Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս-թուրքական խնդիրները խորանալու են». թուրքագետ

Սեպտեմբեր 28,2015 16:48

«Էրդողանի համակրանքը վայելող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը գրեթե շանս չունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավաքել անհրաժեշտ 45-46% ձայները, ինչը նշանակում է, որ Թուրքիան կմտնի նոր փուլ՝ անորոշությունների փուլ»,– այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա, Թուրքիայում նոր փոփոխություններ են հասունանում, այդ մասին հուշում է Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի վարկանիշի անկումը:

Նա խոսեց նաեւ Էրդողանի վարած քաղաքականության մի բաղադրիչի՝ քրդական կուսակցության դեմ շարունակվող պայքարի մասին. «Քանի որ վերջիններս ունեն մեծ ներուժ՝ ավելացել է ոչ միայն նրանց վարկանիշը, այլ նաև ունեն զինված գործողություններ իրականացնելու հնարավորություն: Սա նշանակում է, որ իշխանությունը փորձելու է նրանց հանել քաղաքական պայքարից»:
Հարցին, թե Թուրքիայի ներքին քաղաքականության լարումը ինչ ազդեցություն կունենա հայ համայնքի, Հայաստանի վրա, պարոն Սաֆրաստյանը պատասխանեց.  «Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Թուրքիայի ներքին իրավիճակը սրվում է, զոհերը դառնում են քրիստոնյանները, հատկապես՝ հայերը»:

Նա հիշեց վերջերս Թուրքիայի խոշորագույն թերթերից մեկում տպագրված մի հոդված՝ ասելով, որ այն ամբողջությամբ սադրիչ բնույթ ուներ. «Գրված էր, թե իբր քրդերի հետևում կանգնած են հայերը։ Մինչ օրս կարծես հնարավոր է եղել խուսափել հայկական համայնքի դեմ ագրեսիայից, բայց չի կարելի ասել, թե ինչ կլինի, եթե լարվածությունը մեծանա:  Ներկա փուլում Թուրքիան բավական մեծ գլխացավանք ունի Մերձավոր արևելքում ու հայկական սահմանին սադրիչ գործողություններ չի կարող անել, բայց չեմ բացառում, որ կկարողանա անել Ադրբեջանի ձեռքերով»:

Ռուբեն Սաֆրաստյանը անդրադարձավ նաեւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, ասաց՝ ռուսական զինուժի ու ռազմական տեխնիկայի տտեղադրումը Սիրիայում փոխում է աշխարհաքաղաքական իրադրությունը ոչ միայն Թուրքիայի համար, այլեւ ողջ աշխարհում.  «Ռուսաստանը ոչ միայն վերադառնում է Մերձավոր արևելք, այլեւ տեղի է ունենում Ռուսաստանի ազդեցության ուժեղացում Սիրիայում կատարվող իրադարձությունների վրա, ուժեղանում է Սիրիայի օրինական իշխանությունների վրա ռուսական ազդեցությունը, սա նշանակում է որ Թուրքիայի բաղձալի նպատակը՝ ազատվել Ասադի իշխանությունից, գնալով անիրականանալի են դառնում»:

Նա նաեւ հավելեց, որ Թուրքիայի համար խիստ մտահոգիչ է, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Հայաստանում ու դեռ առաջկայում էլ  կունենա նաև Սիրիայում. «Սա մտահոգիչ է Թուրքիայի ղեկավարության համար, ու նրանք ամեն ինչ արեցին, որ համոզեն Պուտինին հետ կանգնել ծրագրերից, սակայն Էրդողանի ու Պուտինի վերջին հանդիպումից հետո անգամ հաղորդագրություն չեղավ, ինչը նշանակում է, որ ռուս-թուրքական խնդիրները խորանալու են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930