Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցու օծման արարողությանը

Սեպտեմբեր 24,2015 13:55

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի:

Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաև եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից:

Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ:

Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը:

 

Gyumri_ekexeci

ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռոնաիստ եկեղեցի կառուցելու նպատակ է ունեցել և առաջին քայլերն իրականացրել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ երջանկահիշատակ Գ.Տ. Ներսես արք. Տեր-Ներսիսյանը: Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արք. Կարաքեհեէյանը, շինարարական աշխատանքներն սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի օրոք 2010 թվականից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ:

Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011 թվականից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում Սրբոց Նահատակաց անվանումը:

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման հիմնական աջակիցներն են՝ Վատիկանի Սուրբ Աթոռը, Արևելյան Եկեղեցիների ժողովը, Իտալիայի Եպիսկոպոսների խորհուրդը, ԱՄՆ Կաթողիկե Եպիսկոպոսների խորհուրդը, Ռենովաբիս կազմակերպությունը, Կիրխե Ին Նոթը, Կաթողիկե Եկեղեցու Քյոլնի թեմը, «Աշխատանք Արևելքում» ասոցիացիան, Հռոմի քահանայապետական Լևոնյան վարժարանը, Սուրբ Վլաս եկեղեցին, Կապորալե ընտանիքը Իտալիայից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղադրվել է նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930