Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց, որ առաջարկվում է հասնել արդյունքի, որ հարկ վճարողը ժամանակի ցանկացած պահին հնարավորություն ունենա առցանց եղանակով տեսնել իր հարկային պարտավորությունները՝ ըստ հարկատեսակի եւ ցանկացած պահի հնարավորություն պետք է ունենա առցանց տեսնել իր միջոցների շարժը. «Այսօր միայն հարկային ծառայողներն են տեսնում հարկ վճարողների հարկային պարտավորությունները»:
Կառավարությունն ուզում է, որ մարդկային գործոնը հարկային պարտավորության հաշվարկման առումով բացառվեն:
Այս փոփոխությունը նախատեսվում է կատարել 2018-ի հունվարի 1-ին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դժգոհեց, որ ինչքան արագ են փոխում հարկային օրենքները, այնքան հաշվապահը չի հասցնում հետեւել օրենքներին եւ բիզնեսը դառնում է շփոթված. «Դուք Շահութահարկի մասին օրենք 1 տարի առաջ ընդունել եք, 3 անգամ անցյալ տարի փոխել եք: Գույքահարկի 16 անգամ եկել եք պառլամենտ՝ փոփոխելու համար, Հաստատագրված հարկերի մասով 26 անգամ եք եկել խորհրդարան, Հարկերի մասին օրենքի փոփոխության համար 50 անգամ եկել եք, Ավելացված արժեքի հարկի օրենքի փոփոխության համար եկել եք 74 անգամ: Ընդհանուր առմամբ 290 փոփոխություն է տեղի ունեցել, ոչ մի հաշվապահ, ոչ մի տնտեսվարող ուղղակի չի կարող հասցնել հետեւել: Չի կարելի տնտեսվարողի հետ այսպես անխիղճ վերաբերվել»:
Կարդացեք նաև
Վախթանգ Միրումյանը համաձայնեց. «Անվիճելի է, որ հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունը խախտում է կանխատեսելիության սկզբունքները»:
Ըստ փոխնախարարի, տարին մեկ անգամ էլ չպետք է փոխեն հարկային օրենսդրությունը, դրա համար արմատական մոտեցումներ են սկսել ամրագրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































