքում

Հուլիս 09,2015 12:00

Թէ՛ մեր վերանկախացած երկրում եւ թէ՛ Սփիւռքում ժողովրդավարութիւնը տակաւին լաւապէս չի ընկալուել եւ այն լաւագոյն պարագայում դիտւում է որպէս գեղեցիկ բառ-հասկացութիւն:

Հակառակ նրան, որ աւելի քան քսան տարի է անցել մեր երկրի վերանկախացումից, Հայաստանում հասարակական փոխյարաբերութիւնները համարեա այնպիսին են, ինչ որ էին խորհրդային կարգերի օրօք եւ ժողովրդավարութիւնը ձեւական ու անհունական բնոյթ է կրում:

Մեր երկրում կացութիւնից ու տիրող կարգերից դժգոհ մարդիկ, որոնց թիւը քիչ չէ, միմեանց հանդիպելիս կամ այցելելիս, շարունակ մռթմռթում ու քրթմնջում են: Այս մարդիկ ժողովրդավարութեան ու քաղաքացիութեան մասին համարեա ոչինչ չգիտեն եւ չգիտեն նաեւ, թէ ինչ են իրենց քաղաքացիական պարտականութիւններն ու իրաւունքները եւ չեն կարողանում կազմակերպուած ձեւով իրենց տեսակէտներն ու կարծիքները իշխանութիւններին փոխանցել: Իշխանութիւնները եւս այնքան ժողովրդավար են, ինչքան ժողովուրդը, այնպէս որ մեր երկրում իրական ժողովրդավարութեան հասնելու համար տակաւին շատ երկար ճանապարհ ունենք կտրելիք:

Այս բոլորը թերեւս կարելի է դիտել իբրեւ խորհրդային եօթանասունամեայ բռնակալական կարգերի յամեցող հետեւանք:

Այն երկրները, որոնք ռազմական առումով շատ զօրաւոր են, բայց ուր ժողովրդավարութիւն չկայ եւ կամ ժողովրդավարութիւնը անուանական ու ձեւական է, իրականութեան մէջ շատ թոյլ են՝ հակառակ իրենց ռազմական զօրութեան, քանզի այդպիսի երկրներում ապրող մարդիկ ծանօթ չեն իրենց քաղաքացիական պարտականութեանց ու իրաւունքներին, ու խաթարուած, մթագնած է նրանց ազգային պատկանելութիւնը եւ իրենց երկրների տէրը լինելու զգացումն ու գիտակցութիւնը, առ այդ՝ շատ թոյլ են այդ երկրները եւ մեծ հաւանականութեամբ նշեալ մթագնուած զգացում-գիտակցութիւնն է Հայաստանից արտագաղթելու գլխաւոր պատճառը եւ ոչ թէ անպայման տնտեսական աննախանձելի կացութիւնը: Մի ոչ շատ դիպուկ օրինակ այս մասին՝ ամենահարուստ երկրներում անգամ կան չափազանց աղքատ եւ անտունուտեղ մարդիկ, որոնք իրենց ունեցած-չունեցածը պարունակող սայլակի վրայ իրենց երկրի փոքրիկ դրօշակն են ծածանեցնում եւ իրենց ազգային պատկանելութեամբ հպարտ այս թափառական մարտիկ չեն արտագաղթում:
Ժողովրդավարութիւնը առաջին հերթին երկրների ու ժողովուրդների զարգացման գլխաւոր խթանն է եւ ոչ թէ ճառերում գործածուող գեղեցիկ բառ եւ մեր երկրի ու ժողովրդի զարգացումն ու հզօրացումը պայմանաւորուած է ժողովրդավարութեամբ:
Իրական ժողովրդավարութեան բացակայութիւնը նպաստաւոր պայմաններ է ստեղծում երկրներում սակաւապետութեան՝ օլիգարխիայի առաջացման համար, որը յետադիմութեան գլխաւոր ազդակներից է:

Այժմ տեսնենք ժողովրդավարութեան առումով ինչ է կացութիւնը Սփիւռքում, ուր հաստատուած է մեր ժողովրդի շուրջ երկու երրորդը:

Սփիւռքում հայերը ընդհանրապէս իրենց ապրած երկրների լաւ, պարտաճանաչ եւ նոյնիսկ հնազանդ ու երախտագէտ քաղաքացիներ են, սակայն այս պատկերը նոյնը չէ ներազգային, ներհամայնքային կեանքում:

