Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովողը այս փաստն է եւ ոչ թե Սահմանադրության այս կամ այն տարբերակը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 17,2015 11:04

Արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունների չանցնելը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանա վերարտադրվել։

Թեման խորությամբ հասկանալու համար եկեք տեսնենք, թե ինչ է ասել ինքը՝ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»,- ասել է նա 2014 թվականի ապրիլի 10-ին ՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ եթե նոր Սահմանադրությունը չանցնի եւ մնա հին Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանը կարող է հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին, որովհետեւ նա ասում է, որ որեւէ պարագայում չի հավակնի նախագահի պաշտոնին, իսկ վարչապետի պաշտոնին չի հավակնի միայն խորհրդարանական կառավարման մոդելում։ Ըստ այդմ՝ գործող կառավարման մոդելում կհավակնի վարչապետի պաշտոնին։

Այն քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների համար, ովքեր գործող Սահմանադրությունը կարդալու առիթ չեն ունեցել, ասենք, որ գործող Սահմանադրությամբ խորհրդարանական մեծամասնությանը տիրապետող, այն կառավարելու ընդունակ վարչապետը շատ ավելի ուժեղ դեմք է, քան նախագահը։ Այսինքն՝ եթե Սահմանադրությունը պահպանվի եւ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն խորհրդարանական մեծամասնություն ունենա եւ Սերժ Սարգսյանը 2018-ին նախագահական ընտրություններից հետո դառնա վարչապետ, այսօրվա իշխանությունից պակաս իշխանություն չի ունենա։

Բայց եթե Սահմանադրությունը փոխվի եւ անցում կատարվի խորհրդարանական կառավարման մոդելին եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն հաղթի խորհրդարանական ընտրություններում եւ Սերժ Սարգսյանը լինի ԱԺ նախագահ եւ ՀՀԿ նախագահ, նույնքան իշխանություն կունենա այդ պարագայում նույնպես։

Եթե այս տրամաբանությունն ենք դնում իրավիճակի գնահատման հիմքում, հասկանալի է դառնում, որ խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ այնպիսի քաղաքական ընդդիմության ձեւավորումը, որը ի վիճակի կլինի վերցնել իշխանությունը ՀՀԿ-ից։ Իսկ հիմա Հայաստանում նման քաղաքական ուժ չկա, գոյություն չունի, եւ Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովողը այս փաստն է եւ ոչ թե Սահմանադրության այս կամ այն տարբերակը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031