Սփիւռքում հայկական քաղաքական, կրօնական, մշակութային եւ հասարակական կեանքի տարբեր բնագաւառները ընդգրկող հաստատութիւններն ու կազմակերպութիւնները, որոնք առհասարակ իրենց կանոնադրութեամբ ժողովրդավարական են, ընդհարապէս իրենց պատեանի մէջ քաշուած, կղզիացած եւ հայ զանգուածների ու համայնքների իրական դժուարութեանց ու մտահոգութեանց անծանօթ կառոյցներ են, որոնք, ի դէպ, յաճախ են հանդէս գալիս ժողովրդի անունից:

Այս վերջինները ժողովրդին ծառայելու ու սպասարկելու փոխարէն, ընդհանրապէս ժողովրդին իշխելու եւ այսպէս ասած՝ ժողովրդին տիրութիւն անելու տրամադրութեամբ են համակուած:

Կղզիացած եւ ժողովրդական ու նոյնիսկ ներքին կազմակերպական վերահսկողութիւնից դուրս գտնուող այս սահմանափակ շրջանակ ունեցող կառոյցների մէջ, աստիճանաբար ստեղծւում են սակաւապետութիւններ՝ օլիգարխիա, իհարկէ, ոչ անպայման շահադիտական նկատառումներով, ինչպիսին առկայ է նախկին խորհրդային միութեան երկրներում, այլ՝ իշխելու եւ «տիրութիւն անելու» նպատակով եւ Սփիւռքի հայերի վերաբերմունքը կամ հակազդեցութիւնը այս սակաւապետութեանց նկատմամբ համարեա նոյնն է, ինչ որ է մեր երկրում: Այսինքն՝ Սփիւռքի հայերը եւս այս յոռի երեւոյթներին ի տես, միմեանց հանդիպելիս ու այցելելիս, պարզապէս մռթմռթում ու փնթփնթում եւն եւ չեն կարողանում իրենց դժգոհութիւնը լսելի դարձնել առ որ անկէ եւ չեն կարողանում իրենց դժգոհութեամբ կացութիւն փոխել:

Այսօր Սփիւռքի հայերը մեծ մասամբ ապրում են ամենաժողովրդավարական երկրներում եւ զարմանալին ու հետաքրքրականն այն է, որ նրանք իրենց ապրած երկրների հաւատարիմ ու պարտաճանաչ քաղաքացի լինելով հանդերձ, չեն կարողանում ժողովրդավարութիւնը կիրառել ներհայկական, ներհամայնքային կեանքում:
Այստեղ կ՚ուզենք աւելացնել, որ ամէն տեղ քիչ թէ շատ սակաւապետութիւն գոյութիւն ունի, սակայն խնդիրը այն է, թէ այդ սակաւապետութիւնները ինչքան համատարած են եւ ինչ չափով են վնասում ժողովրդավարական առողջ փոխյարաբերութեանց:
Հայ կեանքում տիրող հակաժողովրդավարական յոռի բարքերը կարելի է վերացնել զանգուածային հաղորդակցութեան միջոցների հետեւողական ու շարունակական գործունէութեամբ եւ հայ համարձակ մտաւորականների, լրագրողների ու հրապարակագիրների յամառ ու շարունակական մասնակցութեամբ:

Ինչքան մեծ ու հետեւողական լինի ի նպաստ ժողովրդավարութեան պահանջը՝ այնքան մեծ կը լինի սակաւապետութիւնները չէզոքացնելու, վնասազերծելու եւ մեկուսացնելու հաւանականութիւնը:

Երանի մեր արծարծած խնդիրների մասին մեր տրամադրութեան տակ ունենայինք վիճակագրական ճշգրիտ ու անկողմնակալ տուեալներ, բայց դժբախտաբար նման նուրբ եւ թերեւս վիճելի խնդիրների մասին ընդհանրապէս վիճակագրական տուեալներ չեն հրապարակւում, որպէսզի մարդ հնարաւորութիւն ունենայ վիճակագրական տուեալներով հիմնաւորել իր խօսքը:

Թերեւս կ՚արժէ նշել, որ ժողովրդավարական երկրների որոշ համարձակ լրագրողներ երկրագնդի ամենաթէժ ու վտանգաւոր վայրեր գնալով, երբեմն իրենց կեանքի գնով, զեկուցում են այդ վայրերում տիրող խառնաշփոթ կացութեան մասին, սակայն մեր լրագրողներին, մտաւորականներին եւ հրապարակագրերին մահուան վտանգ չի սպառնայ, եթէ նրանք ի նպաստ ժողովրդավարութեան գործի անցնեն:

Այւազ Գրիգորեան
Լոս Անջելես

«Առավոտ» օրաթերթ
08.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031